Երեք ամիս առաջ կանխատեսում էինք 6.5 տոկոս տնտեսական աճ, հիմա կարծում ենք՝ 6 տոկոսը չի գերազանցի. Ֆինանսների նախարար

«Վերջին երկու ամիսների ընթացքում եղել է տնտեսական ակտիվության որոշակի նվազում, և մենք 5 տոկոսը գերազանցող տնտեսական ակտիվության դիմաց 9 ամիսների արդյունքներով կուտակային ունենք 4.4 տոկոս:

Դա հիմնականում պայմանավորված է երկու ոլորտներում արձանագրված դանդաղեցմամբ: Առաջին հերթին՝ լեռնահանքային ոլորտում որոշակի կազմակերպություններ արտադրել և արտահանել են ավելի քիչ, քան ըստ կանխատեսումների պետք է անեին, և երկրորդը պայմանավորված է գյուղատնտեսության բնագավառում որոշակի դանդաղեցմամբ»,- ԱԺ նիստում 2022 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ նշեց ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը՝ արձագանքելով ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանի դիտարկմանը, թե վերջին ամիսներին ունենք տնտեսական ակտիվության աճի տեմպի նվազում:

Նախարարի համոզմամբ՝ հանքարդյունաբերության ոլորտում տեմպը կվերականգնվի առաջիկա ամիսներին, սակայն գյուղատնտեսության ոլորտում երկարաժամկետ ծրագրերի կարիք կա:

Լեռնահանքային ոլորտում վերականգնման միտումներին անդրադառնալով՝ Տիգրան Խաչատրյանը պարզաբանեց, որ ոլորտի ձեռնարկություններն ունեն տարվա համար արդյունահանման իրավունքի սահմանափակում և կարող են իրենց բաց թողած իրավունքը վերականգնել վերջին ամիսների ընթացքում:

Թե ինչպիսին է տնտեսական աճի կանխատեսումը տարեվերջի համար՝ պատգամավորի հարցադրմանն ի պատասխան էլ՝ Տիգրան Խաչատրյանը մանրամասնեց. «Եթե հիշում եք, մենք երեք ամիս առաջ խոսում էինք, որ կանխատեսում ենք 6.5 տոկոս տնտեսական աճ, հիմա կարծում ենք, որ դա այդպես չի լինի, այնուամենայնիվ. 6 տոկոսը չի գերազանցի»:

Բաբկեն Թունյանն արձագանքելով՝ փորձեց հստակեցնել՝ հաշվի առնելով հանգամանքը, որ հարկային եկամուտների աճը մեծ մասամբ պայմանավորված է նաև պղնձի խտանյութի արտահանման տուրքով, վստահություն կա՞, որ հաջորդ տարվա ընթացքում խտանյութի արտահանման ծավալները չեն նվազի:

«Եթե իմ զեկույցի ռիսկերի հատվածին վերադառնամ, ես նշեցի, որ արտաքին պայմանները և, մասնավորապես, պղնձի գներն այն գործոններից են, որոնք կարող են էապես ազդել ՀՀ տնտեսության վրա, և, ինչպես Դուք ճիշտ նկատում եք, նաև այն պետական տուրքերի վրա, որոնք կարող են վճարվել արտահանումից:

Ամբողջ աշխարհը սպասում է, որ գները չեն իջնի, բայց ես միշտ նման դեպքերում ասում եմ, որ կանխատեսումներն իրականության հետ քիչ կապ կարող են ունենալ: Հետևաբար, եթե հանկարծ նվազեն գներն այնքան, որ մենք ստիպված լինենք արտահանման պետական տուրքերը նվազեցնել, դա կազդի եկամուտների վրա, բայց եթե այդ չափով միջազգային գները չնվազեն, և մեր սահմանած պետական տուրքերը, որոնք բարձր գնի համար սահմանված տուրքեր են, մնան ուժի մեջ, ապա մենք քանակային առումով շատ կոնսերվատիվ կանխատեսումների հիմքով ենք դրել գումարը»,- ի պատասխան՝ նշեց նախարարը:

Տեսանյութեր

Լրահոս