
2018թ.-ի մասին խոսելու եմ մեկ անգամ և ուղիղ եթերում. Սերժ Սարգսյան
«Կապիտուլյացիան մեկ անգամյա ակտ չէ, մեկ անգամյա գործողություն չէ։ Եթե հետաքրքրվեք պատերազմների պատմությունով, կտեսնեք, որ կապիտուլյացիան շարունակական երևույթ է, և այդ ընթացքը հնարավոր է կասեցնել միայն ու միայն եթե փոխվեն այդ կապիտուլյացիայի պատճառ հանդիսացած և այդպիսի փաստաթուղթ ստորագրած իշխանությունները»,-այսօր դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ շեշտելով, որ եթե այդ կասեցումը լինի, հետո կտեսնեն։
«Երբեք չենք ասել, թե պետք չէ Ադրբեջանի հետ բանակցություններ վարել, իհարկե, պետք է վարել, բայց ոչ՝ կապիտուլյանտի դիրքերից, և ոչ գերագույն ջանք գործադրելով՝ զիջումների առումով՝ իշխանությունը պահելու նպատակով»,-ասաց նա։
168․am-ի հարցին՝ իշխանափոխության համար այս պահին այլընտրանքային օրակարգ կա՞, որովհետև տեսանք, որ Երրորդ նախագահի ուժի կողմից առաջ տարվող իմպիչմենտի գործընթացը կարծես ընդդիմադիր շրջանակներում կոնսոլիդացիայի հարթակ չդարձավ, և փաստացի մարդիկ այսօր պատրաստվում են 2026-ի հերթական ընտրություններին, Սերժ Սարգսյանն այսպես պատասխանեց․ «Չդարձավ, բայց չի նշանակում, որ այդ օրակարգն այսօր գոյություն չունի և չի նշանակում, որ մենք չենք շարունակելու այդ օրակարգով առաջ շարժվել։ Մեր նպատակը դա է, մեր ծրագրի բաղկացուցիչ մասը դա է, եթե ուրիշներն այլ ծրագիր ունեն, մենք հաճույքով կդիտարկենք և կառուցողական մոտեցում կցուցաբերենք։ Առանց փողոցային պայքարի չի կարող լինել անվստահության գործընթաց»։
Հարցին՝ 2026-ի ընտրություններին ՀՀԿ-ն մասնակցելո՞ւ է, եթե այո, ապա ի՞նչ ձևաչափով, նա պատասխանեց․ «Մենք դեռևս այդ մասին որոշում չունենք և այդ մասին չենք մտածում, որովհետև ինչպես քիչ առաջ ասացի՝ մեր օրակարգը անվստահություն հայտնելն է, հետո կերևա»։
Լրագրողը հետաքրքրվեց՝ Սամվել Կարապետյանի ուժի հետ գործակցության եզրեր տեսնո՞ւմ է, ինչին ի պատասխան՝ երրորդ նախագահը նշեց, որ ցանկացած ընդդիմադիր ուժի հետ գործակցության եզրեր տեսնում են, եթե այդ գործակցության ձևերն ու մեթոդներն իրենց համար ընդունելի են․ «Ինչ վերաբերում է պարոն Սամվել Կարապետյանին, ապա բացահայտ պետք է ասեմ, որ Սամվել Կարապետյանին ես եմ խնդրել, որպեսզի ռուսական մեկ այլ ընկերությունից ձեռք բերի ՀԷՑ-ը, որովհետև այն իրոք շատ վատ վիճակում էր, և պետք էր մարդ, ով սրտացավություն ցուցաբերեր, պետք էր մարդ, ով կցանկանար տևական ժամանակ շահույթ չհետապնդել, այլ ներդրումներ անել, ինչը գոնե մինչև 2018թ․ Սամվել Կարապետյանը կատարել է։ Ես չգիտեմ՝ դրանից հետո շարունակվե՞լ է, թեև կարծում եմ, որ շարունակված կլինի»։
Երրորդ նախագահը ՀԷՑ-ի այսպես ազած ազգայնացման գործընթացին վատ է բերաբերբում․ «Ի՞նչ է նշանակում ազգայնացնել, ի՞նչ է նշանակում հապշտապ օրենք ընդունել, էդ օրենքով ինչ-որ նշանակումներ անել, և գնալ այսպես ասեմ՝ ուրիշի սեփականությունտ կառավարել, մարդկանց ազատել, ֆինանսական միջոցներ տնօրինել։ Տեսենենք, համենայնդեպս, արբիտրաժի որոշում կա, դատական պրոցեսներ են լինելու»։
Գործողության նպատակի մասին առաջարկեց գործողության հեղինակին հարցնել, բայց որպես վարկած նա նշեց, որ ընտրական պրոցեսներն էլ կարող են նպատակներից լինել․ «Հսկայական կոլեկտիվ, ռեսուրսներ․․․ ընտրությունների համար դա շատ մեծ նշանակություն ունի»։
Երրորդ նախագահն ասաց, որ սատարում է Սամվել Կարապետյանին և որևէ տեղեկություն չունի, որ Կարապետյանը 2018-ին կանգնել է իշխանության եկածների կողքին։
Հարցին՝ «թեև շատ քննարկվել է, և թևավոր խոսք է դարձել երրորդ նախագահի ասածը՝ Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի, և ինքը բացատրում է, որ համոզվել է, որ Նիկոլ Փաշինյանի համար քաղաքացիների կյանքը կարևոր է, բայց հետո հասկացել է, որ նա ամեն ինչի պատրաստ է գնալ՝ իշխանության հասնելու համար․ Նիկոլ Փաշինյանն իր ելույթներում, իր գործողություններում միշտ էլ ցույց էր տալիս, որ ինքը պատրաստ է ամեն ինչի գնալ հանուն իշխանության, ինչպե՞ս ստացվեց, որ Երրորդ նախագահը վերջում համոզվեց և հրաժարական տվեց, ի՞նչ հույսով էր մտածում, որ Փաշինյանը չի գնա մինչև վերջ», Երորրդ նախագահը հետևյալ կերպ պաատսխանեց․
«Նախ՝ ես արդեն առնվազն երկու անգամ հայտարարել եմ, որ 2018-ի մասին ես այլևս չեմ խոսելու, խոսելու եմ մի անգամ ուղիղ եթերում, և խնդրում եմ՝ լցվեք համբերությամբ և սպասեք այդ ուղիղ եթերին։ Դուք ձեր բոլոր հարցերի պատասխանները կստանաք։ Առավել ևս, որ դուք շարադրեցիք տևական ինչ-որ եզրակացություն և սխալ հետևություն արեցիք։ Ձեր ասածը, կգնաք, ձայնագրությունը կտեսնեք, իրար չի բռնում։ Ես 2018-ի մասին այլևս չեմ խոսելու, խոսելու եմ մեկ անգամ, ուղիղ եթերում։
Անդրադառնալով այն հարցին, որ վաշինգտոնյան գործընթացի ժամանակ Փաշինյանն արձակուրդում էր, Երրորդ նախագահը նկատեց, որ Փաշինյանն այնքան սխալներ և հանցանքներ է գործել, որ չի կարծում, թե դրան պետք է անդրադառնալ։
«Երկրորդ, ես իրավաբան չեմ, իրավաբաններին է պետք հարցնել»,-ասաց նա։
Ինչ վերաբերում է երկու բարձրաստիճան հոգևորականների կալանավորման փաստին և միջազգային կառույցների լռությանը, Սերժ Սարգսյանը հետևյալն ասաց․
«Պատճառները շատ հստակ են, պարզ են, որ այսօրվա Հայաստանի կառավարիչները լիուլի օգտվում են միջազգային կառույցների, առաջին հերթին, եվրոպական կառույցների ընձեռած հովանավորություններից։ Այդտեղ կասկածելու բան չկա։ Ձեր հարցի իմաստը, խնդիրն ինչո՞ւմն է։ Չի երևո՞ւմ, որ այդպես է։ Այդ մասին Արմեն Աշոտյանին կհարցնեք, ինքը շատ երկար կպատասխանի»։
Նա հավելեց, որ իր մտքով չի անցել իր ընդդիմախոսներին լռեցնել։
Հարցին՝ առանց Ռոբերտ Քոչարյանի ուժի աջակցության ինչպե՞ս են իմպիչմենտի հարցն օրակարգում պահելու, Երրորդ նախագահը պատասխանեց․ «Ես առնվազն երկու անգամ խնդրել եմ, որ ինձ Ռոբերտ Քոչարյանի մասին հարցեր չտաք․ Ռոբերտ Քոչարյանին հանգիստ թողեք։ Ինչ վերաբերում է իմպիչմենտին, մենք շարունակելու ենք։ Իսկ ո՞վ կարող է բացառել, որ միացողներ կլինեն։ ԱՄՆ նախագահ Ռուզվելտի տիկնոջն են վերագրում այն միտքը, որ ավելի լավ է մի մոմ վառել, քան հավերժ անիծել խավարը։ Այսինքն՝ ավելի լավ է մի ստորագրություն դնել, քան թե հավերժ անիծել այս իշխանություններին։ Ով դա չի ընկալում, իր գործն է, դա մեր համոզմունքն է։ Թույլ տվեք՝ մենք մեր համոզմունքով առաջ գնանք։ Չենք հաջողի՝ չենք հաջողի»։
Նա հավելեց, որ եթե կոնսոլիդացիա լինի, հնարավորությունը հասնում է 100 տոկոսի։
Մանրամասները՝ տեսանյութում