
Սամվել Կարապետյանին ես եմ խնդրել, որ ռուսական մեկ այլ ընկերությունից ձեռք բերի ՀԷՑ-ը. Սերժ Սարգսյան
Գործարար, բարերար, «Տաշիր» ընկերությունների խմբի, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ սեփականատեր Սամվել Կարապետյանի ստեղծած քաղաքական նոր ուժի հետ, հնարավոր է գործակցելու եզրեր գտնել։ Դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
«Մենք ցանկացած ընդդիմադիր ուժի հետ գործակցելու եզրեր տեսնում ենք, եթե այդ գործակցության ձևերն ու մեթոդները մեզ համար ընդունելի են։ Ինչ վերաբերում է Սամվել Կարապետյանին, ապա ես պետք է բացահայտ ասեմ, որ նրան ես եմ խնդրել, որ ռուսական մեկ այլ ընկերությունից ինքը ձեռք բերի ՀԷՑ-ը, որովհետև էլեկտրական ցանցերն իրոք շատ վատ վիճակում էին, և պետք էր մարդ, ով սրտացավություն կցուցաբերեր, պետք էր մեկը, ով կցանկանար տևական ժամանակ շահույթ չհետապնդել, այլ ներդրումներ անել, ինչը գոնե մինչև 2018 թվականը Սամվել Կարապետյանն արել է»,- ասաց Սերժ Սարգսյանը։
Ինչ է եղել 2018-ից հետո՝ ՀՀ երրորդ նախագահը չգիտի, բայց կարծում է, որ Կարապետյանը պետք է շարունակած լիներ ներդրումները։
Ինչ վերաբերում է «Հայաստանի էլեկտրական ցանցերի» ազգայնացման գործընթացին՝ Սերժ Սարգսյանը դրան միանշանակ վատ է վերաբերվում։ Չի հասկանում, թե ինչպես կարելի է հապշտապ օրենքներ ընդունել, գնալ և ուրիշի սեփականությունը կառավարել, մարդկանց աշխատանքից ազատել, ֆինանսական միջոցներ տնօրինել։
Անդրադառնալով այս ամենի նպատակին՝ Սերժ Սարգսյանն առաջարկում է գործողության հեղինակին հարցնել, միաժամանակ չի բացառում, որ ընտրություններին ընդառաջ իշխանություններն ընտրական ռեսուրսի կարիք ունեին, իսկ ՀԷՑ-ը մեծ թվով աշխատակիցներ ունի։
Սերժ Սարգսյանը շեշտեց՝ միանշանակ սատարում է Սամվել Կարապետյանին։