ՀՀ-ից ՌԴ պտուղ-բանջարեղեն, ծաղիկ տեղափոխելիս պետք է պահպանել ԵԱՏՄ պահանջները․ ՍԱՏՄ

Հայաստանից Ռուսաստան բուսասանիտարական հսկողության ենթակա բեռներ տեղափոխելիս պետք է խստորեն պահպանել ԵԱՏՄ և ՌԴ օրենսդրության պահանջները, իրականացնել հարկային պարտավորությունները՝ բեռների տեղափոխման սահմանափակումներից խուսափելու համար։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը՝ առաջարկելով տեղեկատվությունը փոխանցել նաև Ռուսաստանի Դաշնության իրենց գործընկերներին։

Մանրամասնում են՝ խոսքը վերաբերում է Հայաստանից Ռուսաստան արտահանվող պտուղ-բանջարեղենին, ծաղիկներին, սերմանյութին, տնկանյութին և այլն։

Տեսչական մարմինը հիշեցնում է՝ ըստ գործող կարգավորման՝ ԵԱՏՄ տարածքում նշանակման վայրերում բեռները ենթակա են կարանտինային բուսասանիտարական հսկողության։

«Ըստ այդմ՝ Ռուսաստանի Դաշնության ձեր գործընկերները պարտավոր են Ռուսաստանի Դաշնության անասնաբուժության և ֆիտոսանիտարական վերահսկողության դաշնային ծառայությանը (Ռոսսելխոզնադզոր) 1 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնել նշանակման վայր բեռի ժամանման մասին, որպեսզի Ռոսսելխոզնադզորի աշխատակիցները հնարավորություն ունենան բեռի ժամանման վայրում իրականացնել կարանտինային բուսասանիտարական վերահսկողություն»,- հայտնում են ՍԱՏՄ-ից։

Հակառակ պարագայում Ռոսսելխոզնադզորն իրավունք ունի առաջարկել ՍԱՏՄ-ին բուսասանիտարական սերտիֆիկատներ չձևակերպել խախտում թույլ տված ընկերությունների անունով։

Միաժամանակ ՍԱՏՄ-ն տեղեկացնում է, որ սեպտեմբերի 1-ից և՛ Հայաստանի Հանրապետությունում, և՛ Ռուսաստանի Դաշնությունում ուժեղացվելու է հսկողությունը օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ։ Խախտում թույլ տված ընկերությունների նկատմամբ կիրառվելու են օրենսդրությամբ սահմանված պատասխանատվության միջոցներ։

Տեսանյութեր

Լրահոս