«Դրանով ուղղակի Հայաստանի բնության վերջն ենք դնում». Կարինե Դանիելյան

Բնապահպանության ոլորտում 2012-ին Հայաստանն ունեցել է որոշ ձեռքբերումներ. դրանց հասել են հիմնականում երիտասարդ բնապահպան ակտիվիստները: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց բնապահպան, Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության խորհրդին առընթեր Բնապահպանական հանձնաժողովի նախագահ Կարինե Դանիելյանը:

««Խոսրովի անտառ» արգելոցի վերաբերյալ կառավարությունն իր որոշումը հետ վերցրեց և վերականգնեց  «Խոսրովի» արգելոցի ամբողջականությունը, Թռչկանի խնդիրը լուծվեց, քաղաքապետարանում ստեղծվել է էկոլոգիական հանձնաժողով,  բայց դեռ չեմ կարող ասել, որ մենք լիարժեք ազդում ենք որոշումների ընդունման գործընթացին»,- ասաց Կարինե Դանիելյանը:

Ըստ նրա՝ Հայաստանում այսօր ամենամեծ խնդիրը կապված է հանքարդյունաբերության հետ. «Մենք այս առումով դեռ լուրջ ազդեցություն չենք ունեցել, հարցը բարձրացրել ենք և՛ նախագահի մոտ, և՛ քննարկել ենք հանրային խորհրդում: Հարցն ընթացքի մեջ է, և կարծես ինչ-որ լուծումների առաջարկներ իշխանության կողմից արդեն քննարկվում են, ինչ-որ հայեցակարգ մշակվել է, պետք է քննարկենք, տեսնենք, որովհետև անկախ նրանից՝ անտա՞ռ է, թե՞ ոչ, կուրորտային տարա՞ծք է, թե՞ ոչ, առողջարա՞ն է, ամեն տեղ քանդելով գնում ենք: Դրանով ուղղակի Հայաստանի  բնության վերջն ենք դնում: Կարծում եմ՝ սա այն հիմնական խնդիրն է, որը պետք է լուծենք 2013-ին: Իհարկե, կան նաև այլ խնդիրներ»: Կարինե Դանիելյանի խոսքով՝ սկզբնական շրջանում շատ ուրախալի էր փոքր ՀԷԿ-երի ծրագրի մշակումը, բայց ստացվեց այնպես, որ դրանց նախագծերն այնպես են իրականացվում, որ դրանք վնաս են հասցնում էկոհամակարգերին:

«Ձկանը վնասում են, ձուկը չի կարողանում շարժվել, գյուղերից ջուրը կտրում են: Այդ բոլորը չպիտի լիներ, փորձաքննության ընթացքում այդ հարցերը պետք է լուծվեին, որոնք չեն լուծվում, հետո արդեն տեսնում ենք բնությանը հասցված վնասները և վտանգները: Իհարկե, դեռ շատ-շատ ճանապարհ ունենք անցնելու»,- նշեց Կարինե Դանիելյանը:

Կարդացեք նաև

Նրա խոսքով՝ իր համար մինչև հիմա առեղծված է մնացել՝ երաշտ լինելու պատճառաբանությամբ 2012թ. Սևանա լճից կատարված բացթողումները, որոնք, ըստ Կարինե Դանիելյանի՝ մեծ հարված էին լճի համար. «Տարբեր վարկածներով բացատրություններ եղան, բայց ոչ մեկը, համենայնդեպս, ինձ լիարժեք չի համոզել: Բայց ինստիտուտների հետ կատարած մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ լիճը կամաց-կամաց իր էկոհամակարգը վերականգնում է, և դա շատ լավ է: Իհարկե, այնտեղ դեռ շատ աշխատանքներ պետք է կատարվեն: Ակնհայտ է նաև ափամերձ տարածքների ճահճացումը՝ չնայած դա բնական պրոցես է: Ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ ափամերձ տարածքներում ճահճացման ցուցանիշներ կան, բայց լճի կենտրոնական մասերում ջրի աննախադեպ ինքնամաքրում է գնացել, որը մենք շատ վաղուց չէինք տեսել: Որոշ անտառներ մնացել են ջրի տակ. դրանք պետք է մաքրել:

Երկրորդ խնդիրն այն է, որ մենք չենք կարողանում լիճը բարձրացնել մինչև այն մակարդակը, որ նախկինում եղել է. դա բացառվում է: Լավ կլիներ, որ անեինք, բայց այնտեղ արդեն բնակավայրեր են: Տեղեր կան, որ կիլոմետրերով ջուրը տարածվում է, և դրանք դառնում են ճահճուտներ: Հանձնաժողովը հիմա քննարկում է հարցը՝ արդյոք կարելի՞ է այդ տեղերում ափերի ամրացում կատարել, որպեսզի ջուրն այդպես չտարածվի»:

Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության խորհրդին առընթեր Բնապահպանական հանձնաժողովի նախագահը բարձր գնահատեց նաև ազգային պարկերի ձևավորումը, սակայն, ըստ նրա, խնդիր է՝ այդ տարածքները, իրոք, պահպանվո՞ւմ են, թե՞ դա մնում է միայն թղթի վրա. «Լավ է, որ ստեղծել են, խնդիր չկա, խնդիրը միայն այն է, որ իրոք իրականացվի այն ռեժիմը, որը նախատեսված է»:

Տեսանյութեր

Լրահոս