«Երբ մարդիկ տառապում են ներկայում, նրանք չեն մտածում ապագայի մասին»․ Նուբար Աֆեյան

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Դիլիջանում անցկացվող «Մտքերի հայկական երրորդ գագաթնաժողով»-ի շրջանակում «Ապագայի զրույցներ» խորագրով քննարկում է ունեցել ամերիկյան «Moderna» ընկերության համահիմնադիր և նախագահ, Flagship Pioneering ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Նուբար Աֆեյանի հետ:

Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից: Արմեն Սարգսյանի և Նուբար Աֆեյանի զրույցն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև:

Նախագահ Արմեն Սարգսյան – Ուրախ եմ այս քննարկման համար, սակայն ցավում եմ, որ չկարողացաք գալ Դիլիջան՝ անձամբ ներկա լինելու «Մտքերի հայկական երրորդ գագաթնաժողով»-ին: Հուսով եմ՝ կկարողանաք գալ հաջորդ տարի՝ սեպտեմբերին, STARMUS-ի հետ համատեղ կազմակերպվելիք գագաթնաժողովին:

Ցանկանում եմ լսել Ձեր կարծիքը մի քանի թեմաների վերաբերյալ: Դրանցից մեկը նորարարությունների դերակատարումն է: Ժամանակները փոխվել են: Եթե գիտության, տեխնոլոգիաների պատմության մեջ մենք ունեցել ենք արդյունաբերական հեղափոխություններ, և մարդիկ տևական ժամանակ օգուտներ էին քաղում այդ հեղափոխություններից, իմ կարծիքով, հիմա հեղափոխությունները գրեթե ամեն օր են տեղի ունենում: Եվ այս ամենի հիմքում նորարարությունն է: Կցանկանայի լսել, թե ինչպես է այս նորարարությունը տրանսֆորմացիայի ենթարկում աշխարհը, և ինչպես է ինքը՝ նորարարությունը, ենթարկվել տրանսֆորմացիայի: Այսօրվա նորարարությունը տարբերվում է 10-20 տարի առաջվա նորարարությունից:

Նուբար Աֆեյան – Նախ և առաջ, պարոն նախագահ, շնորհակալ եմ, հրավերի համար: Ցավում եմ, որ չկարողացա անձամբ ներկա լինել: Այն ամենը, ինչ անում եք այսօր, մեծապես առնչվում է նաև իմ ոլորտին:

Նորարարության հիմնական գործառույթն է՝ դառնալ որևէ գործընթացի կամ առարկայի բարելավված տարբերակը, որն օգտակար կլինի այն մարդու համար, ով դա կիրառում է: Դա առաջընթացի շարժիչ ուժն է: Կարծում եմ՝ մարդկային վիճակի անբաժան մասն է նորարարությունների գնալը, բարելավվելը: Սակայն նորարարությունն ավելի ու ավելի շատ վերածվել է ապրանքի:

Կա նորարարությունների բազային մակարդակ: Ի տարբերություն նորարարությունների բազային մակարդակի, մենք իրական կարիք ունենք բեկումնային նորարարությունների: Կարիք ունենք երևույթների, որոնք որոշակի տարածքում իսկապես կփոխեն հնարավորությունների կորը: Եվ դրանք իրենց բնույթով թվում են անկանխատեսելի և պատահական։

Եթե իսկապես փորձում ես մտածել բեկումնային նորարարությունների մասին, դու պետք է նայես ապագային, այլ ոչ թե առաջնորդվես ներկայով: Պետք է աշխատել այն ուղղությամբ, թե ինչ է լինելու, այլ ոչ թե արդեն իսկ գոյություն ունեցող ուղղությամբ:

Նախագահ Արմեն Սարգսյան – Իսկ ի՞նչ կարող եք ասել COVID-ի մասին: Երբ ասում ենք COVID, մեզնից շատերը մտածում են Ձեր մասին, հնարավոր է՝ «Moderna»-ի, պատվաստվելու պատճառով: COVID-ը, որպես համաշխարհային իրադարձություն, որևէ ազդեցություն ունեցե՞լ է նորարարությունների զարգացման գործընթացներում, օգնե՞լ է, թե խանգարե՞լ:

Նուբար Աֆեյան – Կարծում եմ՝ համավարակն, ընդհանուր առմամբ, էական ազդեցություն ունեցել է և կունենա…

Նախագահ Արմեն Սարգսյան – Այն արագացուցիչ է:

Նուբար Աֆեյան – Ինչ-որ առումով այն արագացուցիչ է, սակայն, նաև որոշակիորեն դանդաղեցրել է որոշակի ոլորտների աշխատանքը, նույնիսկ դեղագործական արդյունաբերության: Իհարկե, համավարակի դեմ պայքարի համար պատվաստանյութերի պատրաստման, ախտորոշումների ոլորտում ահռելի արագացում եղավ, քանի որ ժամանակը սկսվեց տարբեր կերպ արժևորվել՝ պայմանավորված մարդկային կյանքերի կորստով: Համավարակի պարագայում, երբ մեկ օրվա ընթացքում հազարավոր մարդիկ սկսեցին մահանալ, շատերը ասացին, որ պետք է արագացնել և զուգահեռաբար փորձարկումներ անել, 6 ամիս չսպասել յուրաքանչյուր քայլից առաջ: Դեղագործական ոլորտում վատն այն է, որ մնացած հիվանդությունների կլինիկական փորձարկումները դադարեցվել կամ դանդաղել են:

Համավարակը մեծապես դանդաղեցրել է դեղորայքի պատրաստման, կլինիկական գործընթացները: Նման համավարակները և՛ տալիս են, և՛ վերցնում են, և այս դեպքում, կարծում եմ, որ այն հավասարապես տվել և վերցրել է:

Նախագահ Արմեն Սարգսյան – Նորարարությունների ոլորտում տեղի ունեցող գործընթացն այս նոր աշխարհում դասական չէ, և ես նախընտրում եմ այն անվանել քվանտային: Այն քվանտային է, քանի որ դու չես գնում Ա-ից դեպի Բ, այլ՝ գնում ես դեպի ապագա, և հետո, հնարավոր է, հաշվարկում ես հավանականությունը, թե ինչպես հասնել այնտեղ՝ հնարավոր բոլոր ճանապարհներով: Անշուշտ, նորարարությունը մեկ կոնկրետ ոլորտում մեկուսացված չէ: Այս քվանտային աշխարհը կամ այս արագորեն զարգացող աշխարհը զարգանում է ոչ միայն կենսատեխնոլոգիաների, դեղագործության ոլորտներում, այլ նաև արհեստական բանականության, ՏՏ և շատ այլ բնագավառներում:

Քանի որ Դուք այս ամենի մեջ եք, ըստ Ձեզ, ինչպե՞ս են այս ոլորտները միասին աշխատում, այլ ոլորտների զարգացումները կամ այլ նորարարությունները ինչպիսի՞ ազդեցություն են ունենում Ձեր ոլորտի ՝ կենսատեխնոլոգիաների ու դեղագործության վրա:

Նուբար Աֆեյան – Մեր նորարարության մեթոդաբանությունը, որը վերջերս ենք ձևակերպել որպես այդպիսին, հիմնված է այն բանի վրա, որ դու պետք է բազմաթիվ լուծումներ գտնես, հնարավոր դեպքեր կանխատեսես և թողնես, որ դրանք մրցակցեն՝ օպտիմալ տարբերակ գտնելու համար: Դա է արագ առաջընթաց գրանցելու ճանապարհը, այն պետք է նաև լինի մարդակենտրոն, ծրագրված: Աշխարհում մարդիկ են դարձել պատասխանների հիմնական շարժիչները, և նպատակաուղղված մարդիկ արժեքավոր են: Ամենամեծ տեխնոլոգիական առաջխաղացումներից մեկը, ըստ էության, արհեստական բանականությունն է ու մեքենայական ուսուցումը:

Նախագահ Արմեն Սարգսյան – Եթե ցանկանում ես հասկանալ, թե ինչ է կատարվում մեխանիկայի կամ քվանտային մեխանիկայի աշխարհում, կենսաբանության ոլորտում, որն, ըստ էության, կրկին, ինչպես նշեցիք, քվանտային մեխանիկան է, ապա պետք է բոլոր հնարավոր տարբերակները դիտարկես: Անշուշտ, այդ նույն գաղափարը հնարավոր է կիրառել ոչ միայն քվանտային մեխանիկայում, կենսաբանության, արհեստական բանականության ոլորտներում, այլև մեր սոցիալական վարքագծում:

Իմ երրորդ և վերջին հարցով ցանկանում եմ Ձեզ դիմել որպես հայի. Դուք ապրում եք Սփյուռքում , իսկ ես ապրում եմ Հայաստանում։ Հայաստանը փոքր երկիր է, ունի շատ ավելի մեծ սփյուռք: Մենք բոլորս տեսլական կամ երազանք ունենք՝ Հայաստանը դարձնել գլոբալ նորարարությունների կենտրոն: Դա է հիմնական ճանապարհը, որպեսզի մեր երկիրը զարգանա, ավելի ուժեղ լինի և իր ներդրումն ունենա աշխարհում: Պատմությունն ապացուցել է, որ Հայաստանը կարող է շատ նորարար լինել: Դուք մեկն եք պատմության ապացույցներից, որ հայկական միտքը կարող է լինել նորարար: Եվ ավելի քան բնական է՝ փորձել Հայաստանը դարձնել նորարարական կենտրոն:

Ո՞րն է առաջ գնալու ճանապարհը: Արդյոք այն լինելու է դասական, թե մենք կրկին պետք է ավելի քվանտային մտածենք՝ Հայաստանը Ա կետից, որտեղ գտնվում ենք, տանելու դեպի ցանկալի Բ կետ, որտեղ այն լինելու է շատ ավելի ուժեղ և նորարարությունների կենտրոն:

Նուբար Աֆեյան – Կարծում եմ, որ որքան ավելի փոքր ես, այնքան նորարարությունն ավելի շատ է քեզ համար դառնում ելքի ուղի:

Մեր ամենամեծ մարտահրավերը մեր մտածելակերպն է: Գուցե սա անվանենք Մտածելակերպերի գագաթնաժողով, քանի որ այստեղ, ցավոք, մենք ունենք լուրջ հակամարտություն: Անշուշտ, մարտահրավերը կապված է ապագայի հետ:

Թույլ տվեք բերել հետևյալ օրինակը. երբ մարդիկ տառապում են ներկայում, մարդկային բնույթից ելնելով՝ նրանք չեն մտածում ապագայի մասին: Անգամ, երբ ներկայիս խնդիրների լուծումը հաճախ ի հայտ է գալու ապագայից: Եվ քանի դեռ ժամանակ չես հատկացնում, որ ապագան ինչ-որ կերպ միջամտի ներկային, այդպես էլ մնալու ես ներկայի մեջ: Վերջին շուրջ 20 տարիների ընթացքում Հայաստանում զարգացման ծրագրերի մեջ ներգրավվելով՝ ես եկել եմ այն մտքին, որ այս երկու մտածելակերպերը, ցավոք, հակասում են իրար: Բնական է, որ բնակվելով Սփյուռքում, հայերը, նախ, հասանելիություն ունեն շատ տարբեր մտածելակերպերի և, երկրորդը, չեն տառապում երկրի այդ օրվա խնդիրներով: Հետևաբար, նրանք բնական կերպով արդեն հարցերին մոտենում են այդ տեսանկյունից:

Հարցը հետևյալն է՝ արդյոք հնարավոր է մտավոր, սոցիալական տարածք նման մտածելակերպի համար, որպեսզի նրանք կարողանան պահպանել իրենց գոյությունը, որպեսզի բույսերը կարողանան արմատավորվել պարտեզում, թե՞ հողը նրանց մշտապես կմերժի՝ հասկանալի պատճառներից ելնելով:

Չեմ ցանկանում մտնել քաղաքական հարցերի մեջ, սակայն մարդիկ ընտրում են կառավարություններին՝ ելնելով այն մտքից, թե ինչ կարող են դրանք անել իրենց համար այսօր և ցավոք, ոչ նրա համար, թե ինչ են անելու վաղը: Եվ եթե այսօրվա համար միակ լուծումը կենտրոնանալն է նրանց վրա, ովքեր հետաքրքրված են միայն այս օրով, շատ բարդ է պատկերացնել…

Նախագահ Արմեն Սարգսյան – Քաղաքականությունը խոստումների արվեստ է:

Նուբար Աֆեյան – Ցավոք, դրանք անիրատեսական խոստումներ են այսօրվա մասին: Այդ խոստումները կարող են շատ ավելի իրատեսական լինել, եթե որոշ ժամանակ հատկացվի դրանց: Սակայն ժամանակը սովորաբար գերազանցում է ընտրությունների ցիկլը: Սա մի հարց է, որտեղ մենք՝ որպես հայեր, պետք է հետ գնանք հազարավոր տարիների պատմության մեջ և գտնենք ճանապարհ՝ նստելու սեղանի շուրջ ու հասկանալու, թե ինչպես կարող ենք տարբեր տեղերում բնակվող հայերին ստիպել հավատալու վերածնված Հայաստանի ու հայերի գաղափարին, և ինչպես միավորել հնարավորությունները, որոնք կարող են ի հայտ գալ ապագայում, հետահայաց մտածելակերպից: Միայն դրանից հետո, կարծում եմ, նորարարությունը կդառնա առաջընթացի գործիք, միայն դրանից հետո կարելի է ակնկալել համագործակցություն: Սա է այն մեծ մարտահրավերը, որի առջև բոլորս կանգնած ենք:

Նախագահ Արմեն Սարգսյան – Ես լիովին համամիտ եմ, որ այսօրվա խնդիրների լուծումն ապագայում է։ Եվ որպեսզի այսօր լուծենք մեր խնդիրները, մենք պետք է շատ աշխատենք և կենտրոնանանք ապագայի վրա: Հակառակ դեպքում, եթե կանգ առնենք միայն այսօրվա վրա, մենք երբեք դա չենք անի: Այսօրն ավելի կապված է անցյալի, քան ապագայի հետ: Համաձայն եմ, որ պետք է այսօրվա խնդիրները լուծելու համար կենտրոնանանք վաղվա վրա, աշխատենք վաղվա օրվա համար, զարգացնենք տարբեր ուղղություններ վաղվա համար:

Ես նաև համաձայն եմ այն հարցում, որ Հայաստանում և Հայաստանից դուրս ապրելը երկու տարբեր մտածելակերպ է ենթադրում: Դրսում բնակվելը բացում է հնարավորություններ, նոր մտածելակերպեր: Հենց այդ պատճառով էլ, երբ այսօր խոսում ենք Հայաստանի մասին, մտածում ենք երկու մոդելի մասին: Մեկը փակ մոդելն է, որը գերիշխում է այսօրվա Հայաստանում: Իսկ մյուսը բաց մոդելն է, որի դեպքում մենք պետք է աշխատենք աշխարհի և մասնավորապես հայկական Սփյուռքի հետ:

Որպես Հանրապետության նախագահ, ես աշխատում եմ Սահմանադրությունը փոխելու ուղղությամբ, որը թույլ կտա նաև Ձեզ, հարգելի Նուբար, որպես Հայաստանի անձնագիր ունեցող հայի, ցանկացած պահի գալ և ծառայել երկրին՝ բերելով ոչ միայն Ձեր ունեցած գիտելիքը, փորձառությունը, այլև մտածելակերպը, որը գլոբալ է: Ահա, թե ինչի կարիք ունի մեր երկիրը:

Նուբար Աֆեյան – Ես ողջունում եմ Ձեր այդ նախաձեռնությունը, կարծում եմ՝ դա կարևոր քայլ է: Ինձ նման հազարավոր մարդիկ կան, ովքեր բոլորն էլ ունեն նույն իդեալիստական մտածելակերպը՝ ունենալ ավելի լավ հայկական պետություն։ Սակայն ինչ-որ չափով նրանց գործողությունները սահմանափակված են:

Այս ամենը մեծապես կապ ունի նաև հավատի հետ: Ես մշտապես մարդկանց ասում եմ, որ մեծ առաջընթացը նախ և առաջ հավատի թռիչքն է: Իսկ հավատի թռիչքները նախ և առաջ հիմնված են այն համոզմունքի վրա, որ նման թռիչք կատարելով՝ կհայտնվես ավելի լավ վայրում: Այդ հավատը սնվում է մարդու կարողությամբ՝ պատկերացնելու և հավատալու նրան, ինչ պատկերացնում ես: Եթե չկարողանաս հավատալ նրան, ինչ պատկերացնում ես, ապա նախ՝ կլինես ընկճված վիճակում և, երկրորդը, չես կարող առաջընթաց ունենալ: Ուստի, պատմականորեն հավատի խորը արմատներ ունեցող երկրի համար բնազդներից մեկը պետք է լինի հավատալն ապագային: Մենք պետք է գտնենք դա մեր պատմության, մեր մշակույթի մեջ, որպեսզի կարողանանք կրկին հավատալ ավելի լավ ապագային:

Տեսանյութեր

Լրահոս