Ռեկո՞րդ, թե՞ հակառեկորդ. Գյուղատնտեսներն ահազանգում են կարտոֆիլի արտահանմանը հաջորդող խնդիրների մասին
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հերթական ռեկորդի մասին է խոսել:
«Այս տարի, կարելի է ասել, կարտոֆիլի արտահանման ռեկորդ ենք խփել, 30.000 տոննա կարտոֆիլ է արդեն արտահանվել Հայաստանից, այսպիսի թիվ երբեք չի եղել անկախ Հայաստանի պատմության ընթացքում․․․ Պետք է հասկանալ, որ Հայաստանը փակ, առանձին երկիր չէ, և հաղորդակից անոթներով միացած է նաև մեր հետ նույն տնտեսական մաքսային միության մեջ գտնվող երկրների հետ, եթե այդ երկրներում պահանջարկն աճում է, դա անդրադարձ է ունենում նաև մեր տեղի արտադրանքի գների վրա․․․»,- ասել է նախարարը:
Գյուղատնտեսներին, սակայն, մտահգում է այս «ռեկորդը». Նրանք նշում են՝ արտահանման այդ ծավալները բերքատվության ցածր պայմաններում խնդրահարույց են:
Գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանի կարծիքով, օրինակ, ձմռան ամիսներին ականատես ենք լինելու պարենային ապահովության խնդիրների՝ հենց կարտոֆիլի հետ կապված:
«Այսօր արդեն հանրապետությունում այս ժամանակահատվածի համար գրանցվել են կարտոֆիլի ռեկորդային գներ՝ մեծածախ և մանրածախ շուկայում, սուպերմարկետներում,- 168.am-ի հետ զրույցում ասաց Աշոտ Հարությունյանը, ապա այս համատեքստում անդրադառնալով նախարարի հնչեցրած ռեկորդին՝ հավելեց,- Դա ինձ՝ որպես արտադրողի, չի ուրախացնում, որովհետև կարտոֆիլի այս տարվա բերքատվությունը միջինց ցածր եղել: Երեկ Գեղարքունիքում հանդիպել եմ ֆերմերի, որը խայտառակ քանակությամբ բերք է ստացել երաշտի պատճառով: Էլ չեմ ասում՝ Շիրակի մարզում, որտեղ նաև ոռոգման ջրի խնդիրներն են ազդել բերքատվության վրա:
Ի՞նչ է իրականում տեղի ունեցել. այս պահի դրությամբ կարտոֆիլի պահանջարկ կա ՌԴ-ում, որովհետև ոչ բարենպաստ պայմաններ են եղել կարտոֆիլի համար, և կարտոֆիլի մեծ քանակություն արտահանվել է ՌԴ բավականին բարձր գին ունենալու պատճառով: Նշանակում է՝ հանրապետության ունեցած պակասը չգիտենք՝ ինչպես ենք լրացնելու»:
Գյուղատնտեսը հիշեցնում է՝ բերքատվության վրա ազդող գործոնները մի քանիսն են եղել՝ գարնանը կրճատված ցանքատարածքները, ջրի ոչ ճիշտ կառավարումը, երաշտը:
Ի դեպ, նրա տեղեկություններով՝ մի քանի օր առաջ հանրապետությունում կարտոֆիլի արտահանումը դադարել է. «Վրաստանից էին կարտոֆիլ արտահանում, բայց իմ ունեցած տվյալներով՝ Վրաստանի կառավարությունը փակել է արտահանումը, որովհետև գիտի՝ խնդիր է ունենալու: Եվ հետևաբար՝ շուտով նորից ակտիվանալու է Հայաստանից արտահանումը»:
Գյուղատնտեսության նախկին փոխնախարարը նկատեց, որ խնդրահարույց իրավիճակը կձգվի մինչև գարուն. կլինեն տնկանյութի խնդիրներ. «Գինը բարձր է, իսկ պրակտիկան ցույց է տվել, որ մարդիկ նույնիսկ սերմացու-տնկանյութը պարենի տակ վաճառում են, որովհետև պարտքեր ունեն»:
Վահան Քերոբյանի հնչեցրած մյուս թվերին ևս մեր զրուցակիցը թերահավատորեն մոտեցավ. «Թող բարի լինեն ուրախանալ ոչ թե արտահանված պտուղ-բանջարեղենով, որում իրենց լուման չկա (քանի որ տարիներ շարունակ այդ մարդիկ կազմակերպել են արտահանումը, ու չկա այնպիսի գործիքակազմ, որ այս տարի խրախուսել է դա. ընդամենը գների խնդիր է, իսկ դրսում պահանջարկ կա), այլ թող ասեն՝ հանրապետությունում աշնանացան ցորենի ցանքերի թիվը վտանգավորության աստիճանի է հասել. ի՞նչ են արել, անասնակերի խնդիրն ինչպե՞ս փակեցին, դաշտերում մկները վխտում են, խաղողի մշակումը, որը մեր գյուղատնտեսության ճյուղերից էր, տապալվեց… թե չէ՝ մեկ մեքենա ավել վարունգ է գնացել, չորս մեքենա պակաս՝ ծաղիկ, դա էական չէ. խնդիրները համակարգային են: Ուղղակի երկու-երեք թիվ լսում են, ուրախանում են…»:
Հիշեցնենք՝ նախարարը նշել էր, որ այս տարի շուրջ 180.000 տոննա թարմ գյուղմթերք է արտահանվել անցյալ տարիների՝ 145.000 և 142.000 տոննայի նկատմամբ: