«Այս տարի կարտոֆիլի արտահանման ռեկորդ ենք խփել․ գնաճը խժռում է մեր արած աշխատանքի մեծ մասը»․ Վահան Քերոբյան
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում, պատասխանելով հարցին, թե կառավարությունը և մասնավորապես Էկոնոմիկայի նախարարությունն ի՞նչ մեխանիզմներ են պատրաստվում կիրառել, որպեսզի Հայաստանում հնարավորինս «հանդուրժելի» դարձնեն գնաճը։
«Ընդհանուր գնաճը 8.9 տոկոս է, բայց սննդամթերքի համար, իհարկե, ավելի բարձր։ Մենք, իհարկե, շատ անհանգստացած ենք, որովհետև մեր աշխատանքի արդյունքը պետք է լինի մարդկանց ավելի լավ ապրելը, իսկ գնաճը, կարելի է ասել՝ խժռում է մեր արած աշխատանքի մեծ մասը, որի դեմ մենք, իհարկե, պետք է պայքարենք, պետք է փորձենք զսպել գնաճն այն գործիքներով, որոնք մեր տնօրինման տակ են»։
Քերոբյանի խոսքով՝ Կենտրոնական բանկը ևս իր գործիքակազմը կիրառում է, սակայն այդ գործիքակազմը երբեմն սկսում է վտանգել տնտեսության մեզ համար շատ կարևոր ճյուղերը, մասնավորապես՝ արտահանումը։
«Գիտեք, որ արտարժույթի փոխարժեքը վերջին մի քանի տարվա ամենացածր կետի վրա է, և դա մեզ և մեր արտահանողներին շատ է անհանգստացնում։ Այսինքն՝ մենք գնաճի դեմ պայքարում ԿԲ-ի հետ համագործակցության արդյունքում նաև ակնկալում ենք, որ ԿԲ-ն չի թողնի, որ տնտեսության այն ճյուղերը որ կարևոր են մեզ համար, վտանգվեն»։
Ինչ վերաբերում է գործիքակազմին, թե նախարարությունն ինչպե՞ս է պայքարում գնաճի դեմ, նախարարն ասաց, որ անընդհատ կոնսուլտացիաների մեջ են գործընկեր երկրների հետ․
«Խոսքն առաջին հերթին վերաբերում է ԵԱՏՄ մեր գործընկեր երկրներին, բայց նաև Ուկրայինային, Հարավ-Ամերիկյան երկրներին և այլ երկրներին, որպեսզի մենք կարողանանք ՀՀ տնտեսվարողներին ապահովել ցածր գներով կամ նորմալ գներով ապրանքներով կամ հումքերով, որը թույլ կտա մեղմել գնաճը․․․»։
Լրագրողները նախարարից հետաքրքրվեցին՝ այդ դեպքում տեղական արտադրության մթերքներն ինչո՞ւ են թանկացել, մասնավորապես՝ կարտոֆիլը, և արդյոք ճի՞շտ է տեղեկությունը, որ մեծ թվով կարտոֆիլ է Հայաստանից արտահանվել, այդ պատճառով էլ շուկայում գնի աճ է նկատվում․
«Այս տարի, կարելի է ասել, կարտոֆիլի արտահանման ռեկորդ ենք խփել, 30.000 տոննա կարտոֆիլ է արդեն արտահանվել Հայաստանից, այսպիսի թիվ երբեք չի եղել անկախ Հայաստանի պատմության ընթացքում․․․ Պետք է հասկանալ, որ Հայաստանը փակ, առանձին երկիր չէ, և հաղորդակից անոթներով միացած է նաև մեր հետ նույն տնտեսական մաքսային միության մեջ գտնվող երկրների հետ, եթե այդ երկրներում պահանջարկն աճում է, դա անդրադարձ է ունենում նաև մեր տեղի արտադրանքի գների վրա․․․»։
Քերոբյանի խոսքով՝ այս տարի շուրջ 180.000 տոննա միայն թարմ գյուղմթերք է արտահանվել, երբ անցած և նախանցած ամբողջ տարիների ընթացքում 145.000 և 142.000 տոննա է եղել․
«Մոտ 25-30 տոկոսով ավելի շատ ենք, քան անցած տարվա ցուցանիշը, տարին դեռ չի ավարտվել, հույս ունենք, որ կանցնենք 200.000 տոննայի նշաձողը, որն էլի վերջին տարիների լավագույն արդյունքն է»։