Այս օրենքը գործող իշխանության հավաքական դիրքորոշման արտահայտությունն է խոսքի ազատության դեմ. ՀԺՄ հայտարարությունը

2021թ. հոկտեմբերի 5-ին ՀՀ Սահմանադրական դատարանը Սահմանադրությանը համապատասխանող ճանաչեց այս տարվա  մարտի 24-ին Ազգային ժողովի ընդունած «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը, որով վիրավորանքի համար նախկինում նախատեսված փոխհատուցման առավելագույն շեմը 1 միլիոն դրամից կբարձրանա մինչև 3 միլիոն, իսկ զրպարտության համար՝ նախկին 2 միլիոնի փոխարեն՝ մինչև 6 միլիոն դրամ։

Կարևոր է նկատել, որ այս հույժ կարևոր օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը ՍԴ-ն որոշեց քննել գրավոր ընթացակարգով՝ խուսափելով հրապարակային քննարկումից:

Այս տխրահռչակ օրենքը հեղինակել է ԱԺ գործող նախագահ Ալեն Սիմոնյանը, այն ժամանակ, երբ խորհրդարանի փոխխոսնակի պաշտոնն էր զբաղեցնում։

Իրականում, սակայն, այս օրենքը ոչ թե որևէ անհատ պատգամավորի, այլ գործող իշխանության հավաքական դիրքորոշման արտահայտությունն է, որի հիմքում ընկած է ազատ խոսքի ու լրատվամիջոցների դեմ հետևողական քաղաքականությունը։

Այս օրենքն ակնհայտորեն սահմանափակում է խոսքի ազատության իրավունքը, որը ժողովրդավարության ամենակարևոր հիմնասյուներից է, դրա զարգացման և յուրաքանչյուր անձի ինքնադրսևորման հիմնական պայմաններից մեկը։

Այս իրավունքը երաշխավորված և պաշտպանված է՝ ինչպես Սահմանադրության 42-րդ և 51-րդ հոդվածներով, այնպես էլ՝ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածով։

ԵԽԽՎ-ը Զրպարտության ապաքրեականացման վերաբերյալ 2007թ. հոկտեմբերի 4-ի թիվ 1577 (2007) բանաձևի համաձայն՝ առաջարկել էր սահմանել ողջամիտ առավելագույն սահման զրպարտության գործերով վնասի փոխհատուցման գումարի չափի առումով, այնպես, որ չվտանգվի պատասխանատու մամուլի կենսունակությունը, ինչը ՍԴ այս որոշմամբ կոպտորեն ոտնահարվել է:

Սահմանադրական դատարանը դեռ 2011թ.-ին իր  թիվ ՍԴՈ-997 որոշմամբ՝  անդրադառնալով զրպարտության և վիրավորանքի գործերով վնասի փոխհատուցման գումարի առավելագույն չափերին, օրենսդիր մարմնին առաջարկել էր վերանայել փոխհատուցման  առավելագույն սահմանը` նվազեցման միտումով, որպեսզի այն գործնականում բացառի արտահայտվելու ազատության իրավունքի անհամաչափ սահմանափակումը:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) վիրավորանքի և զրպարտության դեպքում փոխհատուցման չափերի համաչափությունը գնահատելիս, ի թիվս այլնի, հաշվի է առնում դիմողի տնտեսական վիճակի համար վնասի չափի հետևանքները, ինչպես նաև այնպիսի տնտեսական ցուցանիշներ, ինչպիսիք են, օրինակ՝ պետության մեջ գործող նվազագույն աշխատավարձի չափը, ինչը ՀՀ պայմաններում, ըստ էության, հաշվի չի առնվել:

Հայաստանի Ժուռնալիստների միությունը բազմիցս անդրադարձել է զանգվածային լրատվության միջոցների համար այս օրենքի կործանարար հետևանքներին, այն վտանգներին, որ օգտվելով օրենքում առկա անորոշություններից ու կամայականությունների լայն հնարավորություններից,  իշխանությունները դատարանների միջոցով կարող են քաղաքական հաշվեհարդար տեսնել՝ կայացնելով  լրատվամիջոցների ֆինանսական վիճակին անդառնալի վնասներ հասցնող վճիռներ։

Այդ վտանգների ու ռիսկերի մասին մեր ահազանգերը, տեղական ու միջազգային իրավապաշտպան կառույցների կոչերը, ցավոք, մնացին անարձագանք, և Սահմանադրական դատարանը՝ ըստ էության առաջնորդվելով ոչ թե իրավական, այլ քաղաքական նպատակահարմարության սկզբունքներով, սահմանադրությանը համապատասխանող ճանաչեց այս վիճահարույց օրենքը։

Չափազանց կարևոր է արձանագրել, որ այս օրենքի դեմ ընդդիմախոսությունը որևէ կերպ չպետք է նույնացվի վիրավորանքի ու զրպարտության խրախուսման հետ։ Ճիշտ հակառակը՝ հանրային կառավարման համակարգի բոլոր մասնակիցները, այդ թվում ու առաջին հերթին՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, մամուլը պետք է պայքարեն վիրավորանքն ու զրպարտությունը հանրային խոսույթից ու օրակարգից բացառելու համար։ Միևնույն ժամանակ, սակայն, այդ կարևորագույն նպատակը չպետք է գործիք դառնա՝ դրա միջոցով ոչ յուրային մամուլի միջոցների դեմ պայքարելու, նրանց ֆինանսավորման առանց այդ էլ սուղ միջոցներից զրկելու համար։

Հայաստանի Ժուռնալիստների միությունը խոստորեն դատապարտում է նաև Սահմանադրական դատարանի միջոցով այս վիճահարույց օրենքի ֆորմալ լեգիտիմացումը՝ կոչ անելով խոսքի ու մամուլի ազատությամբ մտահոգ բոլոր տեղական և միջազգային կազմակերպություններին հետևողական լինել, որպեսզի տվյալ օրինագիծը չծառայի դրա հիմքում դրված բացառապես քաղաքական նպատակներին։

 Հիշեցնենք, որ այս նախագծին կոշտ քննադատությամբ արձագանքել էին նաև  միջազգային որոշ կառույցներ՝  «Լրագրողներ առանց սահմանների» և «Freedom House» կազմակերպությունները:

Հայաստանի Ժուռնալիստների միությունը հետամուտ է լինելու, որպեսզի այս օրենքը չծառայեցվի որպես գործիք մամուլի միջոցների դեմ ՝ առանձին դեպքերում ԶԼՄ-ների համար ապահովելով անհրաժեշտ մասնագիտական և իրավական աջակցություն։

Հայաստանի Ժուռնալիստների միություն

Տեսանյութեր

Լրահոս