Սանասարյանի աշխատակիցները իրեն մինչև վերջ մոլորեցրել են. Արսեն Թորոսյանը հարցաքննվեց դատարանում

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ, այսօր շարունակվեց Դավիթ Սանասարյանի, Սամվել Ադյանի, Գևորգ Խաչատրյանի և Տարոն Ավետիսյանի քրեական գործով վկաների հարցաքննության փուլը:

Հարցաքննվեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը:

Նախքան քրեական գործի հիմքում դրված իրադարձություններին և իրեն առնչվող կոնկրետ դրվագներին անդրադառնալը, նա զգուշացրեց դատարանին՝ քանի որ այդ իրադարձություններից անցել է մոտ 2.5 տարի, ինքը թվագրված չի ներկայացնի այն, ինչ ներկայացրել է իր նախաքննական ցուցմունքում:

Արսեն Թորոսյանի վկայությամբ՝ իրադարձությունները սկսվել են 2018թ. աշնանը, երբ ՊՎԾ աշխատակիցները միտումներ են նկատել բժշկական կենտրոններում գնման ընթացակարգերի տեխնիկական բնութագրերի փոփոխության գործընթացում:

«Այդ միտումների վերաբերյալ իմ եզրակացությունն է եղել, որ էստեղ ինչ-որ բան այն չէ, այսինքն՝ դա պարզապես իրենց գործառույթներով պայմանավորված գործունեություն չի եղել, այլ կա դրա տակ շահ»,- ասաց Արսեն Թորոսյանը:

Ըստ Թորոսյանի՝ ԱԱԾ դիմելու համար երկու միջադեպ է հիմք հանդիսացել, սակայն դրանից հետո ԱԱԾ-ին հաղորդել է նաև մի միջադեպի մասին, որը ժամանակագրային առումով տեղի է ունեցել ավելի վաղ:

Թորոսյանի խոսքով՝ մի միջադեպը վերաբերել է Առողջապահության նախարարության ուղիղ հայտարարած գնումներին: Թորոսյանի փոխանցմամբ՝ նախարարության աշխատակիցը տեղեկացրել է իրեն, որ ՊՎԾ աշխատակիցները հետաքրքրված են այդ մրցույթով: Թորոսյանի վկայությամբ՝ դրա մասին զրույց է ունեցել ՊՎԾ ղեկավարի հետ՝ պարզելու մրցույթով հետաքրքրված լինելու պատճառները:

Երկրորդ դրվագը, ըստ Թորոսյանի,  որը հիմք է հանդիսացել  քրեական գործի համար, վերաբերել է դիալիզի պարագաների մրցույթներին, և ինքն ունեցած ողջ տեղեկատվությունը ցանկացել է հայտնել ԱԱԾ-ին:

Ինչ վերաբերում է  ժամանակային առումով ավելի վաղ տեղի ունեցած միջադեպին, Թորոսյանը դատարանում հայտնեց, որ դա վերաբերում է այն ժամանակ «Տուբերկուլյոզի ազգային կենտրոն»-ում (այժմ կոչվում է «Թոքաբանության ազգային կենտրոն») հայտարարված մրցույթին, որտեղ ՊՎԾ-ն, ըստ Թորոսյանի, պատժիչ վարքագիծ է դրսևորել, ագրեսիվ ստուգում անելու տրամադրվածություն է ունեցել:

«ՊՎԾ-ն իր, այսպես կոչված, լիազորությունների շրջանակներում մի անհաջող մրցույթի մասնակցելուց հետո ցուցաբերել է ոչ այդքան հասկանալի վարքագիծ, շատ կոպիտ ձևով ներխուժելով բժշկական կենտրոնի տարածք և մեղադրելով բժշկական կենտրոնի տնօրենին, թե իբր՝ «Դուք հայտարարել եք մրցույթ մի բանի համար՝ տեխնիկական վերանորոգման, որը ձեր մոտ աշխատում է», այն դեպքում, երբ իրենք ունեն ռենտգեն երկու սարք, մեկն էր փչացել, որի համար մրցույց էին հայտարարել: Բայց ՊՎԾ աշխատակիցները չիմանալով դա և գնալով երկրորդ ռենտգեն սարքի վրա, հետազոտելով պարզել են, որ աշխատում է, ասել են՝ «ո՞նց եք հայտարարել վերանորոգման մրցույթ, եթե ձեր սարքը աշխատում է», այն դեպքում, որ երկու սարք կար: Իսկ դա հաջորդել է էլի մի դեպքի, երբ ՊՎԾ աշխատակիցներից մեկն էլի հետաքրքրված է եղել մի հատ ուրիշ մրցույթով, որը չի հաղթել…

Եթե իմ կարծիքն այս ամեն ինչի վերաբերյալ գործին օգուտ կտա, ես կարծում եմ, որ սա ՊՎԾ աշխատակիցների կողմից իրենց պաշտոնական դիրքի օգտագործումով տնտեսական շահ ստանալուն է միտված եղել: Իսկ ինչ վերաբերում է Դավիթ Սանասարյանի անմիջական ներգրավվածությանը այս ամեն ինչին, ես որևէ նման տվյալ չունեմ, այսինքն, որ Դավիթ Սանասարյանը հատուկ թույլ է տվել դա անել՝ իմանալով, որ իրենք տնտեսական շահ են հետապնդում: Չգիտեմ՝ սա ինչքանով է էական, բայց քանի որ ես չեմ տիրապետում ամբողջ նախաքննության այլ նյութերին, բացի ինձ հասանելիք, այդ մասով բան չեմ կարող ասել»,- ասաց Թորոսյանը:

Դատարանի հարցին, թե որն է Թորոսյանին հասանելիք նյութը, վկան մատնանշեց այն տեղեկությունը, որն արդեն հնչեցրել էր դատարանում: Մյուս հարցին ի պատասխան՝ նշեց, որ այժմ իրեն գործով փաստաթղթերը ի պաշտոնե հասանելի չեն:

Քանի որ Արսեն Թորոսյանն իր ցուցմունքում առարկայական տվյալներ, թվեր չէր նշել, դատարանը սկսեց հարցերի միջոցով մի քանի պարզաբանում ստանալ:

Ապա դատախազ Սարգսյանի հարցին, թե որն է Սանասարյանի ներգրավվածությունն այդ գործընթացներում, Թորոսյանը պատասխանեց.

«Պարոն Սանասարյանի ներգրավվածությունը, ենթադրում եմ, ի պաշտոնե փաստաթղթային մասով տենց հիմա չեմ կարող հիշել՝ ինչ է ստորագրել՝ ստուգման ակտ կամ ստուգում իրականացնելու որոշում, կարծում եմ, դա փաստական է, կարելի է պարզել, բայց բովանդակային եղել է այն, որ հաջողության չհասնելուց հետո ստուգման շրջանակներում այց է տեղի ունեցել, որպեսզի, նորից իմ տպավորությամբ, ճնշում գործադրվի բժշկական կենտրոնի վրա՝ աշխատակիցների ասածը չանելու համար՝ չնայած որ այդ ամեն ինչը ներկայացվել է՝ որպես այդ դաշտում մրցակցության ապահովմանն ուղղված քայլ, ինչին ես դեմ չեմ, բայց եթե դրա տակ կա տնտեսական շահ՝ պետական պաշտոն զբաղեցնող աշխատակիցների կողմից, կարծում եմ՝ այդքան էլ մրցակցության ապահովման համար չի արվում»:

Դատախազի մեկ այլ ուղիղ  հարցին պատասխանելու փոխարեն՝  Արսեն Թորոսյանը շեղվեց և  ասաց, թե գուցե Դավիթ Սանասարյանին իր աշխատակիցները մոլորեցրել են: Դատավորի ճշտող հարցին, թե Թորոսյանի կարծիքով՝ Սանասարյանին աշխատակիցնե՞րն են  մոլորեցրել, վկա, առողջապահության նախկին նախարարն արձագանքեց.

«Այո, մինչև վերջ, մինչև պարոն Սանասարյանի ծառայողական պարտականությունների կասեցումը… իմ տպավորությունն է այդպիսին, հարգելի դատարան… վստահության չարաշահման տեսքով»:

Հիշեցնենք, որ ըստ Ազգային անվտանգության ծառայության` Դավիթ Սանասարյանի ղեկավարած Պետական վերահսկողական ծառայության պաշտոնյաները չարաշահել էին իրենց պաշտոնեական դիրքն ու առերևույթ միջամտել պետական գնումների գործընթացին՝ ձեռնարկատերերի համար խոչընդոտներ ստեղծելով:

Խոսքը վերաբերում է հեմոդիալիզի պարագաների մրցույթների գործին, դրա շրջանակում ՊՎԾ երկու աշխատակից կալանավորվել էին՝ գնումների վերահսկողության վարչության պետ Սամվել Ադյանը և ՊՎԾ գլխավոր մասնագետ Գևորգ Խաչատրյանը, կալանավորվել էր նաև գնումների մրցույթին մասնակցած «Զորաշեն» ՍՊԸ-ի հաշվապահ Տարոն Ավետիսյանը։ Ավելի ուշ փոխվել էր բոլորի խափանման միջոց՝ կալանքը։

Տեսանյութեր

Լրահոս