Պետքարտուղարությունը դատապարտել է Ուկրաինայի տարածքում ՌԴ խորհրդարանի ընտրությունների անցկացումը

ԱՄՆ պետքարտուղարությունը մեկնաբանել է կիրակի օրը ավարտված խորհրդարանական ընտրությունները Ռուսաստանում։

«Ռուսաստանի Դաշնության Պետդումայի ընտրությունները, որոնք տեղի են ունեցել սեպտեմբերի 17-19-ը, անցել են ազատ և արդար գործընթացիհամար ոչ նպաստավոր պայմաններում»,-ասված է ԱՄՆ պետքարտուղարության մամլո ծառայության հաղորդագրության մեջ, ուր նշված է նաև, որ «ծայրահեղական կազմակերպությունների», «օտարերկրյա գործակալների» և «անցանկալի կազմակերպությունների» մասին օրենքների օգտագործումը Ռուսաստանի կառավարության կողմից խիստ սահմանափակել է քաղաքական բազմակարծությունը և թույլ չի տվել ռուսաստանցիներին իրականացնել իրենց քաղաքացիական իրավունքները: Ռուսաստանի կառավարության սահմանած սահմանափակումները, որին նախորդում էին անկախ քաղաքական գործիչներին մարգինալացնելու լայնածավալ ջանքերը, նաև թույլ չտվեցին Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակին և ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովին դիտորդական առաքելություն իրականացնել ընտրությունների ժամանակ՝ զգալիորեն նվազեցնելով արդար ընտրություններ անցկացնելու համար պահանջվող թափանցիկությունը, նշված է հաղորդագրության մեջ:

ԱՄՆ պետքարտուղարությունը նկատել է, որ այս գործողությունները հակասում են Ռուսաստանի ստանձնած պարտավորություններին, ներառյալ Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի, ինչպես նաև ԵԱՀԿ -ի, միջազգային և տարածաշրջանային այլ կազմակերպությունների առջև ստանձնած պարտավորությունների: Մենք կոչ ենք անում Ռուսաստանին ՝ կատարել մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները հարգելու իր միջազգային պարտավորությունները և դադարեցնել քաղաքացիական հասարակության, քաղաքական ընդդիմության և անկախ լրատվամիջոցների վրա ճնշումները: Բացի այդ, մենք չենք ճանաչում Ուկրաինայի ինքնիշխան տարածքում Ռուսաստանի Պետդումայի ընտրությունների անցկացումը և վերահաստատում ենք մեր անմնացորդ աջակցությունը Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը, ասված է ԱՄՆ պետքարտուղարության հայտարարության մեջ:

Ռուսաստանի իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը մտադիր է ապահովել իր հաղթանակը եռօրյա խորհրդարանական ընտրություններում, չնայած որոշ տեղերում կրած պարտությունների:

Քվեաթերթիկների գրեթե 13% -ի հաշվարկով Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարեց, որ «Եդինայա Ռոսիան» հավաքել է ձայների 40 -ից մի փոքր ավելի տոկոս: Հրապարակած exit poll- երը կանխատեսում էին, որ «Եդինայա Ռոսիան» կհավաքի ձայների 45% -ից մի փոքր ավելին:

Թեև դա կհամարվեր միանշանակ հաղթանակ, սակայն արդյունքներն ավելի ցածր էին, 2016 -ի խորհրդարանական ընտրությունների հետ համեմատած, երբ իշխող կուսակցությունը հավաքեց ձայների 54% -ից մի փոքր ավելին:

«Եդինայա Ռոսիան» առերեսվում է իր ժողովրդականության նվազման հետ՝ կապված կյանքի որակի անկման և Նավալնիի հրապարակած կոռուպցիոն մեղադրանքների պատճառով, որոնք հերքվում են պետական պաշտոնյաների կողմից:

Նախնական արդյունքները ցույց տվեցին, որ Կոմունիստական կուսակցությունը երկրորդ տեղում է ՝ հավաքելով ձայների շուրջ 24% -ը, որին հաջորդում է Ժիրինովսկու Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը՝ մոտ 9 տոկոս ձայնով: Երկու կուսակցություններն էլ սովորաբար աջակցում են Կրեմլին առանցքային հարցերում:

Կրեմլի քննադատները նշում են, որ քվեարկությունը կեղծված է՝ հաշվի առնելով նախընտրական ճնշումները, որոնք արգելեցին Նավալնիի շարժմանն ու նրա դաշնակիցներին առաջադրվել, թիրախավորեց ընդդիմադիր լրատվամիջոցները և ոչ կառավարական կազմակերպությունները, որոնց իշխանությունները տալիս են՛՛թշնամական՛՛ որակում, նշում է Ռոյթերս գործակալությունը:

Այնուամենայնիվ, «Եդինայա Ռոսիայի» ակնկալվող հաղթանակը, ամենայն հավանականությամբ, Կրեմլը կօգտագործի որպես Պուտինին բարձր վարկանիշի ապացույց, ով իշխանության ղեկին է 1999 թվականից:

Նավալնիի դաշնակիցները ամեն. կերպ կոչ էին անոեւմ դեմ քվեարկել «Եդինայա Ռոսիային» : Շատ դեպքերում նրանք խորհուրդ էին տալիս մարդկանց քվեարկել այլ թեկնածուների, ներառյալ կոմունիստների օգտին, իսկ իշխանությունները ամեն կերպ փորձում էին հակազդել ընդդիմախոսների առցանց ակտիվությանը:

Ընտրությունների անկախ դիտորդներն արձանագրել են քվեարկության ընթացքում բազմաթիվ խախտումներ, այդ թվում ՝ դիտորդների նկատմամբ սպառնալիքներ և քվեաթերթիկների լցոնումներ, որոնց ակնհայտ օրինակները տարածվել են սոցիալական ցանցերում, իսկ որոշ անձինք տեսախցիկների միջոցով արձանագրել են ընտրախախտումները:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարեց, որ գրանցել է քվեաթերթիկների լցոնման դեպքեր ութ մարզերում, և որ այդ տեղամասերի արդյունքները կչեղարկվեն:

Ռուսաստանի իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության անդամներն ու կողմնակիցները կիրակի ուշ երեկոյան արդեն տոնում էին հաղթանակը խորհրդարանական ընտրություններում կուսակցության տարբեր գրասենյակներում: Տեսանյութերում երևաց նաև Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը, ով վանկարկում էր Պուտինի անունը:

Մինչ կուսակցության առաջատար թեկնածուներից շատերը ներկա էին միջոցառմանը, արտգործնախարար Սերգեյ Լավրովը և պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, ովքեր առաջին տեղերում էին եդինոռոսների նախընտրական ցուցակում, չմասնակցեցին կուսակցության տոնակատարություններին:

«Ամերիկայի ձայն»

Տեսանյութեր

Լրահոս