Բողոքավորների զգալի մասն արտագաղթում է, մնացողները՝ հարմարվում են իշխանություններին
«Սոցիոմետր» սոցիոլոգիական հարցումների կենտրոնի հրապարակած տվյալները միշտ վկայում են իշխանության թեկնածուի առավելության մասին: Կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանից 168.am-ը հետաքրքրվեց, թե ինչպես է ստացվում, որ կենսամակարդակը երկրում չի բարձրանում, ընտրողներն իշխանություններից , մեղմ ասած, գոհ չեն լինում, բայց միշտ պատրաստվում են ընտրել իշխանության ներկայացուցչին:
«Բողոքավորների և հարմարվածների փոխհարաբերությունները հավասար չեն: Բողոքավորների զգալի մասն արտագաղթում է: Դրա համար մեզ մոտ սոցիալական լարվածությունն արհեստականորեն իջնում է, հարմարվածներն ավելի շատ են լինում, քան բողոքավորները»,- ահա այսպես է սոցիոլոգը բացատրում այդ խնդիրը` ըստ էության հաստատելով ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի այն հայտարարությունը, թե՝ ուզո՞ւմ եք արտագաղթ չլինի, ըսդդիմադիր զանգվածը մեծանա ու հեղափոխություն անի՞:
Ահարոն Ադիբեկյանը պնդում է, որ հայաստանցի ընտրողների 50 տոկոսը պահպանողականներ են` անկախ իրենց նախապատվություններից, 25 տոկոսը տատանվում է` չգիտի, փոփոխություն ցանկանո՞ւմ է, թե՞ ոչ, և միայն 25 տոկոսն է, որ մնում է բողոքավոր:
«Բողոքավոր ընտրողների զանգվածը փոքր է, և նրանք չեն կարողանում հեղաշրջում կատարել»,- պատասխանեց սոցիոլոգը, իսկ ասածը հիմնավորելու համար` հիշեց չինական ամենամեծ անեծքը`«փոփոխությունների շրջանում ապրես»: