200 միլիարդ դրամ հարկ պետբյուջե չի մտնի եկամտահարկի վերադարձի դադարեցման ու գույքահարկի կիրառման արդյունքում. Հակոբ Բաղդասարյան
Երևանում հիպոթեքային վարկով բնակարան գնողների եկամտահարկի վերադարձի ծրագիրն աստիճանաբար կկրճատվի և 2025թ․ այլևս չի գործի։ Ըստ Կառավարության ընդունած որոշման՝ հիպոթեքային վարկավորմամբ գնված անշարժ գույքի պարագայում եկամտահարկը չի վերադարձվի՝
եթե գույքը գտնվում է Երևանի 1-ին գոտում (2022-ի հուլիսի 1-ից)
եթե գույքը գտնվում է Երևանի 2-րդ գոտում (2023-ի հունվարի 1-ից)
եթե գույքը գտնվում է Երևանի 3-րդ գոտում (2023-ի հուլիսի 1-ից)
եթե գույքը գտնվում է Երևանի այլ գոտիներում (2025 թվականի հունվարի 1-ից)։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում «Ակցեռն» հոլդինգի ղեկավար Հակոբ Բաղդասարյանը Կառավարության ընդունած այս որոշումը, որպես գործարար, գնահատում է բացասական, սակայն օրենքի կիրառման մեխանիզմը գրագետ է արված, որպեսզի գործարարն ունենա գոնե ժամանակ սկսած նախագծերն ավարտին հասցնելու, ուստի կարելի է ասել, որ սխալ օրենքը ճիշտ են կիրառել։
Ինչ վերաբերում է օրենքի կիրառման բացասական հետևանքներին, ապա Հակոբ Բաղդասարյանն իր տեսակետը հիմնավորեց կոնկրետ օրինակներով.
«Եկամտահարկի վերադարձը տարեցտարի դադարեցնելու մասին պետք է շեշտել, որ առանց այն էլ շինանյութի թանկացման պատճառով կա գների աճ, սրան ավելացել է նաև Կենտրոնական բանկի կողմից սահմանված վերաֆինանսավորման տոկոսադրույքի չափը՝ 7 տոկոսը, որին ավելանում են նաև բանկային տոկոսադրույքները, ինչը հանգեցնում է արդեն վարկավորման բարձր տոկոսների, ինչը ձեռնտւ չէ գործարարին, ինչին ավելանալու է այն, որ օրենքի կիրառումը բերելու է անշարժ գույքի շուկայի պահանջարկի նվազման»:
Բաղդասարյանը հավելեց, որ Կառավարությունն ընդունել է օրենքի նախագիծ, որը նախապես չի հրապարակվել e-draft.am համակարգում, հաշվի չեն առնվել նաև կառուցապատող ընկերությունների հետ հանդիպումների ժամանակ շահառուների կողմից բարձրաձայնված մտահոգություններն ու առաջարկված լուծումները։
Ըստ Հակոբ Բաղդասարյանի՝ եկամտահարկի վերադարձի մասին օրենքը, որը հանդիսանում է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախագիծը, տնտեսության մի շարք ոլոտներում տարիներ շարունակ ապահովել է տնտեսական աճ, դինամիկ զարգացում, իսկ օրենքի չեղարկումից հետո այդ ոլորտները զրկվելու են դինամիկ զարգանալու հնարավորությունից։
Բաղդասարյանը պնդում է՝ իշխանությունը կարող էր գոնե եկամտահարկի վերադարձի չեղարկմանը զուգահեռ՝ ներդնել ցածր տոկոսներով հիպոթեքով անշարժ գույք ձեռք բերելու հնարավորություն, սակայն դա էլ չի արել։
«Հիմա վարկավորման տոկոսադրույքը 15 տոկոսի է հասնում, բայց կարելի էր, չէ՞, դիտարկել գոնե հիպոթեքային վարկերը 2, 3 կամ 4 տոկոսով տրամադրելու հարցը։ Այս հարցին չեն անդրադաձել, որովհետև չկա հակակշիռների մեխանիզմ։ Ի դեպ, այս վիճակը միայն այս ոլորտում չէ. Նայեք՝ բենզինի շուկայում ի՞նչ է կատարվում. չկա հակակշիռ, մարդիկ օգտագործում են արագ հարստանալու շանսը։ Ստացվում է՝ կառավարման համակարգի գայթակղությունը գործում է, երբ կա չարաշահելու հնարավորություն»,- ասաց Հակոբ Բաղդասարյանը։
Ինչ վերաբերում է Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանի այն պարզաբանմանը, թե Երևանի առաջին գոտում գնված բնակարանների վրա օրենքը չտարածելով՝ հնարավոր կլինի լուծել Երևանի կենտրոնի գերծանրաբեռնվածության հարցը, Հակոբ Բաղդասարյանը նկատեց՝ այդ պատճառաբանությունը չաշխատող է։
«Էդտեղ տեղին է հիշել սոցիալիզմի հետ կապված հայտնի հումորը. սոցիալիզմը հավասարություն է բերում մարդկանց ու բոլորին է աղքատ դարձնում»,- ասաց մեր զրուցակիցը։
Հակոբ Բաղդասարյանը համաձայն չէ նաև Կառավարության ընդունած որոշման հիմքում դրված մյուս հիմնավորման հետ, թե այս նախագիծը պետք է տարածել մարզերում ու նպաստել մարզերի զարգացմանը։
«Մինչև շենքեր կառուցելը մարզերում տասնյակ միլիոնների ներդրումային ծրագրեր պետք է իրականացնել, պետք է նախ լուծել ենթակառուցվածքների, մարդկանց զբաղվածության հարցը, ապահովել մարդուն եկամտով մարզում, որպեսզի այդ մարզում հնարավոր լինի բնակարաններ վաճառել։ Մարզերում տասն անգամ ներդրումները կգերազանցեն Երևանին, իսկ եթե Երևանում զարգացումը կանգնի, մարզը չի կարող զարգանալ, որովհետև դա շղթայական զարգացում է,- ասաց Հակոբ Բաղդասարյանը՝ հավելելով,- Եկամտահարկի վերադարձի չեղարկման և դրան ավելացող գույքահարկի օրենքի կիրառումը պետական բյուջեին բերելու է 200 միլիարդ դրամի վնաս. այդքան գումար բյուջե չի մտնի»։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում