«Հսկայական» փոփոխություններ «ՄՈԵՖՖ գրուպում» Կառավարության արտոնությունից հետո

168.am-ն օրերս մի շարք ահազանգեր է ստացել, որ սանիտարատեխնիկական սարքավորումներ արտադրող «Մոեֆֆ գրուպ» ընկերությունը ժամանակին չի վճարում աշխատավարձերը և որոշ դեպքերում՝ առհասարակ չի վճարում:

Նկատենք՝ այս ընկերության մասին պարբերաբար հիշատակումներ են եղել կառավարության որոշումներում.

Գործադիրը  2019 թվականի մայիսի 30-ի 665-Ա որոշումով ներդրումային ծրագրի շրջանակներում երեք տարի ժամկետով նախ հետաձգել է «Մոեֆֆ Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը, ապա սեպտեմբերի 29-ին բավարարել  գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված  տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի կամ նյութերի  ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար ընկերության կողմից ներկայացված հայտը:

«Կազմակերպությունը ներմուծված ապրանքներն օգտագործելու է սանտեխնիկայի արտադրության համար, արտադրությունն իրականացվում է Արմավիրի մարզում, գործում է 2015 թվականից: Նախատեսվում է ծրագրի շրջանակներում արտադրել 23 միլիարդ 575 միլիոն դրամի արտադրանք, որից 2 միլիարդ 105 միլիոն դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, մնացածը՝ առավելապես Եվրասիական տնտեսական միության անդամ-պետությունների տարածքում: Ներկայում կազմակերպությունում աշխատում են 31 աշխատակիցներ, այս ներդրումային բաղադրիչն իրականացնելու արդյունքում աշխատատեղերը կավելանան 150-ով՝ 265 հազար դրամ միջին աշխատավարձով»,- կառավարության նիստում նշել էր Էկոնոմիկայի նախկին նախարար Տիգրան Խաչատրյանը:

Հարկային արտոնությունը տրվեց, իսկ թե իրականություն դարձա՞ն այս խոստումները կամ ոչ՝ փորձեցինք գրավոր հարցմամբ ճշտել «Մոեֆֆ գրուպ» ընկերության տնօրեն Արթուր Հարությունյանից:

Նրանից մասնավորապես հետաքրքրվել էինք, թե այս պահին քանի՞ աշխատատեղ կա ՍՊԸ-ում, ինչքա՞ն է կազմում աշխատակիցների միջին աշխատավարձը, արդյո՞ք ընկերությունը բացառապես ներմուծում է տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի հումք կամ նյութեր:

Արթուր Հարությունյանին տեղեկացրել էինք նաև, որ ստացել ենք ահազանգեր, ըստ որոնց, ընկերությունը ժամանակին չի վճարում աշխատավարձերը և որոշ դեպքերում՝ առհասարակ չի վճարում, խնդրել էինք հայտնել՝ արդյո՞ք հաստատում է այս տեղեկությունները:

Օգոստոսի 2-ին ուղարկված մեր հարցման ճակատագիրը ցայսօր անհայտ է, իսկ որևէ պատասխան ստանալու մեր բոլոր փորձերը՝ ապարդյուն, քանի որ «Մոեֆֆ գրուպի» պաշտոնական հեռախոսահամարն անհասանելի է աշխատանքային օրերին և ժամերին:

Մի քանի հարցերի պատասխաններ, այդուհանդերձ, ստացանք Պետեկամուտների կոմիտեից, մասնավորապես` ««ՄՈԵՖՖ գրուպ» ՍՊ ընկերության  կողմից 2021թ. հունիս ամսվա ընթացքում հայտարարագրվել է թվով 37 աշխատանքային և քաղաքացիաիրավական պայմանագրերի հիման վրա աշխատող»:

Գրությամբ խնդրարկվող մյուս՝ Ընկերության աշխատակիցների միջին աշխատավարձին, իրացման շրջանառությանը, ինչպես նաև ներմուծման և արտահանման ծավալներին առնչվող տեղեկատվության առնչությամբ ՊԵԿ-ից նշել էին՝ տեղեկատվությունը հանդիսանում է օրենքով պահպանվող գաղտնիք և ենթակա չէ տրամադրման:

Ինչ խոսք, տպավորիչ ցուցանիշ է՝ երկու տարում ընկերությունում ավելացել է 6 աշխատակից, և ստացվում է՝ այս տեմպերով խոստացված 150 աշխատակիցները կավելանան առաջիկա 50 տարում:

Արդյո՞ք նաև այսկերպ է ավելացել ընկերության աշխատակիցների «խոստացած» միջին աշխատավարձը:

168.am-ը սպասում է «ՄՈԵՖՖ գրուպ»-ի տնօրենի պատասխաններին և ստանալուն պես՝ կհրապարակի:

Տեսանյութեր

Լրահոս