«Ես սովոր եմ պատասխանատվություն կրել այն բանի համար, ինչից  տեղյակ եմ». Թագուհի Թովմասյանը՝ Ռուբեն Ռուբինյանին

Խորհրդարանը շարունակում է մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածության հարցի քննարկումը։ «Պատիվ ունեմ» խմբակցությունից Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու առաջադրվեց Թագուհի Թովմասյանը։

Թագուհի Թովմասյանն իր ելույթում շեշտեց. «Շատ կարևոր է, որպեսզի մեր ողջ պետական գործունեությունը ուղղված լինի և բխի մարդու իրավունքների պաշտպանության առաջնահերթություններից, և ոչ թե ուղղված լինի դրանք առավելագույնս սահմանափակելուն, որպեսզի հեշտացնեն պետական իշխանությունների գործունեությունը։

Ինչո՞ւ եմ այսպես ասում, քանի որ, ցավոք, շատ դեպքերում և շատ ժամանակներում օրենսդրական գործունեության իրականացումը ուղղված է եղել ո՛չ այնքան մարդու իրավունքների պաշտպանությանը. դա եղել է շղարշ, այլ իրականում նպատակն է եղել պետական իշխանության մարմինների գործունեության դյուրինացման ճանապարհով գնալը, մինչդեռ պիտի լինի ճիշտ հակառակը»:

Պատգամավորը վստահեցրեց՝ ընտրվելու դեպքում իր լիրազորությունների մակարդակով առավելագույնն է ներդնելու ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպանությունը երաշխավորելու համար:

Խորհրդարանին ծրագրային դրույթները ներկայացնելուց հետո պատգամավորները թեկնածուին հարցեր ուղղեցին:

ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը Թագուհի Թովմասյանին հիշեցնելով, որ մինչև 2020 թվականի նոյեմբերը  իշխանական թիմի անդամ է եղել, ապա դուրս եկել խմբակցությունից, հարցրեց՝ արդյո՞ք պատգամավորը կրում է քաղաքական պատասխանատվություն այդ ժամանակահատվածի համար՝ բոլոր արդյունքներով հանդերձ:

Ի պատասխան՝ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամը նշեց. «Ես երբեք պատասխանատվությունից խուսափող չեմ եղել, ես կրում եմ պատասխանատվություն իմ բոլոր քայլերի և դրանց հետևանքների համար, բայց  ես սովոր եմ պատասխանատվություն կրել այն բանի համար, ինչից  տեղյակ եմ: Ես չեմ կարող պատասխանատվություն կրել բաների համար, որոնցից անտեղյակ եմ, իսկ դուք շատ լավ գիտեք, որ խմբակցության ներսում և ընդհանրապես՝ հատկապես պատերազմական իրավիճակում և դրանից հետո, խմբացկությունը տեղյակ չի եղել, կամ գոնե ես՝ խմբակցության ներկայացուցիչ, տեղյակ չեմ եղել իշխանության որևէ գործողության, դրա տրամաբանության, դրա հիմնավորումների մասին, և եթե տեղյակ չեմ, բնականաբար, չեմ կարող կրել պատասխանատվություն անտեղյակության համար»:

Ռուբեն Ռուբինյանը հարցրեց,  թե Թագուհի Թովմասյանը «Պատիվ ունեմ» խմբակցության ամբողջ գործունեությունից տեղյա՞կ է: Ի պատասխան՝ պատգամավորը նկատեց,  որ խմբակցությունը նոր է ձևավորվել և ավելի այլ ավանդույթներով, բացի այդ՝ ընդդիմադիր խմբակցության պատգամավորների դեպքում պատասխանատվությունը շատ ավելի այլ է. «Բնականաբար, ես կրում եմ նաև պատասխանատվություն պատգամավորական այս գործունեության համար»:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը մինչև հարցը հնչեցնելն արձանագրեց. «Քաղաքական պատասխանատվությունից է խոսում մի թիմ, որը որևէ հարցի հետ կապված ունի զրո պատասխանատվության զգացում, և ինչ նրանց ասում ես, պարզապես ասում են՝ նախկիններն են մեղավոր բոլոր հարցերում»:

Արեգնազ Մանուկյանի հարցը վերաբերում էր խորհրդարանում լրագրողների նոր սահմանափակումներին: Դիմելով Թագուհի Թովմասյանին՝ նա նշեց, որ  երկար տարիներ լուսաբանել են խորհրդարանի աշխատանքը, սակայն երբեք նման սահմանափակումներ չեն կիրառվել, այն դեպքում, երբ անխնա քննադատել են իշխանություններին:  Պատգամավորը հետաքրքրվեց, թե այս հարցով ինչ է նախապատրաստվում այս ուղղությամբ ձեռնարկել Թագուհի Թովմասյանն ընտրվելու դեպքում:

Ի պատասխան՝ Թագուհի Թովմասյանը հիշեցրեց, որ  մինչև հանձնաժողովի նախագահի թեկնածու առաջադրվելը, սկսել է զբաղվել լրագրողների իրավունքների պաշտպանությամբ, և առաջիններից մեկն է եղել, որ բարձրաձայնել է խորհրդարանի նոր ղեկավարության մտադրությունների մասին: Նա նկատեց, որ  ԱԺ ղեկավարության հետ իր պաշտոնական գրագրությունը շարունակվում է, և հույս հայտնեց, որ այս հարցում վերջնական որոշումը կլինի որոշակի զիջումներով:

Պատգամավորն ընդգծելով անվտանգության կարևորությունը՝ միևնույն ժամանակ շեշտեց, որ դրանք չպետք է լինեն լրագրողների ազատ տեղաշարժի հաշվին.

«Լրագրողները չեն կարող լինել առաջին կասկածյալները, լրագրողները չեն կարող թիրախավորվել: Լրագրողներն իրականացնում են իրենց մասնագիտական պարտականությունը, և այն, ինչ կատարվում է դահլիճում և դահլիճից դուրս, պարտավոր է հանրությունն իմանալ:

Ինչո՞ւ, որովհետև մենք ժողովրդի կողմից ընտրված պատգամավորներ ենք, և մենք պարտավոր ենք հանրային դաշտում առավել թափանցիկ լինել և հաշվետու:

ԱԺ-ում չկա այնպիսի աշխատանք, այնպիսի իրավիճակ, որ արժեր թաքցնել լրագրողներից»:

Լրագրողներին՝ լուսաբանման օթյակներից հեռացնելու երեկվա միջադեպը նա որակեց «մարդու իրավունքների, խոսքի ազատության կլասիկ ոնահարման դեպք»:

Արեգնազ Մանուկյանը մեկ այլ հարցով էլ հետաքրքրվեց, թե ինչպես է գնահատում պատգամավորների անհատական զննումը. «Այնպիսի տպավորություն է, որ այստեղ պատգամավորները դիտարկվում են՝ որպես պոտենցիալ հանցագործներ, ի՞նչ եք կարծում՝ ինչո՞ւ են այդքան վախեցած, կամ ո՞վ է այդքան վախեցած, կամ եթե ավելի կոնկրետ՝  ո՞վ է «դուխով» գլխարկի տակ թաքնված այդ վախկոտը»:

Այս հարցը թեժացրեց դահլիճի մթնոլորտը. Ռուբեն Ռուբինյանն արձագանքեց. «Տիկի՛ն Մանուկյան, ամեն անգամ հարց տալուց կամ ելույթ ունենալուց ինձ մոտ տպավորություն է, որ Դուք հատուկ այնպես եք անում, որ մթնոլորտը լարվի. իմաստը ո՞րն է, տիկին  Մանուկյան, դժվար է՞ նույն բովանդակությամբ հարցը տալ այնպես, որպեսզի մթնոլորտը չլարվի»:

Այս դիտարկումից հետո դահլիճում հնչեցին փոխադարձ մեղադրանքներ, Ռուբեն Ռուբինյանը նախազգուշացում հայտարարեց Սերգեյ Բագրատյանին:

Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուն, պատասխանելով հարցին, ասաց.  «Կդժվարանամ ասել վախերի մասին՝ ովքեր և ինչու են վախենում, կամ այդ վախերն ինչու են այդպես դրսևորվում,  բայց փաստ է, որ մենք ունենք տարբերակված մոտեցում:  Ինձ համար, օրինակ, տարօրինակ է, որ անգամ խորհրդարանից դուրս գալուց են զննում պատգամավորներին, անձնական իրերը նորից զննության ենթարկում, այն դեպքում, որ մտնելուց տրամաբանական է՝ կա անվտանգային միջավայր ապահովելու խնդիր, դուրս գալը միանգամայն անտրամաբանական է: Ամեն դեպքում, այս մասով լրացուցիչ քննարկում կծավալեմ ձևավորված հանձնաժողովի ֆորմատով»:

Հիշեցնենք՝ 12 մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածուների առաջադրման իրավունքը խմբակցությունների միջև բաշխվել է հետևյալ համամասնությամբ՝ 9 հանձնաժողովների նախագահների առաջադրում է իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, 3 հանձնաժողովների նախագահների՝ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը, դրանցից մեկը կամովին տրվել է ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցությանը:

Տեսանյութեր

Լրահոս