Ծեծկռտուք լուսաբանելը, իմ կարծիքով, մեդիայի գործառույթը չէ. Վլադիմիր Վարդանյան
Ազգային ժողովում լրագրողների աշխատանքը խոչընդոտելու դրվագի առնչությամբ լրագրողներ հարցերին ի պատասխան՝ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը նշեց. «Տրամաբանությունը հետևյալն է՝ նիստի բնականոն ընթացքը պետք է ապահովվի, և ԱԺ նախագահը պետք է միջոցներ ձեռնարկեր, որպեսզի և՛ ռեժիմը, և՛ բնականոն աշխատանքը ապահովվեր»:
Հարցին՝ արդյո՞ք այդ միջոցների թվին է դասվում նաև լրագրողներին իրենց աշխատանքի վայրից հեռացնելը՝ պատգամավորը պատասխանեց. «Ես մշտապես մնում եմ, կամ ու մնալու եմ և՛ լրագրողների մեծ պաշտպան, և՛ խոսքի ազատության ջատագով, բայց այնուհանդերձ, եթե կան որոշակի սահմանափակումներ, որոնք կիրառելի են բոլորի նկատմամբ` առանց խտրականության, դա չպետք է դիտարկվի՝ որպես սահմանափակում լրագրողների նկատմամբ»:
Դիտարկմանը, թե լրագրողները օթյակում չգտնվելով՝ հնարավորություն չեն ունենում լուսաբանել պատգամավորների ծեծկռտուքը, օրինակ, Վլադիմիր Վարդանյանն արձագանքեց. «Տեսե՛ք, ծեծկռտուք լուսաբանելը, իմ կարծիքով, մեդիայի գործառույթը չէ»:
Հիշեցնենք՝ խորհրդարանում «Քաղաքացիական պայմանագիր» և «Հայաստան» խմբակցությունների միջև տեղի ունեցած միջադեպից հետո, խորհրդարանի աշխատանքը լուսաբանող լրագրողների մուտքը՝ հենց լրագրողների համար նախատեսված օթյակներ, արգելվել է:
Այն լրագրողները, որոնք առավոտյան օթյակում էին և այտեղից էին հետևում նիստերի դահլիճում ընթացող աշխատանքներին, չեն կարողանում մուտք գործել շարունակելու աշխատանքը, նույնիսկ այն ժամանակ, երբ արդեն կրքերը հանդարտվել էին: