«Ով տիրում է Շուշիին, ամբողջ Ղարաբաղը հենց նրա «ափի մեջ» է. ՌԲԿ-ի ռեպորտաժը

Ռուսական ՌԲԿ հեռուստաընկերությունը «Շուշի-2021. Ղարաբաղի  գլխավոր միջնաբերդը հայ-ադրբեջանական կոնֆլիկտից  հետո»  վերտառությամբ ռեպորտաժ է պատրաստել, որտեղ նախ խոսում է Ֆիզուլիի (Վարանդա) կողմից Շուշի տանող կառուցվող ճանապարհի մասին:

Հեղինակը հիշեցնում է՝ Շուշին անվանել են  ղարաբաղյան Երուսաղեմ, և հաշվի առնելով բերդաքաղաքի դիրքը՝ շեշտում, թե՝ «ով տիրում է Շուշիին, ամբողջ  Ղարաբաղը նրա «ափի մեջ» է: Այսինքն, ով տիրում է Շուշիին, նա  տիրում է Արցախին:

«Առանց  չափազանցության  սա  ամենակարևոր ռազմավարական միջնաբերդն է ամբողջ տարածաշրջանում»,- նշում է հեղինակը և շարունակում, որ Շուշի քաղաքը մի քանի անգամ ոչնչացրել են:

Նախ, ըստ հեղինակի, 20-րդ դարի սկզբին հայ-թաթարական պատերազմի արդյունքում թաթարները Շուշիից վտարել են բոլոր հայերին, իսկ 1992-ին արդեն հայերն են ամբողջությամբ «ոչնչացրել Շուշին և վտարել ադրբեջանցիներին»:

ՌԲԿ-ի ռեպորտաժում անդրադարձ է կատարվում նաև հայկական Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցուն, որտեղ իբր վերականգնողական աշխատանքներ է սկսել ադրբեջանական կողմը, քանի որ պատերազմի օրերին լրջորեն վնասվել է եկեղեցին:

Իսկ թե պատերազմի օրերին ադրբեջանական կողմից թիրախավորված եկեղեցին վերականգնողական աշխատանքներից հետո ի՞նչ տեսք և ի՞նչ էություն է ունենալու, կարծում ենք, դժվար չէ կռահելը, հատկապես, երբ ռեպորտաժի հեղինակը նշում է, որ մինչ օրս եկեղեցու պատկանելության մասին վեճերը շարունակվում են, և, որ որոշ ադրբեջանական ուսումնասիրողների  վարկածներով՝  Ղազանչեցոցն իբր ռուսական ուղղափառ եկեղեցի է եղել:

Ըստ ռեպորտաժի հեղինակի՝  վարկածներ կան, որ եկեղեցին  ալբանական ծագում ունի, իսկ հայերն էլ պնդում են, որ այն ի սկզբանե եղել է հայկական եկեղեցի:

Այս համատեքստում ռուս լրագրողը հիշեցնում է, որ 1992-ին ադրբեջանցիները Ղազանչեցոց եկեղեցին զինապահեստի էին վերածել:

Ի դեպ, ինչպես պարզվեց ռեպորտաժից, Շուշի բերդաքաղաքի պարսկական «Գոհար աղա» (Վերին Ջումա) մզկիթը, որը ևս լրջորեն տուժել էր պատերազմի օրերի հրթիռակոծություններից, Ադրբեջանը ևս մտադիր է  վերափոխել և հարմարեցնել իրենց պատմությանը:

Նշենք, որ տարիներ առաջ հայկական կողմը  «IDeA» հիմնադրամի միջոցներով  վերանորոգել էր պարսկական մզկիթը:

Մանրամասները՝ ՌԲԿ-ի ռեպորտաժում

Պատրաստեց Մարիամ Պետրոսյանը

Տեսանյութեր

Լրահոս