Միշելի տարածաշրջանային գլխավոր առաքելությունը մեկն է․ Լուկիանով

Նախօրեին սկսվել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի այցը Երևան, որի շրջանակում այսօր նախագահ Միշելն ու Նիկոլ Փաշինյանն ասուլիսով հանդես եկան։

Միշելն անդրադարձել է մի շարք թեմաների, մասնավորապես՝ երկկողմ օրակարգին, որը, կողմերի բնութագրմամբ, իբրև թե ինտենսիվ է, եվրոպական ներդրումային փաթեթին, տարածաշրջանային գործընթացներին ԵՄ մասնակցությանը, տրանսպորտային կապուղիներին և ռազմատենչ հռետորաբանությանը հակամարտող կողմերի կողմից։

Նախագահ Միշելը շեշտեց, որ անհրաժեշտ է ձեռնպահ մնալ ագրեսիվ հռետորաբանությունից, որպեսզի հնարավոր լինի անդրադառնալ բոլոր բաղադրիչներին և տարրերին, որոնց անհրաժեշտ է անդրադառնալ:

«Ես վաղը նաև հանդիպում ունեմ Ադրբեջանի նախագահի հետ, և ես կփորձեմ տեսնել, թե ինչ կառուցողական և դրական դեր կարող է խաղալ Եվրոպական Միությունը՝ սատարելու Մինսկի խմբին և նաև մեր փորձառությունը ի սպաս դնելու»,- մանրամասնեց Միշելը:

Նա նաև ասաց, որ կարևոր է ինչպես չափավոր հռետորաբանությունը, այնպես էլ սահմանազատումը։ Պաշտոնյան հույս հայտնեց, որ սա էլ հնարավոր կլինի բանակցությունների, երկխոսության միջոցով։

«Կարծում ենք՝ օգտակար կլինի վիճելի տարածքներից երկու կողմերի ԶՈՒ նահանջը, որպեսզի հնարավոր լինի քննարկումներ իրականացնել։ Մեր կարծիքով՝ տրանսպորտային ոլորտի հնարավոր համագործակցությունը ևս պետք է քննարկել՝ նպաստելու համար տնտեսական աճին։ Եվ վերջում, որպես ընդհանուր կետ, կարգավիճակի հարցը, խաղաղության բանակցությունները ևս պետք է հնարավոր լինեն արծարծել»,- նշել է Միշելը։

Եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան խոսեց նաև տրանսպորտային սեկտորի խնդիրների մասին:

«Ես գիտեմ, որ կան երկաթգիծը ներառող ծրագրեր: Սա կարող է լինել մեկ հնարավոր հատված, որի շուրջ կարող է երկխոսություն ծավալել: Ես չեմ թերագնահատում դժվարությունները, ես գիտակցում եմ, որոնք են խոչընդոտները և դժվարությունները, սակայն քաղաքական կամքի առկայությունը այստեղ կարևոր է: Սա չի նշանակում, որ մեկ օրվա մեջ հնարավոր է ամեն հարց լուծել, սա ժամանակ կպահանջի, դժվարություններ կլինեն, սակայն առաջինը փորձելն է՝ ավելի լավ փոխհամագործակցային մթնոլորտ ձևավորել, փորձել հասկանալ, որոնք են տարամետ կարծիքները, փաստարկները և փորձել գտնել որոշակի հնարավոր լուծումներ»,- մանրամասնեց Շառլ Միշելը:

Փաշինյանն այս մասին ուշագրավ դիտարկում արեց՝ նշելով, որ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ նախատեսված է տարածաշրջանի բոլոր տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակումը: Սակայն, ըստ նրա, Ադրբեջանն այս գործընթացին խոչընդոտում է ոչ միայն Հայաստանի սուվերեն տարածքը օկուպացնելու ակնհայտ սպառնալիքներով, այլև ի հեճուկս իր պարտավորությունների՝ հրաժարվում է Հայաստանին միջանցք տրամադրել Հայաստան-Վրաստան, Ադրբեջան-Ռուսաստան երկաթուղու գործարկման համար: Սակայն նա ասաց, որ Հայաստանը կառուցողական աշխատանք է տանելու տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման, նախկինում գոյություն ունեցած կոմունիկացիոն ուղիների վերականգնման և նոր ճանապարհների, մասնավորապես, «Հյուսիս-Հարավ» մայրուղու կառուցման համար, որտեղ չափազանց կարևոր է Եվրամիության աջակցությունը:

Շառլ Միշելը նշել է, որ ԵՄ-ն ցանկանում է առավել ակտիվ ներգրավվել տարածաշրջանում կայունություն հաստատելու գործին: Ինչպես հանձնակատար Վարհեին, Միշելն իր խոսքում ևս նշեց 2.6 մլրդ եվրո ֆինանսական փաթեթ ՀՀ-ին տրամադրելու մասին, որը, նրա խոսքով, պետք է ուղղվի Հայաստանի առաջնահերթությունների իրականացմանը։

Ավելի վաղ Երևանում Եվրահանձնաժողովի ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեին էր հայտարարել, որ ԵՄ-ն ՀՀ համար նախապես հայտարարված 1,6 միլիարդ եվրո հատկացմանը հավելել է ևս 1 մլրդ եվրո։ «Եվ այդպիսով կարողանում ենք 2,6 միլիարդ եվրո համախմբել Հայաստանի համար այս ծրագրով»,- ասել էր Վարհեին։

168am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովն ասաց, որ ԵՄ-ն տարածաշրջանում, այդ թվում՝ Հայաստանում, լուծում է իր ներգրավվածության, քաղաքական հարցերին մասնակցության հարցը։ Սա, քաղաքագետի որակմամբ, նրա գլխավոր առաքելությունն է։

Ըստ նրա, պետք է դիտարկել նախ Միշելի այցի ողջ աշխարհագրությունը, որի ընթացքում նա հանդիպելու է թե՛ հարավկովկասյան ղեկավարների, թե՛ Մոլդավայի և Ուկրաինայի ղեկավարների հետ Վրաստանում, որտեղ համատեղ հայտարարությամբ են հանդես գալիս։

Լուկիանովի կարծիքով, ԵՄ-ն խթանում է Արևելյան գործընկերություն ծրագիրը, որն ըստ էության ուղղված է ՌԴ ազդեցության գոտուն, ՌԴ-ն առնչվում է թե Ուկրաինայի, Վրաստանի, Հայաստանի, Ադրբեջանի, թե Մոլդավայի հետ։ Նա արձանագրեց, որ այլ խորության հարաբերություններ ունեն ԵՄ-ի հետ Վրաստանը, Ուկրաինան և Մոլդավան, որոնք ասոցիացումից հետո և ներկայիս փուլում ևս մեկ աստիճանով բարձրացել են ԵՄ-ի հետ հարաբերություններում։

«Դրանից մի քանի քայլով Հայաստանը ետ է, բայց նկատվում է երկուստեք հետաքրքրություն, որին ՌԴ-ն դեմ չէ, բայց ՌԴ-ն նաև ակտիվ մասնակցություն ունի ՀՀ անվտանգության գործին, որին ուղիղ այլընտրանք այսօր ՀՀ-ն չունի։

Բացի դրանից, ուշագրավ է նաև այն հանգամանքը, թե ինչպես պատերազմի ընթացքում իրեն դրսևորեց Արևմուտքը՝ ի դեմս ԵԱՀԿ Մինսկի խմբի, և այսօր այնպիսի տպավորություն է, թե մեծ ներդրում է ունեցել, որի հիման վրա ակտիվանում են հարաբերությունները։

Սակայն քաղաքականությունը ելնում է իրողություններից, տարածաշրջանում կան իրողություններ, պատերազմը ՌԴ-ի ջանքերով է դադարեցվել, ներկայումս ռուս խաղաղապահները կանգնած են Ղարաբաղում, կան նոր ուժեր նաև Հայաստանում, սա է իրողությունը, եթե կար այլընտրանք, այն պետք է որ արտահայտվեր պատերազմի ընթացքում։ Իսկ այսօր ԵՄ-ն թարմացնում է իր ծրագրերը, ԱՄՆ-ին զուգահեռ ակտիվանում նաև հետսովետական գոտում, ինչը կարելի էր սպասել։ Սակայն չեմ կարծում, որ այն մեծ իրողություններ է փոխելու։ Այս ամենում Բելառուսի դիրքորոշումը՝ ԱլԳ-ն լքելու, պատերազմի արդյունքները ևս դերակատարություն ունեն, և ԵՄ-ն ցանկանում է լիովին չկորցնել այս ծրագիրը՝ հասկանալով, որ թուլանում է այն նոր իրողությունների հետևանքով»,- ասաց վերլուծաբանը՝ նշելով, որ որևէ անսպասելի բան տեղի չի ունենում։

Լուկիանովի դիտարկմամբ՝ ԵՄ-ն մեծ հույսեր է կապում ԵԱՀԿ ՄԽ աշխատանքի վերսկսման հետ։ «Այդ էջին ՌԴ-ն ևս ժամանակ առ ժամանակ անդրադառնում է, թեև այն ապացուցել է իր արդյունավետության բացակայությունը, սակայն որպես քաղաքական գործիք՝ ինչ-որ պահի այն կարող է կարևոր դառնալ ավելի շատ խաղացողների համար։ Իսկ մինչ այդ, կարծում եմ՝ կողմերը դիրքավորվում են սահմանագծման գործընթացին ընդառաջ։ Բոլորը հասկանում են, որ առանց դրա հնարավոր չէ որևէ ուղղությամբ շարժվել, միայն փոխադարձ մեղադրանքներ են հնչում, սա բարդ իրավիճակ է»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս