Հերթական եվրոպական բարձրաստիճան այցը Հայաստան. Ի՞նչ առաքելությամբ է նախագահ Միշելը ժամանում Երևանում

Վերջին ամիսների ընթացքում էապես ավելացել են արևմտյան բարձրաստիճան այցերը Հայաստանի Հանրապետություն: ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Ֆիլ Ռիքերի, ԵՄ անդամ երկրների ԱԳ 3 նախարարների, ինչպես նաև Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեի տարածաշրջանային այցերին հաջորդում է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի այցը Հայաստան: Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի գլխավորած պատվիրակության՝ ՀՀ այցի կազմակերպչական աշխատանքների մասին, որը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում: Շառլ Միշելի գլխավորած պատվիրակությունը Հայաստանում կլինի հուլիսի 16-17-ը:

Այցի վերաբերյալ հայաստանյան և եվրոպական այլ աղբյուրներում որևէ տեղեկատվություն չկա: Ուշագրավն այն է, որ բարձրաստիճան այս այցը տեղի է ունենում արդեն ՀՀ ԱԳ նախարարի առաջին տեղակալի պաշտոնում Արմեն Գրիգորյանի նշանակման և եվրոպական հսկայածավալ ներդրումների մասին խոսակցությունների ֆոնին: Հարկ է ընդգծել նաև, որ վերոնշյալ բոլոր այցերից ՀՀ ԱԳ նախարարությունը շուրջ ամիսուկես բացակայի կարգավիճակում էր: Չնայած ՀՀ գլխավոր դիվանագետի պաշտոնին հավակնող Արմեն Գրիգորյանի նշանակումը, փորձագիտական համայնքի որակմամբ, որակապես չի փոխելու ԱԳՆ աշխատանքը:

168.am-ի հետ զրույցում վրացի քաղաքագետ Կախա Գոգոլաշվիլին ասաց, որ սովորաբար Շառլ Միշելը, բացի պարբերական այցերից, որոնք հաճախ չեն լինում, այցեր է կատարում՝ ունենալով հստակ առաքելություն և ծրագիր:

Այս տարի, նրա խոսքով, նման այցեր եղել են Վրաստան, Թուրքիա հստակ օրակարգով՝ թե՛ ներքաղաքական, թե՛ արտաքին քաղաքական առանձին թեմաներով:

Վերլուծաբանի խոսքով՝ չի նշվել, թե ինչ օրակարգով է Միշելը գալիս տարածաշրջան, հատկապես, երբ եղել են մի շարք եվրոպական այցեր, այդ թվում՝ իր կողմից, օրինակ, դեպի Վրաստան, ուստի բարդ է ասելը, թե կոնկրետ որ հարցով է մեկնելու Հայաստան:

«Կարող եմ ենթադրել, որ խոսքը տարածաշրջանում քաղաքական հարցերի մասին է, քանի որ հանձնակատարի այցի ընթացքում քննարկվել է ԱլԳ-ի և ներդրումների հարցը, իսկ Շառլ Միշելը կարևոր ֆիգուր է, ով զբաղվում է քաղաքական կարևոր հարցերով, և այս դեպքում կարող ենք ենթադրել, որ նրա առաջին խնդիրը պետք է լինի իրավիճակի կայունացման ուղղությամբ քայլեր նախաձեռնելը, խոսքը հատկապես հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին է: Եթե չեմ սխալվում, հայկական կողմն այս թեմայով հանդիպում ունեցել էր նախագահ Միշելի հետ դեռևս հունիս ամսին, և վերջինս պատրաստակամություն էր հայտնել աջակցել իրավիճակի խաղաղ քաղաքական հանգուցալուծմանը:

Դա հաջորդել էր առաջարկին՝ հետ քաշել զինվորականներին և տեղակայել ԵԱՀԿ ՄԽ դիտորդներ կամ խաղաղապահներ:

Ընտրական գործընթացն ավարտվեց և եկել է աշխատելու, խնդիրներին քաղաքական լուծումներ տալու ժամանակը, և ԵՄ-ն ցույց է տալիս, որ ունի դերակատարություն այս ամենում, քանի որ ունի աջակցություն նաև տեղում՝ տարածաշրջանում, և ադեկվատ արձագանքում է իրավիճակներին: Իհարկե, շատ կդժվարանամ ասել, թե ինչ լուծումներ կտրվեն, քանի որ եղավ նաև տեղեկություն, որ հայ-ադրբեջանական սահմանային հատվածներում ռուսական խաղաղապահներ են ավելանում, հենակետեր են տեղակայվում, խոսվում է սահմանազատման մասին, ինչպես պետք է կոնկրետ գործընթացները կազմակերպվեն, որ խաղացողները պետք է միջնորդեն, ինչ հերթականությամբ, տեղում ռազմական հարցերն ինչպես պետք է լուծվեն, սրանք հարցեր են, որոնք դեռևս չունեն պատասխաններ:

Ուրախալին այն է, որ տարածաշրջանում աշխարհաքաղաքական հավասարակշռության վերադարձի նշաններ են երևում, իհարկե, այս այցերը դրական են, սակայն դրանք պետք է քաղաքական հետևանքներ ունենան, պետք է քաղաքական ծրագրեր գծել, իրագործել, հաշվի առնել դրանց բոլոր վտանգները, քանի որ տարածաշրջանի շուրջ աշխարհաքաղաքական պայքարը բավականին բարդ տեսք ու ռիթմ ունի:

Հստակ է, որ Ռուսաստանը, Թուրքիան, Իրանը, Արևմուտքը շահեր ունեն տարածաշրջանում, և դրանք ուղիղ կապված են ապաշրջափակման հարցի հետ, որից բոլորն իրենց ակնկալիքներն ունեն: Սա պարտադրում է նրանց մասնակցել գործընթացի բոլոր հատվածներին հետագայում «ձայնի» իրավունք ունենալու և գործընթացների վրա ազդելու հնարավորության համար»,- մեկնաբանեց Կախա Գոգոլաշվիլին:

Նրա խոսքով, իհարկե, պատահական չէ եվրոպական նման ակտիվությունը ռեգիոնում, որը պայմանավորված է՝ ինչպես Միացյալ Նահանգների, Թուրքիայի նոր դիրքավորումներով, այնպես էլ՝ հետպատերազմյան իրավիճակով, որը գերտերություններին նաև հնարավորություններ է ընձեռում:

«Բայց պետք է հաշվի առնել, որ տարածաշրջանային ուժերը ավելի ամուր են կանգնած այստեղ, ու արտատարածաշրջանային թեկուզ գերտերությունների համար բարդ է անմիջական ազդեցություն ունենալն այս ամենի վրա, հատկապես, երբ լիարժեք կարգավորման գործընթաց դեռ չկա, ԵԱՀԿ ՄԽ-ն ևս չի աշխատում: Նաև դա է պատճառը, որ եվրոպական դիվանագիտությունն ակտիվանում է, փորձում են նաև ՄԽ աշխատանքային բացակայությունը լցնել»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս