Բաժիններ՝

Արվեստագետը պետք է կովի, անասունի հիշողության չմատնի իրեն. Ջիվան Ավետիսյան

Մեր զրույցին հաջորդող գիշերը ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը մեկնեց Կաննի կինոփառատոնի կինոշուկա՝նոր կինոնախագծերի զարգացման համար: Հեռու շքեղ տոնակատարությունից՝ մեր գողտրիկ քաղաքի կենտրոնում վերջինիս հետ «Ստեղծագործողը և հետպատերազմյան շրջանը» շարքի շրջանակներում զրուցեցինք հոգևոր վերածննդի կարևորության, հայ ազգի բացառիկության մասին և ոչ միայն:

Ամաչում էի իմ ընտանիքի անդամների հետ խոսել

Վերադարձա Արցախից ամսի 9-ին, շուրջ մեկ շաբաթ տանն էի, բայց ամաչում էի իմ ընտանիքի անդամների հետ խոսել, իմ 10 տարեկան տղայի հետ խոսել, պատասխանել նրա հարցին՝ ինչո՞ւ պարտվեցինք: Հետո դուրս եկա՝ ընկերոջս խիստ հորդորով, զանգերով: Կասկադի միջով անցա, ես չտեսա մարդկանց մեջ պատերազմը պարվածի մտահոգությունը, կարծես այդ ամենը մեզ հետ չէր կատարվել։ Ես չեմ ասում, որ հարսանիք չպիտի անեն, ես չեմ ասում՝ Կասկադում, Սարյան փողոցում սրճարան-ռեստորաններում չպիտի նստեն, ես չեմ ասում կյանքը չպիտի ապրեն… Ընդհակառակը, պետք է ամուսնանան, մեկ, երկու զավակի փոխարեն՝ պետք է ունենան երեքը, չորսը, վեցը: Բայց, միևնույն ժամանակ պետք է գիտակցել մեզ հետ կատարվածը, իրար թև ու թիկունք լինել, որը, սակայն, այդ օրերին չտեսա…

Ինչո՞ւ պարտվեցինք… որովհետև տգետ էինք

Կարդացեք նաև

Իմ թիմը գիշեր-ցերեկ աշխատում է: Ամսի 9-ից հետո շրջադարձային, ռազմավարական փոփոխության ենք ենթարկվել: Իմ խմբի հետ միասին լծվել ենք աշխատանքի: Մենք մինչև դա էլ՝ աշխատում էինք․ ստեղծել ենք «Թևանիկ», «Վերջին բնակիչը», «Դրախտի դարպասը» ֆիլմերը, բայց հիմա շատ ավելին ենք անում, որովհետև բոլոր «ինչու»-ները տանում են իմ 10 տարեկան տղայի՝ Արամի հարցերի պատասխաններին: Ինչո՞ւ պարտվեցինք… որովհետև տգետ էինք: Մենք մեր ֆիլմերով, մենք մեր աշխատանքով շատ հարցերի կպատասխանենք:

Եկեք բոլորս մեզ հարց տանք՝ եթե մենք լինեինք, և այնտեղից նայեինք, կասեի՞նք արդյոք՝ արժեր, որ մենք նահատակվեինք: Ոչ մի ողջ չէր ասի՝ այո: Չեմ ուզում բացասական և քննադատական հնչի։ Ես աշխատում եմ գիշեր ցերեկ: Հետպատերազմական սթրեսը, վախերը, ապրումներն ինչպե՞ս եմ հաղթահարում. աշխատանքով, մեծ հավատով: Ես գիտեմ, որ մի օր գալու է այն օրը, որ մենք հետ կբերենք այն ամենը, ինչ կորցրել ենք: Իսկ դրա համար մի բան է պետք՝ աշխատել, լուռ, գլխիկոր աշխատել և գիտակցել մեր սխալը:

Մեզ պետք է հոգեպես վերածնվել

Ի՞նչ է մեզ պետք: Մեզ պետք է հոգեպես վերածնվել: Եթե մենք հոգեպես վերածնվենք, սպանենք մեր միջի բանսարկուին, նախանձին, չարակամին, վերածնվենք, յուրաքանչյուրս մեզ համար արժեքային համակարգ ունենանք, վստահ եմ՝ դա կազդի մեր մշակույթի, կրթության, ռազմաշինության, արդյունաբերության, միջուկային ֆիզիկայի, ամեն ինչի վրա: Մենք (մենք՝ նկատի ունեմ արվեստագետներս) հոգեպես այդ պարարտ հողը ստեղծողներն ենք և մենք պետք է կարողանանք ունենալ մեր տեսակետը յուրաքանչյուր երևույթի մասին: Բայց մենք պետք է կարողանանք վեր լինել այս տիրող մթնոլորտից: Արվեստագետն այսօր, առավել քան երբևէ, պետք է լինի թելադրող:

2018-ին, երբ սկսեցինք աշխատանքները՝ «Վերածնվածը» ֆիլմի շուրջ, մենք խոսում էինք 2016թ.-ի Ապրիլյան պատերազմի մասին: Ֆիլմն այլ վերնագիր ուներ, բայց պատերազմից 1 տարի առաջ՝ 2019-ին, փոխվեց դարձավ «Վերածնվածը»: Ինչո՞ւ: Որովհետև այդ ժամանակ մենք արդեն իսկ խոսում էինք մեր ֆիլմով, որ մենք վերածնվելու կարիք ունենք: Մեր ֆիլմի երիտասարդ հերոսը հոգեպես գնում է դեպի վերածնունդ, 60-ին մոտ պրոֆեսորը գնում է դեպի վերածնունդ, 20-ամյա Իզաբելը գնում է դեպի վերածնունդ: Մեր ֆիլմի բոլոր հերոսները գնում են դեպի վերածնունդ։

Պատկերացնո՞ւմ եք՝ ով ենք մենք

Գիտեք՝ ես աղոտ եմ հիշում Արցախյան առաջին պատերազմը, բայց հիշում եմ, որ 10 տարեկան էի՝ 1991 թվականին: Այդ մարդիկ մերօրյա մարդկանց հակապատկերն էին: Զինվորի մասին չի խոսքը, մեր զինվորը սրբադասված և աշխարհի ամենաուժեղ զինվորն է: Փոխվել է գիտակցությունը, թե ով ենք մենք: Պատկերացնո՞ւմ եք՝ Տիգրանակերտի քարերը բացած, տեսած, ապրած մարդը ինչպե՞ս կարող է այսքան տհաս լինել:

Հասարակությունը ուզում է նայի չիփսը, նայում է չիփսը

Իմ երեք երեխաներին թե լսես, միայն ու միայն չիփս կգնեն խանութում: Չիպս՝ այսինչ համով, չիպս՝ այնինչ համով: Միայն չիպս․․․ չքննադատենք դասարանը, փողոցը, բակը: Իսկ ես խանութից գնում եմ թարմ լոլիկ, դեղձ, ծիրան, բնական հյութ: Պատկերացրեցի՞ք օրինակը․ հասարակությունը ուզում է չիփս, հրամցնում են չիփս: Բայց չպետք է հասարակությանը մատուցել այն, ինչ ինքն ուզում է հասարակութունը: Ի՞նչ են նկարել, ի՞նչ է հեռարձակել հեռուստատեսությունը: Այո, շոու-բիզնեսի աստղերը, բոլոր արվեստագետները, բոլոր գրիչները, բոլոր հեռարձակողները պետք է պատասխան տան՝ ինչ են հեռարձակել 30 տարվա ընթացքում: Պետք է արժանի լինել այն արևին, որը ծագել է և դիպել է մեզ: Արարիչը չի տվել այդ արևը, որպեսզի մսխենք: Մտավորականը մեծ դեր ունի ճաշակ թելադրելու հարցում:

Ոչ ոք թող չմեղադրի, չնեղացնի մեր զինվորներին

Ես շարունակում եմ աշխատել, իմ աշխատանքով փորձում եմ բան փոխել: Հետպատերազմյան կյանքն այս է: Գիտե՞ք՝ ամենավատը որն է: Գուցե հաջորդ սերունդը հանկարծ մտածի, որ ադրբեջանցին ուժեղ է, ոչ միայն ֆիզիկապես, այլ փողով, ինտելեկտով, ռազմավարությամբ: Դա կլինի մեր վախճանը: Մենք շատ ենք տկարացել: Ես չեմ խոսում, թե մասնավորապես պատերազմում ինչո՞ւ պարտվեցինք: Բացահայտ է: Եթե մի փոքր մարդ ցանկանար վերևում, որ մենք պատերազմը չպարտվեինք, մենք չէինք պարտվի: Մեկ հոգի կարող է փոխել աշխարհը: Մեր զինվորներն արեցին ամեն ինչ, ես տեսել եմ դա: Ոչ ոք թող չմեղադրի, չնեղացնի մեր զինվորներին:

Պատերազմները չսկսած՝ արդեն հաղթում են: Հասարկությունը պետք է գա դրան, որ ինքը պատրաստ լինի հաղթելուն և հաղթի: Չեմ ուզում ասել՝ ինչպես իրենք (գործող իշխանությունները.-Ա.Գ.) ասացին:

Աշխատեք, լուռ աշխատեք, լուռ

Այս հարցազրույցից ամեն ինչ, ինչ խոսեցի, դեն նետեք, թողեք միայն սա․ Ջիվանն ասաց՝ աշխատեք, լուռ աշխատեք․․․ լուռ․․․

Մենք ոչ մեկից լավը չենք, մենք չափազանց բացառիկ ենք

Ես միշտ ասում եմ՝ մենք լավը չենք ոչ մեկից: Մարդ, ով 40 երկիր է տեսել իր կյանքում, թույլ է տալիս իրեն ընդամնեը մի նախադասություն. մենք ոչ մեկից լավը չենք, մենք չափազանց բացառիկ ենք: Բոլոր ասպեկտներում՝ թե արարչության, թե դավաճանության մեջ: Մեկ հայը կարող է ամբողջ Հնդկաստանը խոնարհեցնել հայ ժողովրդի առաջ: Ես ապշում եմ: Մեկ հայ կարող է Երևանի կենտրոնում ամբողջ ազգին ստրկության մատնել: Մեկ հայ կարող է Հռոմի պապի հետ հավասարը հավասարի պես խոսի: Չափազանց բացառիկ․․․

Մնալու եք ու բան եք փոխելու այս երկրում

Իսկ ո՞վ, եթե ոչ՝ ես: Այդ հարցը պետք է տա ցանկացած արվեստագետ: Ձեր փոխարեն ո՞վ է անելու դա: Մեկ կյանք է տրված․ ուզում եք վայելել այն Եվրոպայի խորքերում՝ ծովափնյա մի քաղաքում, թե ուր որ կամենաք: Բայց տվեք ձեզ այդ հարցը՝ ո՞վ, եթե ոչ՝ ես: Մնալու ենք ու բան եք փոխելու այս երկրում: Ես հավատում եմ, որ ցանկացած խավար գիշերվան հաջորդում է լուսաբացը:

Դուք ինձ հետ մի համաձայնվեք, բայց սիրեք ինձ

Ես ինձ անընդհատ հիշում եմ պատերազմների մեջ: Ես 10 տարեկան եմ՝ պատերազմ է, փորձում եմ նոր բան անել՝ պատերազմն սկսվում է… Պետք է բոլոր բաժանարար գծերը վերացնել: Դուք ինձ հետ մի համաձայնվեք, բայց սիրեք ինձ․․․ սևի ու սպիտակի մի վերածեք, նորի ու նախկինի մի բաժանեք: Մենք բոլորս ուզո՞ւմ ենք Շուշին հետ բերել, մենք բոլորս ուզո՞ւմ ենք ունենալ մեծ մշակույթ, մենք բոլորս ուզո՞ւմ ենք ունենալ թատրոններ՝ լեփ-լեցուն դահլիճներով, ունենալ բարձրորակ, բարձրաճաշակ ֆիլմեր, ունենալ կրթական բարձր համակարգ, որպեսզի մարդիկ ցանկանան Հայաստանում սովորել: Մենք ուզո՞ւմ ենք, թե՞ ոչ: Դրա առաջին քայլը բաժանարար գծերը վերացնելն է:

Արվեստագետը պետք է կովի, անասունի հիշողության չմատնի իրեն

Հաջորդ պատերազմը մենք առաջինը պետք է մեր մեջ հաղթենք, նոր մարտի դաշտում: Կարծում եք՝ այլևս պատերազմ չի՞ լինելու: Հրանտ Մաթևոսյանը մի լավ խոսք ունի, ասում է՝ «հրեն բաց դաշտում կովն արածում է առանց հիշողությունների, իսկ հորթին երեկ են մորթել»: Չգիտեմ՝ լա՞վ է ասում, թե՞ վատ է ասում, բայց տիպիկ է ասում: Մարդը պետք է կովի, անասունի հիշողության չմատնի իրեն: Մարդն առաջին հերթին պետք է Աստծո հետ լինի, ոչ թե նրա հետ, ով գալիս է իշխանության:

Անի Գաբուզյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս