«Այդ խաղաղության պայմանագիրը քողարկված է երկրորդ կապիտուլյացիոն փաստաթուղթ ստորագրելու հիմքով». Ադրբեջանի հարցերով փորձագետ

Հուլիսի 4-ին Հայաստան վերադարձան Ադրբեջանում բռնի պահվող ևս 15 հայ ռազմագերիներ, բոլորն էլ Շիրակի մարզից են և գերեվարվել էին Արցախի 44-օրյա պատերազմից հետո, երբ Նիկոլ Փաշինյանն արդեն ստորագրել էր եռակողմ փաստաթուղթը։

Հայ ռազմագերիների վերադարձին զուգահեռ՝ Կառավարությունը հաղորդագրություն տարածեց, նշելով, որ «Հայկական կողմը որպես բարի կամքի դրսևորում Ադրբեջանին է փոխանցել Ֆիզուլիի ու Զանգելանի շրջանների ականապատ դաշտերի քարտեզները»։

Հիշեցնենք, որ Էրդողանի հետ Շուշի այցելության ժամանակ, Ալիևը խոստովանել է, որ Ադրբեջանում շատ հայ ռազմագերիներ կան, ինչին ի պատասխան՝ Էրդողանի կինը նրան հորդորել էր՝ «գերիներին Հայաստան վերադարձնեն պորցիաներով»։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Հայաստանը հայ ռազմագերիների մի խմբի դիմաց էլ Ադրբեջանին հանձնել էր Ակնայի ականապատ տարածքների քարտեզները:

Հայ ռազմագերիների վերադարձի հարցով ո՞րն է Ադրբեջանի հաջորդ պահանջը, այդ քայլով ի՞նչ է Ադրբեջանը պահանջելու Հայաստանից։ Այս հարցերի շուրջ 168.am-ը զրուցել է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանի հետ։

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո ադրբեջանական կողմը հանդես է գալիս ապակառուցողական դիրքերից, ճնշելով Հայաստանին՝ ստանալ մաքսիմումը, ապա ապագայում կարելի է սպասել, որ քարտեզների փոխանակում նույնպես կլինի՝ որոշ խումբ ռազմագերիների դիմաց։ Հայկական կողմն ուներ հստակ պարտավորություն նոյեմբերի 9-ի փաստաթղթով՝ ինչպես մի շարք տարածքներ առանց կրակոցի թշնամուն տալու, այնպես էլ պահվող անձանց փոխանակելու վերաբերյալ։ Հաշվի առնելով, որ փոխանակվեցին երկու ադրբեջանցի ահաբեկիչներ, որոնք սպանել էին 16 տարեկան երեխայի և մեկ քաղաքացիական անձի, հայկական կողմը շտապեց այդ երկու անձանց հանձնել Ադրբեջանին, հաշվի չառնելով, որ հետագայում Ադրբեջանը, ինչպես և նախկինում եղել է ապակառուցողական, կփորձի որոշակի տեղերում չկատարի իր կողմից ստանձնած պարտավարություները։ Ադրբեջանը նկատել է, որ հայկական կողմը ոչ միայն չունի ապագայի նկատմամբ որևէ հաշվարկ, այլև ապագա բանակցային ֆորմատում, կարելի է ասել, չունի որևէ քայլ իրականացնելու։ Հետևաբար՝ ամեն հնարավոր եղանակներով Ադրբեջանը փորձում է հայկական կողմից ստանալ այն ամենը, ինչ հնարավոր չէր ստանալ մինչ պատերազմը կամ առհասարակ 2018 թվականի իշխանափոխությունից առաջ»,- նշեց Գառնիկ Դավթյանը։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի հաճախ տարածվող հայտարարություններին, որ իբր լավ հնարավորություններ են ստեղծվել Հայաստանի հետ հարաբերությունները լավացնելու և պաշտոնական Երևանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու համար, փորձագետը նկատեց՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանը նոյեմբերի 9-ից հետո ստացել է առավելագույնը, հետևաբար՝ չի կարծում, որ կա պլատֆորմ ու առհասարակ հնարավորություն Հայաստանի հետ կնքել խաղաղության պայմանագիր։

«Այդ խաղաղության պայմանագիրը քողարկված է երկրորդ կապիտուլյացիոն փաստաթուղթ ստորագրելու հիմքով, այսինքն՝ փորձում են ցույց տալ, որ դա խաղաղության համաձայնագիր է, սակայն այն բոլորովին չի բխելու Հայաստանի ու հայկական շահերից։ Այսօր Սյունիքում ունենք խայտառակ վիճակ, ադրբեջանական կողմը ոչ միայն չի պահպանել այն սահմանագիծը, որոնք գոնե քարտեզներով տեսանելի են, մխրճվել է 3,5 կմ չափով։ Այս ամենից զատ՝ փորձում են նաև Գեղարքունիքի մարզում բնակիչներին ահաբեկել՝ չթույլատրելով, որ նրանք անասուններին արածեցնեն կամ խոտհունձ կատարեն։ Հետևաբար՝ այդ խաղաղության պայմանագիրը շատ նման է կապիտուլյացիոն երկրորդ փաստաթղթի, այդ փաստաթուղթը ստորագրելու դեպքում թշնամու առաջ եկած հատվածով պետք է անցնի հայ-ադրբեջանական սահմանը։ Այսինքն՝ ունենալու ենք Ադրբեջանի կողմից Հայաստանի օկուպացված տարածքներ։ Խաղաղության համաձայնագիրը կամ ժողովրդին խաղաղության նախապատրաստելու կոչերը զուրկ են որևէ տրամաբանական հիմքից»,- շեշտեց Գ. Դավթյանը։

Իշխանության ներկայացուցիչները պարբերաբար հայտարարում են, թե Ադրբեջանի հետ պետք է հարաբերություններ հաստատել և ապրել՝ ի դեպ, այսօր 168.am-ի հետ զրույցում նման միտք հայտնեց նաև Տավուշի նախկին մարզպետ, իշխանական պատգամավոր Վահե Ղալումյանը: Այս պնդումների վերաբերյալ մեր հարցին ի պատասխան՝ փորձագետ Գառնիկ Դավթյանն ասաց, որ նախկին մարզպետի այդ հայտարարության միայն մեկ դրույթի հետ է համաձայն՝ հարևանների հետ չպետք է ունենալ մշտական թշնամական հարաբերություններ, պետք է վաղ թե ուշ գոնե առանց ատելության ապրել։

«Սակայն այս պահին հաշվի առնելով Ադրբեջանում ու Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացված տարածքներում այն հակահայկական գործողությունները, որոնց արդյունքում վերացնում են հայկական եկեղեցիները, գերեզմանոցները, սրբատեղիների պղծումը և այլն, նաև այն ատելությունը, որը Ադրբեջանում կա վերջին 30 տարիների ընթացքում, որն ավելի է ընդգծվել Իլհամ Ալիևի կառավարման տարիներին, ապա Ադրբեջանն առաջիկա 30, եթե ոչ՝ 50 տարիների ընթացքում ունակ չի լինելու հայերի հետ իր հասարակությանը համակեցության տանել։ Սա ուղղակի հայկական կողմից հերթական սին հույսերն է, որը լի է հետագայում պայթյունավտանգ արդյունքներով, այսինքն՝ եթե մենք ժողովրդին նախապատրաստում ենք խաղաղության, ապա ի՞նչ երաշխիքներ կան, որ, օրինակ, ինչ-որ քաղաքական նախադրյալներից ելնելով՝ հերթական Բաքվի կամ Սումգայիթի ջարդ չի իրականացնի՝ փոքր տեսքով, ասենք, գյուղական համայնքներում կամ Արցախում։ Եթե այսպիսի տրամադրությամբ են, կարծում եմ՝ ապագայի առումով հաշվարկ չունեն և ավելի շատ ծառայում են Ադրբեջանի պետական, քան հայկական շահին»,- եզրափակեց Գառնիկ Դավթյանը։

Տեսանյութեր

Լրահոս