«Ես իմ Արցախն եմ ուզում, իմ կյանքն եմ ուզում…»․ Մետաքսե Հակոբյան
Արցախի Հանրապետության «Արդարություն» կուսակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը գրել է.
«Ես իմ Արցախն եմ ուզում, իմ կյանքն եմ ուզում… Իմ Ստեփանակերտն եմ ուզում… Ուզում եմ այն կիրակիների եռուզեռն ու աղմուկը, երբ երեխաներս վիճում էին, գնալ Մխիթարաշենի ձիարշավարան, հետո Շուշի, իսկ Շուշիում Կանաչ ժամ, թե՞ Ղազանչեցոց, թե՞ Տիգրանակերտ…մեր ամենասիրած վայրերը, որտեղ յուրաքանչյուր քար ու թուփ այնքա՜ն հարազատ էր, որ դարձել էր անփոխարինելի սեր… իսկ հիմա… կարո՜տ, դատարկությու՜ն…
Քայլում եմ Ստեփանակերտում ու ամեն բան ուրիշ է, անցնում եմ Տատ ու Պապի մոտով, անթաքույց հանդիմանանքով ու խորը վշտով դեպի դատարկություն են նայում, թոռներից շատերը չկա՜ն… չկա Արմանը, ում, անցած ամառ, քեֆ-ուրախությամբ բանակ ճանապարհեցինք, չկա Բենոն, ում զոհվելու ժամանակ հարսանիքը պիտի լիներ, չկա Մխոն, ում մոր մխիթարանքը հիմա որդու գերեզմանը զարդարելն է դարձել, չկան, չկան… դե արի ու ապրի… Մարդիկ ուրիշ են, հազվադեպ եմ հանդիպում ծանոթներիս… Նրանցից երեքի ընտանիքին էլ այսօր հրաժեշտ տվեցի. դեպի անհայտություն, օտարություն… Իսկ դուք՝ նիկոլներ, աննաներ ու արայիկներ, շարունակեք «փրկել» մեր երեխաներին…»: