«Եթե այս իշխանությունները նույն ձևով շարունակեն՝ նորից մի Սումգայիթ կամ չգիտեմ ինչ կիրականացվի»․ Նունե Սարումյան
Հայաստանում արտահերթ ընտրությունների արդյունքները հրապարակելուց հետո, երբ հայտնի դարձավ, որ իշխանությունները վերընտրվել են, բոլորը սկսեցին մտավախություն հայտնել Արցախի առնչությամբ՝ նշելով, որ այս իշխանությունների վերընտրությամբ Արցախի ապագան ու հետագա ճակատագիրն ավելի անորոշ է դառնում։ Իսկ մինչ այդ, հանրությունը մտածում էր, որ պարտված իշխանությունը կհեռանա, իսկ այն անձինք, որոնք կգան իշխանության, հնարավորություն կստանան առաջին հերթին լուծելու Հայաստանի անվտանգության, Արցախի կարգավիճակի, բանակի վերականգնման հարցերը։
Արցախի Հանրապետության պետական համալսարանի Պատմության և քաղաքագիտության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու Նունե Սարումյանի խոսքով՝ այսօր, երբ տեսնում են, որ Արցախի մոտ 80 տոկոսը կորսված է, և կորստի նախաշեմին է Սյունիքը, այն դեպքում, երբ Արցախն ու Սյունիքը Հայաստանի անվտանգության համար բնական պատնեշ են, այս ամենից հետո չի կարող խոսք լինել հայկական պետականության, անվտանգության մասին։
«Եթե ներկայիս իշխանություններն այսպես շարունակեն, ապա մենք չենք կարող այլևս խոսել պետականության մասին, որովհետև քաղաքական իրավիճակն այնպիսի հանգուցալուծումներ է ստանալու, որոնք չեն տեսնում մեր պետականությունը։ Իսկ այն կարգավիճակը, որում գտնվում ենք, վախենամ, որ դա տանի նոր ցեղասպանության։ 1915 թվականը նույն նախադրյալներն է ունեցել՝ կորցրել ենք Արևմտյան Հայաստանը, Արևելյան Հայաստանը կորցնելու նախաշեմին է կանգնած եղել։ Հիմա քանի որ աշխարհաքաղաքական մեր դիրքը չենք փոխել և չենք էլ կարող փոխել և չենք էլ ուզում փոխել, Արցախը պետք է լինի իր տեղում, իսկ դա խանգարիչ օղակ է խոշոր տերությունների համար, այստեղ նաև այն քաղաքական շահերի բախման հանգուցակետ է»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Նունե Սարումյանը։
Հարցին՝ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո մարդկանց բառապաշարում ավելի մեծ տեղ գտավ «արցախցի», «հայաստանցի» ձևակերպումը, ինչո՞ւ հասարակության մեջ մտցրին այդ ձևակերպումը, Նունե Սարումյանը նախ պատասխանեց, որ Արցախը կարևոր հանգուցակետ ու ճանապարհների խաչմերուկ է հանդիսանում, աշխարհաքաղաքական բոլոր պետությունների համար շատ կարևոր օղակ է, և Արցախին ճնշելու համար նրանց պետք է, որպեսզի սերմանեն ներքին հակասություններ։
«Բոլոր իրադարձությունները ցույց են տալիս, որ զենքի ուժով Արցախն ընկճել հնարավոր չէ, իսկ ներքին հակասություններ սերմանելն ազգային խնդիր է, այսինքն՝ երբ ներքին թշնամի է լինում, հնարավոր է նվաճել, օրինակ՝ այնպես, ինչպես Շուշին հնարավոր չէր նվաճել, բայց տրվեց, նույնն էլ Արցախը, Սյունիքը հնարավոր չէր նվաճել, բայց տրվեցին։ Ազգին ճնշելու համար պետք է միայն ներքին հակասություններ սերմանել, որպեսզի կարողանան հաղթել։ Ազգիս խայտառակ ձևով ստորացրեցին, սա դրսից եկած քաղաքականություն է, տեսեք, 1915 թվականին ցեղասպանեցին, սակայն չկարողացան հային ոչնչացնել, դրսից ուսումնասիրեցին հային և սկսեցին ներսից քայքայել, տարանջատում մտցրեցին։ Չի կարելի մեղադրել հայաստացիներին, ծնողներին կամ էլ արցախցիներին, որովհետև շատ փոքր մարդիկ կարող են ենթարկվել այդ սադրանքներին ու բաժանումներին։ Միայն այս տարբերակով կարող են հայ ժողովրդին մասնատել, մասնատեցին տիրելու, նվաճելու համար»,- հավելեց Ն. Սարումյանը։
Նրա բնորոշմամբ, հայ ժողովուրդը կանգնած է ոչ միայն տարածքային կորստի առջև, այլև անձնական։ Հետևաբար, ծնողը, որը կորցրել է որդի, չի մտածում տարածքի մասին, այդ պատճառով էլ մարդկանց չպետք է մեղադրել։
Նունե Սարումյանից հետաքրքրվեցինք նաև, թե ի՞նչ կարծիքի է՝ այն մարդիկ, որոնք մտածում են հզորանալու և Արցախի տարածքները հետ բերելու մասին, հետադիմական հայացքնե՞ր ունեն, որովհետև ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանն այդպիսի կարծիք ունի։
Նրա խոսքով՝ նման կարծիք հայտնողների մասին ընդհանրապես չպետք է խոսել, որովհետև նրանք չգիտեն՝ ի՞նչ է հայրենիքը, պայքարը, կորուստը։
«Եթե մարդն իր վրա զգա, թե ինչ է մարդկային ու տարածքային կորուստը, չի ասի, թե դա հետադիմական է, և հարցը պետք է դիվանագիտորեն լուծել։ Պայքարը լինում է այն դեպքում, երբ դիվանագիտությունն իր գործն է կատարում, եթե ժողովուրդը չի պայքարում, դիվանագետն ինչո՞ւ պետք է պայքարի։ Պայքարն իր տեղում է, դիվանագիտությունն իր տեղում։ Ես միշտ էլ ասել եմ, թուրքերի դիվանագիտությունից հայի մեջ մի քիչ լինի, մենք մեր պայքարի ձեռքբերումներով կարող ենք ամեն ինչի հասնել, սակայն դիվանագիտական դաշտում մենք թույլ ենք»,- ընդգծեց նա։
Ինչ վերաբերում է Ադրբեջանից հնչող հայտարարություններին, որ պատրաստ է Հայաստանի հետ հաշտվել ու ճանաչել նրա տարածքային ամբողջականությունը, եթե Հայաստանն էլ ճանաչի Ադրբեջանի «տարածքային ամբողջականությունը», և այս համատեքստում արդյո՞ք մտավախություններ չունեն, որ ՀՀ իշխանությունները կգնան այդ քայլին, Նունե Սարումյանը պատասխանեց, որ նման մտավախություններ ունի։
«Եթե նրան հաջողվել է վերընտրվել, այսինքն՝ դրսի ուժերն այնպես են արել, որ նա վերընտրվի, թույլ են տվել, որ վերընտրվի, ուստի նա վերընտրվել է Ադրբեջանի «տարածքային ամբողջականությունը» ճանաչելու համար, իսկ եթե ճանաչի, դա նշանակում է, որ մարդիկ, որոնք այսօր գտնվում են Արցախում, իսկ մենք գտնվում ենք Արցախում, հետևաբար՝ Արցախն այսօր իրենցը չէ։ Չնայած, նրանք մինչև վերջ իրենց նպատակի հետևից գնալու են, այսինքն՝ Արցախն ադրբեջանականացնելով, հետո Սյունիքը վերցնելով՝ Հայաստանում կարող է մի քանի փողոց ընդամենը հայկական մնա։ Բայց այստեղ հարց է՝ որ թվականին ստեղծված Ադրբեջանի մասին է խոսքը, հարցն այս ձևով պետք է դրվի, ե՞րբ է ձևավորվել Ադրբեջանը, և այդ ժամանակ Արցախն ո՞ւմ կազմում էր գտնվում։ Արցախն ինքնուրույն է, այսօրվա դրությամբ էլ։ Երբ արցախցին այստեղից դուրս եկավ, իմաստ չունի, էլի, հաջորդ համաձայնագրի ստորագրումը, ինչին էլ տանում են իրենք՝ ոչնչացման։ Եթե այս իշխանությունները նույն ձևով շարունակեն՝ նորից մի Սումգայիթ կամ չգիտեմ ինչ կիրականացվի»,- շեշտեց մեր զրուցակիցը։
Եզրափակելով խոսքը՝ Նունե Սարումյանն ասաց, որ արցախցին շարունակում է ապրել Արցախում։
«Հե՞շտ է ապրել Արցախում ու մտածել, որ ամեն մի պահի կարող ես չլինել, այն էլ՝ սարսափելի տարբերակով։ Այն ԱԹՍ-ներից հետո նորից աչք ենք բացել ու պատկերացնում ենք դրանից առավել վատի մասին, կամ ամեն օր Շուշիին ենք նայում ու իրենց սալյուտներն ենք տեսնում, հե՞շտ է մեզ համար։ Ամեն մի րոպեն այստեղ ապրելով՝ կարծես թե մենք վայելում ենք մեր ազատությունը, անկախությունը, մեր Արցախի օդը, հուզիչ տարբերակով եմ ապրում, բայց մենք ամեն պահը վայելում ենք»։