Ձմռանը կարտոֆիլը չի թանկանա
Այս ձմռանն ու վաղ գարնանը կարտոֆիլի գները չեն թանկանա: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ Գյուղատնտեսության նախարարություն նորանշանակ փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը: Ըստ Գ. Պետրոսյանի, այսօր տեղական շուկաներում առկա կարտոֆիլի գները, չնայած տարվա ընթացքում գյուղացիների՝ տարատեսակ հիվանդությունների պատճառով կրած զգալի վնասներին, բավարար են և ըստ այդմ էլ, կարտոֆիլի 1կգ-ի գները տատանվում են 90-150 դրամի սահմաններում: «Այս տարվա կարտոֆիլի պաշարները բավարար են: Ես չեմ կարծում, որ կարտոֆիլի գները կթանկանան: Այլ հարց է, որ գյուղացիական տնտեսությունները չեն ցանկանում կամ վստահ չեն, արդյոք գալիք տարվա համար ցանկանո՞ւմ են կարտոֆիլ մշակել: Եթե մեր գյուղացիական տնտեսությունները ձեռնպահ մնան կարտոֆիլ մշակելուց, մենք մայիսի կեսերից հետո կարտոֆիլի բերքի պակաս կունենանք մինչ օգոստոս ամիսը: Կլինի պահանջարկ, չի լինի առաջարկ: Եթե Արարատյան դաշտավայրում կարտոֆիլի մշակության ծավալները կրճատվեն, խնդիր կառաջան: Մենք հենց սրանով ենք մտահոգված: Մենք ցանկանում ենք ողջ տարվա համար ապահովել կարտոֆիլի բերքի բավարար քանակություն»,- ասաց փոխնախարարը: Հարցին, թե նախորդ տարվա համեմատ կատրոֆիլի արտադրության ոլորտն ի՞նչ ցուցանիշ է գրանցել, փոխնախարարը պատասխանեց.«Դրական տեղաշարժ կա: Նախորդ տարվա համեմատ կարտոֆիլի բերքի ծավալներն աճել են: Այս տարի արտադրված բերքի ծավալները 60-70 հազար տոննայով գերազանցում են նախորդ տարվա ցուցանիշը»: