Հիվանդանոցը երեխայի մահվան դեպքի կապակցությամբ այլ ախտորոշում է ներկայացնում, տատիկը՝ այլ

«168 Ժամ» թերթում տպագրված «7 ամսական երեխան սովամահ է եղել» հոդվածում հրապարակել էինք Արցախի 32 հասցեի բնակչուհի Անուշ Խեչումյանի ներկայացրած փաստերը, համաձայն որի՝ իր թոռնիկը՝ Ռիչարդ Մելիքյանը, սննդազրկումից մահացել է:

Մենք զրուցեցինք «Սուրբ Աստվածամայր» բուժկենտրոնի Վերակենդանացման բաժնի վարիչ Ա. Չոբանյանի հետ՝ ճշտելու, թե ի՞նչ ախտորոշում է եղել երեխայի մոտ: Այսօր առավոտից բուժկենտրոնը հասկանալի պատճառներով բազմաթիվ զանգեր է ստացել:

«Երեխան մեզ մոտ տեղափոխվել է սուր ուղեղի բորբոքումով, ցնցումային ախտանիշով: Եղել է ուղեղի ինֆեկցիա, որի պատճաոով գլյուկոզան ընկել է, շնչառությունը վատացել է: Եղել է ծանր անգիտակից վիճակում և, 10 օր գտնվելով կոմայի մեջ, այդպես էլ գիտակցության չի եկել»,- ասաց Ա. Չոբանյանը:

Մեր հարցին ի պատասխան, թե այդ դեպքում ինչո՞ւ են ծնողներին, որպես մահվան պատճառ, մատնանշել սննդազրկումը՝ վերջինս ևս մեկ անգամ կրկնելով վերոնշյալ ախտորոոշումն՝ այդպես էլ չկարողացավ պարզաբանում տալ: Ապա, թե՝ «Չէ, մեր բժիշկները նման բան չեն ասել»:

Կարդացեք նաև

Մենք կրկին զանգահարեցինք մահացած երեխայի տատիկին՝ Անուշ Խեչումյանին, և ասացինք, որ բուժկենտրոնից, որպես երեխայի մահվան պատճառ՝ այլ ախտորոշում են ներկայացնում:

Վերջինս տարակուսած ասաց. «Առաջին անգամ եմ լսում: Չկա նման բան: Մեզ ընդամենն ասել են՝ երեխան սննդազրկվել է: Ես չեմ զարմանա, որ հիմա տարբեր հիվանդություններ կպցնեն: Ամեն հիվանդանոցի դիահերձարան իրենց շենքին կպած է, ու ինչ ուզեն՝ կարող են գրել: Պարզ է, որ եթե ես համարձակվել եմ այդ մասին խոսել՝ հիմա բերանս կփորձեն փակել ու վերևներից հրահանգներ կիջեցնեն հիվանդանոցների վրա: Կարող է՝ «Բարգավաճ Հայաստանն» էլ մի քանի րոպեից հայտարարի, թե էդ կինը մեզ չի դիմել: Թող իրենց հանդիպումների տեսագրությունները նայեն ու տեսնեն, թե ո՞նց եմ մարդկանց արանքից ճողոպրելով ամեն անգամ Ծառուկյանին աշխատանք խնդրելու նամակ տալիս: Էնպես որ, թող երեխայի պատմությունը չաղավաղեն: Մեզ բառացիորեն ասել են՝ մահվան պատճառը սննդազրկումն է»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս