7-ամսական երեխան սովամահ է եղել (մանրամասն)
«Ժողովուրդը՝ ես եմ: Չեմ ուզում ապրել մի երկրում, որտեղ ինձ մուրացկան են սարքում: Հիմա ես այլևս ոչինչ չեմ պահանջում, ընդամենը մեկ բան՝ դրեք մեր անձնագրերի վրա կնիք և հանրապետությունից արտաքսեք»,- ասում է ՀՀ քաղաքացի Անուշ Խեչումյանը:
Այն, ինչ երեկ լսեցինք մեր խմբագրությունում, թերևս, Հայաստանի իշխանությունների և առհասարակ՝ բոլորիս «խայտառակությունն» է: Եվ իշխանությունների, և ընդդիմադիր ուժերի, քաղաքացիական շարժումների մասնակիցներիգ բոլորիս:
Մինչ բոլորը քննարկում են, թե ովքեր կառաջադրվեն առաջիկա նախագահական ընտրություններում` որպես թեկնածու, մինչ բոլորը զբաղված են անդրկուլիսային մուտիլովկաներով, ինտրիգներով, քչփչոցներով՝ քաղաքական առևտրով, մինչ կառավարությունն ամեն օր լղոզված պատկեր է ներկայացնում՝ այս կամ այն ոլորտում տնտեսական աճ նկարելով, իրենց ձեռքբերումների և հաջողությունների մասին հերոսապատումներ ներկայացնելով՝ յոթ ամսական երեխան մեր կողքին սովամահ է լինում:
Կուսակցական անդամատոմսը ձեռքին՝ Անուշ Խեչումյանը երեկ եկել էր խմբագրություն ու պատմում էր, թե ինչպես է իր թոռնիկը սովամահ եղել: Փետրվարի 18-ին ՀՀ նախագահական ընտրություններն են, ու թեկնածուներն, ինչպես միշտ, ժողովրդի «ոտքերն են ընկնելու» և ձայն են խնդրելու: Ա. Խեչումյանը մեր երկրի այն քաղաքացիներից է, ով սոցիալապես ծանր վիճակում ապրելով՝ հրաժարվում է բոլոր տեսակի օգնություններից, պետության «ողորմած» նպաստներից, այն գումարներից, որոնք տրվում են ձայներ կորզելու համար:
Միայն մի բան է պահանջում՝ աշխատանք: ԱԺ պատգամավորներին, կուսակցության ղեկավարներին դիմում-նամակներ է գրել, աշխատանք է պահանջել, սակայնգ անօգուտ: Օգոստոսին յոթ ամսական թոռնիկը հիվանդանոցում 10 օր կոմայի մեջ գտնվելուց հետո մահացել է: Բժիշկները որպես մահվան պատճառ` նշել են սննդազրկումը: Այն, ինչ երեկ հեկեկալով պատմում էր մեզ Ա. Խեչումյանը՝ ներկայացնում ենք առանց որևէ միջամտության.
«Ինչքա՞ն կարելի է դիմանալ, ինչքա՞ն կարելի է ստրուկի պես ապրել էս երկրում: Ինչո՞ւ են մեր փողերը թալանում, թալանած փողերով ճաշարաններ բացում ու մեզ ասում՝ եկեք մեր եփած լափը կերեք, որ չմեռնեք: Ինչո՞ւ են պետության ողորմած նպաստներով մեզ մուրացկաններ սարքում: Ում դիմում-ասում եմ՝ աշխատանք տվեք, ասում են՝ քո աղքատության բալերը գիտե՞ս ինչ բարձր ա, բարձր նպաստ կստանաս: Թքել եմ ես ձեր ողորմության վրա: Երեխաներս մի կտոր չոր հացից զրկված են, բայց ես հրաժարվել եմ էդ ողորմություն նպաստից:
Ինձ աշխատանք տվեք, որ ես իմ արժանապատվությունը ձեր ոտքերի առաջ դնելով` ձեր ողորմությունը չստանամ: Ամուսնուս ու որդուս աշխատանք տվեք, որ երեխաները սովից չմեռնեն: Ինչքա՞ն կարելի է ժողովրդին ստրուկի պես պահել, ողորմությունները բաժանել ու ընտրությունների ժամանակ բերման ենթարկել:
Ուր գնում ես՝ աշխատանքի իրավունք ես պահանջում՝ աղքատության նպաստի հետևից են ուղարկում: Իմ ընտանիքը մուրացկան չէ, իմ երեխաները հպարտ ու արժանապատիվ մարդիկ են: Բոլորին ասում եմ՝ իմ երեխաները միայն աշխատանքով վաստակած հաց են ուտում, ինձ պետք չի ձեր ողորմությունն ու անաշխատ փողերը: Առաջ գործարաններում աշխատում էինք, մինիստրները գալիս` բանվորներին ձեռքով բարևում էին: Ասում էին՝ ո՞վ ենք մենք` առանց ժողովրդի:
Հիմա սրանք ժողովրդին տրորում են, բայց ովքե՞ր են իրենք՝ առանց ժողովուրդ: Ժողովուրդը՝ ես եմ, որ իշխանությունից պահանջում եմ իմ ընտանիքի անդամների անձնագրի վրա որևէ երկիր փախչելու համար կնիք դնել: Թողեք փախնենք, մի սպանեք մեզ մեր երկրում: Չեմ ուզում ապրել մի երկրում, որտեղ ինձ մուրացկան են սարքում, արհամարհում են, երեխաներիս սպանում են:
Ես դիմել եմ ԱԺ պատգամավորներին՝ պահանջելով կազմակերպել իմ ընտանիքի արտագաղթը որևէ երկիր: Տղաս կորցրեց իր փոքրիկին, հիմա նույն բանը սպառնում է մյուս երեխաներին: Հինգ անգամ նամակ եմ գրել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահին, ասել եմ՝ իր կուսակցությունից եմ, որդուս համար աշխատանք եմ խնդրել:
Ամբողջ հանրապետության աշխատատեղերի կեսն իր ձեռքի տակ է, բայց չի արձագանքել: Կուսակցական եմ դարձել, որովհետև հավատացել եմ, որ մեր արժանապատվությունը կվերականգնեն, մեզ աշխատանք կտան, բայց ընտրությունների ժամանակ այդ կուսակցությունը կանգնում, Հանրապետականին ընտրելու ագիտացիա է անում: Ուրեմն՝ բոլորն էլ նույն քրեաօլիգարխիայի մաֆիայի անդամներն են, որոնք ուզում են ժողովրդին ոչնչացնել:
Շատերին եմ նամակ գրել, մինչև անգամ հագուստի օգնություն են առաջարկել, հրաժարվել եմ՝ ասելով, որ միայն աշխատանք եմ խնդրում: Իմ երեխաները սովոր չեն ուրիշի հացն ուտելուն, ուրիշի շորը հագնելուն: Ամեն իրիկուն մի կտոր չոր հաց են ուտում ու քնում են, իսկ երբ շոր չեն ունենում՝ փակվում են տանը: Դաստիարակված, սովորող, սպորտսմեն երեխաներ ունեմ: Մեկն ասում է՝ գլուխս պտտվում է, աչքերիս դիմաց սևանում է, ասում եմ՝ չես գնա դպրոց: Մյուսն ասում է՝ մարզակոշիկ չունեմ, ասում եմ՝ չես գնա սպորտի, բայց ինչքա՞նգ Խորտակվում են երեխաներս:
Ապրում ենք Արցախի 32 հասցեում: Վագոնային դեպոյի վարչական շենքում: Տղաս՝ Անդրանիկ Միքայելյանը, 22 տարեկան է, որն ամուսնացել է ու ուներ մեկ տղա: Տղաս շատ աշխատասեր է, տարիներ շարունակ աշխատանք է փնտրում: Բանվորության գործեր եթե լինում է՝ անում է, նույնիսկ գրոշներով: Փետրվարին հարսս նորից ծննդաբերեց, զույգ տղաներ ծնվեցին: Երեք երեխաներին պահելու համար պատրաստ էր ամենածանր աշխատանքն էլ կատարել: Երեխաները ծնվել են միանգամայն առողջ՝ 3կգ 150 գրամ քաշով: Զույգերը շատ առողջ ու աշխույժ երեխաներ էին: Հարսս Աշտարակից է, էնտեղ է գրանցված:
Միանվագ 480.000 դրամ պիտի տրամադրեին 3-րդ երեխայի համար: Վեց ամիս շարունակ երկու երեխային ձեռքը քարշ տվեցին Երևան-Աշտարակ. էնտեղից ասում էին` պիտի գրանցվես Արցախ փողոցում, էստեղից էլ չէին գրանցում, թե արգելված է, Հարավկովկասյան երկաթուղի ՓԲԸ-ի տարածքն է: Մեռանք էստեղ-էնտեղ դիմում գրելով, մեր մեղքով չէ, որ գրանցումը չի լինում: Պարտքեր էինք անում, ուղարկում էինք Աշտարակ, Աշտարակից էլ ուղարկում էին Երևան: Երկու երեխաների հետ էդ գումարը ստանալու համար կրկնակի պարտքերի մեջ ընկան: Ասում էին՝ մի բարեկամ ճարեք ու իր տան վրա գրանցեք, բայց ո՞նց, ո՞ւմ ճարենք, ո՞վ կգրանցի ուրիշին իր տան վրա:
Մի խոսքով՝ այդ թղթերի համար վեց ամիս քարշ տվեցին, մեծ պարտքերի մեջ գցեցին ու 6-րդ ամսին այդ գումարը տրամադրեցին, որը տղաս ու հարսս լրիվ պարտքերը փակեցին ու անգամ մանկական կերի գումար չմնաց: Զույգ երեխաները վեց ամսական էին: Զույգերից Ռիչարդը երեկոյան խաղալուց հետո քնեց: Առավոտյան զգացինք, որ չի արթնանում: Հասկացանք, որ ոչ թե քնած է, այլ՝ ուշաթափված: Շտապօգնություն կանչեցինք, տեղափոխեցին հիվանդանոց: Մուրացանի հիվանդանոցից ասացին՝ մենք ոչինչ չենք կարող անել, այդ սարքերը չունենք: Ուղարկեցին 3-րդ մանկական հիվանդանոց: Էնտեղից ասացին՝ մինչև 40.000 դրամ չմուծեք՝ մենք ոչինչ չենք կարող անել: Ասացին՝ նախարարությունից հրաման ունենք, որ այդ 40.000-ը պետք է մուծվի: Չէինք կարողանում ճարել:
Երեխան մեռնում էր, այդ քաոսային վիճակում մի դրամ չունենք, տանն աշխատող չկա: Ամուսինս գնացել էր Վրաստան աշխատելու, բայց աշխատացրել, խաբել, անփող ուղարկել էին: Էնտեղից պարտք է արել, որ կարողանա վերադառնալ: Ախալքալաքում մի հայ ուզում է պատգամավորական թեկնածությունն առաջադրի, գազը ձրի քաշում է: Էստեղից բրիգադները հավաքել-տարել ու մարդկանց աշխատացնելով՝ խաբել, անփող հետ է ուղարկել: Ասել է՝ գնացեք, փողերը կուղարկեմ, բայց մինչև էսօր ոչինչ չի արել: Հիվանդանոցում երեխան մահանում էր՝ 40.000 դրամ էին ուզում: Բժիշկներից մեկը խղճաց, ասաց՝ ես էդ գումարը կտամ, երեխան կարող է մահանալ, բայց մինչև իրիկուն կվերադարձնեք ինձ: Հետո էլ, թե՝ արյան փող պետք է վճարեք կամ արյուն տաք: Արյունը տվեցինք, բայցգ 10 օր հետո երեխան մահացավ: 10 օր կոմայի մեջ մնաց, ոչ աչքերը բացեց, ոչ շարժվեց…
Բժիշկներն ասացին՝ սննդազրկվել էգ Կրծքով կերակրվող երեխա էր, արհեստական կերի հնարավորություն չկար: Սա է… Պետության ողորմություն նպաստներից հրաժարված ընտանիք, որտեղ ընտանիքի հայրը կոպեկներով բանվորություն էր անում, բայց հիմնական աշխատանք այդպես էլ չէր գտնում: Երեխաների միանվագ նպաստը մինչև տվեցին՝ քթներից բերեցին:
Վեց ամիս շարունակ զույգ երեխաների հետ Աշտարակից Երևան էր գնում, ինչ ա թե՝ այդ միանվագ օգնությունը ստանա: Ստացավ, պարտքերը տվեց, մեկ ամիս անց երեխան մահացավ: Երկու ամսականում երեխային ստուգել էին, միանգամայն առողջ երեխա էր: Երեխան սովամահ եղավ: Չգիտես՝ արժանապատվության համար կռվե՞լն է ճիշտ, թե՞ արժանապատվությունը ոտքերի տակ դնելով` շարունակել ապրելը: Ի՞նչ անենք, ասեք… Զույգերից մեկը ողջ է, բայց տղաս դեռ գործազուրկ է: Տանն աշխատող չկա: Ընդունի՞ պետության ողորմությունը, թե՞ պայքարի իր արժանապատվության համար: Դառնա նպաստառու ու մուրացկա՞ն, թե՞ աշխատանք պահանջելով՝ երեխա կորցնի: Առաքելական եկեղեցուց առաջարկել էին ճաշարանից օգտվել:
Իմ երեխաները սոված կլինեն, կփակվեն տան մեջ՝ կմեռնեն, բայց ուրիշի տված հացը չեն ուտի: Մենք արժանապատվություն ունենք: Ես «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ եմ: Ուրիշները ազգահավաքների ժամանակ մոտենում, մուրացկանի նման փող են ուզում՝ 20.000 դրամ, 100 դոլար: Ինձ պետք չի իրենց կեղտոտ փողերը, ինձ աշխատանք է պետք, որ երեխաս իմանա, որ իր հայրն ընդամենը 30.000 դրամ է աշխատում, ու այդ 30.000 դրամով պետք է ապրենք, ցամաք հաց ուտենք ու քնենք: Մենք էդքան անարժանապատիվ ազգ ենք, որ մեզ չպետք է մուրացկանի նման 20.000 դրամ շպրտեն: 5 անգամ նամակ եմ գրել, աշխատանք եմ խնդրել ամուսնուս ու տղայիս համար, բայց ոչ մի պատասխան:
Ձեզնից մինիստրի գործ չեմ ուզում, ընդամենը՝ բանվորի, ամբողջ գործարանները ձեր ձեռքի տակ են: Հիմա ես այլևս ոչինչ չեմ պահանջում, ընդամենը մեկ բան՝ դրեք մեր անձնագրերի վրա կնիք, և հանրապետությունից արտաքսեք: Թույլ տվեք, որ մեր մյուս երեխաները ապրելու հնարավորություն ունենան, մի սպանեք հերթով: Մենք ձեր ստրուկները չենք, մենք չենք ընդունելու ձեր ողորմությունները, չեք կարողանալու մեզ մուրացկան սարքեք: Թույլ տվեք որևէ երկրում բանվորությամբ գումար վաստակելու միջոցով շարունակենք ապրել: Բավական է…»: