«Սրանք շտապ ու նախնական քննարկումներ են, իրական փոփոխությունները և պատկերը կուրվագծվի հունիսից հետո»․ Սոսո Ցինցաձե

Վրաստանը հետաքրքրված է այն օրակարգով, որով Զարիֆը ժամանում է տարածաշրջան. վրացի վերլուծաբան

Ղարաբաղյան երկրորդ մեծ պատերազմից հետո Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն այցելելու է Երևան և Բաքու արդեն երկրորդ անգամ:

Նրա հետպատերազմյան առաջին այցը տեղի էր ունեցել հունվար ամսին, իսկ մյուսը՝ սպասվում է վաղը:

Ավելին, Զարիֆի այցին ընդառաջ՝ Երևանում է Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մոհամադ Էսլամին, որը հայ-ադրբեջանական սահմաններին ադրբեջանական ոտնձգություններից հետո հանդիպել էր Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանի հետ ու քննարկել՝ ինչպես միջադեպը, այնպես էլ՝ Պարսից ծոց-Սև ծով պրոյեկտը:

Սուրեն Պապիկյանը նախօրեին ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Իրանի ճանապարհաշինության և քաղաքաշինության նախարար Մոհամմադ Էսլամիի գլխավորած պատվիրակությանը։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ զրուցակիցներն անդրադարձել են ճանապարհատրանսպորտային ոլորտում երկու երկրների փոխգործակցության ընդլայնման հնարավորություններին, քննարկել հայ-իրանական սահման ձգվող միջպետական մայրուղիների կառուցման, Հայաստան-Իրան տարանցիկ փոխադրումների ակտիվացման, բեռնափոխադրումների գործընթացում ընթացակարգերի կանոնակարգմանն ու դյուրինացմանն առնչվող հարցեր։ Մոհամադ Էսլամին վերահաստատել է իրանական կողմի պատրաստակամությունը տնտեսական կապերի խորացմանը նպաստող փոխշահավետ նախաձեռնությունների, մասնավորապես՝ «Պարսից ծոց-Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցքի նախագծի կյանքի կոչման գործում։ էսլամին խոսել է Հայաստանի հետ ավտոմոբիլային և երկաթուղային հաղորդակցությունն ընդլայնելու, «Հյուսիս-Հարավ» ճանապարհի հարավային հատվածների կառուցման աշխատանքներին ներգրավվելու իրանական կողմի հետաքրքրվածության մասին։ Կողմերը քննարկել են այս պրոյեկտներն իրագործելուն ուղղված այլ ծրագրեր:

168.am-ի հետ զրույցում վրացի վերլուծաբան Սոսո Ցինցաձեն նշեց, որ տարածաշրջանում տեղի ունեցած ողբերգական պատերազմից հետո դեռ լիարժեքորեն ձևավորված չէ այս գոտում գերտերությունների ազդեցությունների տարանջատումը:

Նրա խոսքով, պատերազմը ցնցում էր, որն իր հետ բերեց աշխարհաքաղաքական նոր ցնցումներ, վերադասավորումներ, և ներկայումս Իրանը, ինչպես նաև Վրաստանը փորձում են աշխարհաքաղաքական կորուստներ չկրել, ինչ-որ կերպ փորձելով իրագործել պրոյեկտներ, որոնք բխում են իրենց շահերից:

«Առաջին հերթին՝ սա ուղղված է Ռուսաստանի ազդեցության թուլացմանը: Վրաստանը չէր կարող նախ՝ մասնակցել Ռուսաստանի մասնակցությամբ որևէ պրոյեկտի, և այն, ինչ քննարկվում է Վրաստան-Իրան-Հայաստան-Հնդկաստան ձևաչափով, Վրաստանի շահերից է բխում: Այս ենթակառուցվածքների ձևավորման օգտին է աշխատում Արևմուտքը, որն իր հերթին՝ Վրաստանին վստահություն է տալիս աշխատելու այս ուղղությամբ:

Սա տարածաշրջանի ձևավորման ակտիվ փուլն է, որում Իրանին, Վրաստանին ու Հայաստանին կապում է շատ բան, առաջին հերթին՝ ճանապարհները, եթե այս պրոցեսների նկատմամբ ազդեցությունը կորցնեն մեր երկրները, ապա չեն ունենա իրենց տնօրինության տակ որևէ կապուղի, ուստի զուգահեռ եռակողմ բանակցությունների՝ Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան ձևաչափով, մեկ այլ հարթակ են ձևավորել և քննարկում են արևմտյան պրոյեկտները:

Ըստ իս՝ խոսուն է այն փաստը, որ այս տարվա ընթացքում տեղի է ունենում ԻԻՀ ԱԳ նախարարի երկրորդ այցը տարածաշրջան:

Տպավորություն է ստեղծվում, որ իրանական կողմը գոհ չէ կամ առաջին այցից, կամ իրավիճակներ են փոխվում, որոնց արձագանքելու կարիք կա: Կարծում եմ՝ և մեկը, և մյուսը: Այնուամենայնիվ, Վրաստանը հետաքրքրված է այն օրակարգով, որով Զարիֆը ժամանում է տարածաշրջան»,- ասաց վերլուծաբանը:

Նրա կարծիքով, սակայն, չի բացառվում, որ ընտրություններն Իրանում, Հայաստանում փոխեն այս քննարկումների ընթացքը, քանի որ իշխանությունների արտաքին քաղաքական կողմնորոշումից ևս շատ բան է կախված:

«Ուստի, կարծում եմ՝ սրանք շտապ ու նախնական քննարկումներ են, իրական փոփոխությունները և պատկերը կուրվագծվի հունիսից հետո»,- ասաց նա:

Մեր հարցին, թե ինչո՞ւ է ներկայումս Ղարաբաղյան հակամարտությունը վերափոխվել հայ-ադրբեջանական հակամարտության, Ցինցաձեն պատասխանեց, որ դա մի շարք պատճառներ ունի:

«Այդ նրբությունն առավելապես ընկալելի է ներքին լսարանի համար: Իսկ արտաքին լսարանի համար՝ կոնկրետ ինձ համար, նկատելի է եղել, որ կա ցանկություն՝ չփոխադրել հակամարտությունը հայ-ադրբեջանական հարթություն, բայց բանակցողը մշտապես եղել է Հայաստանից, ՀՀ իշխանությունը ստորագրեց հրադադարի հայտարարությունը: Փաթեթավորվել է հակամարտությունը՝ որպես Ղարաբաղյան, բայց մի շարք պատճառներից ելնելով՝ հնարավոր չի եղել այն պահպանել այդ սահմաններում: Եվ ներկայումս ստացվում է, որ մի տեղում կան խաղաղապահներ և պահպանվում է հրադադար, և խնդրահարույց է դարձել հայ-ադրբեջանական սահմանը, քանի որ սահմանն ընդլայնվել է, և պատերազմից հետո բոլոր քաղաքական ու ռազմական հարցերը չէ, որ լուծվել են»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս