«Թուրքիայի գերնպատակներից մեկը «միջանցքի» ձեռքբերումն է, այդ նպատակին հասնելու համար անում է և անելու է երևացող ու չերևացող քայլեր». Ռուբեն Մելքոնյան

Մայիսի 12-ին թշնամին խախտելով հայ-ադրբեջանական սահմանը՝ մի քանի կիլոմետր Սյունիքի, Գեղարքունիքի մարզերի հատվածներում առաջ է եկել, մինչ օրս նրանք առաջ եկած հատվածներում են և հետ չեն գնում։ Սյունիքում մի քանի անգամ անցկացվել են բանակցություններ, որպեսզի թշնամին հետ գնա, սակայն ապարդյուն։ Հարակից գյուղերի ղեկավարներն ու բնակիչներն ասում են, որ թշնամու զինվորներն ինչ-որ քարտեզներով են առաջ եկել և պնդում են, թե վերադասից հրաման են ստացել, որ առաջ գան, քանի որ համարում են, որ այդ տարածքներն ադրբեջանական են։ Մայիսի 16-ին կայացած բանակցությունների վերաբերյալ, որին մասնակցում էր նաև Արցախում տեղակայված ռուս խաղաղպահների ղեկավար Ռուստամ Մուրադովը, նույնպես որևէ հստակություն չկա։

168.am-ի հետ զրույցում ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ  Ռուբեն Մելքոնյանն անդրադառնալով Սյունիքում Ադրբեջանի սադրանքներին և այդ համատեքստում Թուրքիայի գործոնին, նկատեց՝  այստեղ կա թուրքական ոճ, որովհետև պարզ էր, որ Արցախյան պատերազմից հետո պատերազմը շարունակվելու էր այլ ոճով, այլ հարթությունում՝ սահմանային սադրանքներ, բանակցային ձևաչափում տարատեսակ պահանջների ներկայացում, ինչը բնորոշ է թուրքական պետությանը, այդ նույն մտածողության կրողն է նաև Ադրբեջանը։

«Այսինքն՝ մենք կարող ենք սպասել, որ հաշվի առնելով սահմանային տարբեր հատվածներում ադրբեջանցիների չհիմնավորված առաջ գալը, նրանց նկրտումները  և Հայաստանի թույլ վիճակը, դիմադրողականության բացակայությունը, ադրբեջանական այդ պահանջները խրախուսվելով Թուրքիայի կողմից՝ անընդհատ շարունակվելու են։ Թուրքիայի գերնպատակներից մեկը «միջանցքի» ձեռքբերումն է, որի միջոցով նա կապվելու է Նախիջևանին, թուրքական աշխարհին, և այդ նպատակին հասնելու համար Թուրքիան անում է և անելու է երևացող ու չերևացող քայլեր։ Չերևացող քայլերից կարող ենք համարել Ադրբեջանին խրախուսելը, ադրբեջանական նկրտումներն էլ ավելի ագրեսիվ դարձնելու նրա ծրագրերը»,- նշեց Ռուբեն Մելքոնյանը։

Հետևաբար, թուրքագետի կարծիքով՝ այն, ինչ այսօր տեղի է ունենում Սյունիքում, տարբեր ոլորտների վերաբերող բազմաշերտ խնդիր է և թուրք-ադրբեջանական ագրեսիայի շարունակությունն է։

Ըստ թուրքագետի, ցավոք,  Հայաստանն այս ագրեսիային դիմադրելու իր բոլոր ռեսուրսներից, ներկայիս իշխանության ապաշնորհ քաղաքականության հետևանքով, զրկվել է։

Հարցին՝ հաշվի առնելով պաղեստինաիսրայելական բախումները և դրանց զարգացումները, որի դեպքում Թուրքիայի համար նոր ճակատ է բացվել, արդյո՞ք Թուրքիան շարունակելու է նախկին ակտիվությամբ աջակցել Ադրբեջանին, Ռուբեն Մելքոնյանը պատասխանեց, որ վերջին տարիներին Թուրքիայի քաղաքականությունը, պայմանական ասած, մի քանի խնդիրների համաժամանակյա ստեղծում և գործողություն է։

«Ըստ այդմ,  չեմ կարծում, որ պաղեստինաիսրայելական խնդիրը կարող է կասեցնել Թուրքիայի ակտիվ ու ագրեսիվ գործողությունները Հարավային Կովկասում, որովհետև պաղեստինաիսրայելական խնդիրը և դրա թուրքական արձագանքը, այսպես ասած՝ օրինաչափ է և նոր չէ։ Թուրքիայի և Իսրայելի միջև նմանատիպ թեժացումներ, ճգնաժամեր նախորդող տասնամյակներում տեղի են ունեցել, սա նոր երևույթ չէ, և չեմ կարծում, որ դա ունի այնպիսի ներուժ, որը կխոչընդոտի Թուրքիայի թուլացմանը Հարավային Կովկասում և այլ տարածաշրջաններում»,- հավելեց թուրքագետը։

Թե ի՞նչ զարգացում կարող է ունենալ Սյունիքում ստեղծված իրավիճակը, եթե իշխանությունները կտրուկ քայլեր չձեռնարկեն և շարունակեն սպասել, Ռուբեն Մելքոնյանը պատասխանեց.

«Եթե տվյալ իշխանությունը չի կարողանում ապահովել սահմանային ամբողջականության խնդիրները, ուրեմն՝ տվյալ իշխանությունը պետք է փաստի, որ ինքը տապալել է, ինչպես այլ ոլորտներում, տապալել է նաև տարածքային ամբողջականության պահպանումը։ Այս իշխանությունների պարագայում, կարող ենք սպասել, որ ադրբեջանական սադրանքները, նկրտումները շարունակվելու են, ադրբեջանական պահանջները շարունակվելու են։ Ակնկալել, որ Ադրբեջանը կպահի որևէ պայմանավորվածություն, կամ կառուցողական  դիրքորոշում կցուցաբերի՝ ինքնախաբեություն է։ Պետք է սպասենք այս ոճով ագրեսիվ, ավելի ագրեսիվ գործողությունների շարունակություն, ադրբեջանական նոր պահանջներ, որը սպասելի է ադրբեջանական պետական մտածողությանը քիչ թե շատ ծանոթ մասնագետի համար»։

Տեսանյութեր

Լրահոս