Բաժիններ՝

Էլիոթ Ուայնբերգեր. Թղթե վագրերը

Հատված
Ոմն արքա դատի տարօրինակ արարողակարգ հորինեց: Մեղադրյալը ժողովրդի առաջ դուրս էր գալիս մրցասպարեզ և պիտի բացեր միանգամայն միանման դռներից մեկը: Մեկի ետևում նստած էր վագրը, որ պատրաստ էր տեղնուտեղը խժռելու մեղադրյալին, այսպիսով հավաստելով, որ դատապարտյալը մեղավոր է:

Մյուս դռան ետևում թաքնված էր մի կին, «տարիքով և կարողությամբ նրան համապատասխանող», ում նա անմիջապես պիտի կնության առներ, որպես իր անմեղության ընծա: (Եվ ոչ մի նշանակություն չունի՝ ամուսնացա՞ծ է նա, թե՞ ոչ, ընտանիքի տե՞ր է, և կամ իր սիրտը պատկանո՞ւմ է մեկ ուրիշին, արքայի մտքով էլ չէր անցնում, որ նմանատիպ պարապ բաները կարող են խանգարել ընծային և հատուցմանը վերաբերող իր մեծ գաղափարի իրականացմանը): Այսպիսով, մեղադրյալը պատրաստ էր «բացելու ցանկացած դուռը, բացաձակապես չպատկերացնելով, թե մի ակնթարթ անց իրեն ինչ է սպասում` վագրի արյունռուշտ երա՞խը, թե՞ նորահայտ կնոջ գրկախառնումը»:

Ինչպես և հարկ էր սպասել, արքան դուստր ուներ, ով, իհարկե, մի անգամ սիրահարվել էր գեղեցիկ ռամիկի: Լսելով այդ մասին, արքան հրամայել էր հանցագործ պատանուն ուղարկել հենց ադ մրցասպարեզ: Դռներից մեկի ետևում, ինչպես ասացինք, սպասում էր վագրը, վագրերի մեջ ամենակատաղիներից մեկը, որ թափառում են երկրի անտառներում, իսկ մյուս դռան ետևում` աղջիկը, ում գեղեցկությունը կարող էր մթագնել արքայադստեր գեղեցկությունը:

Փորձությունից առաջ արքայադուստրը խորամանկորեն կարողացավ իմանալ, թե ի՞նչ է արդյոք թաքնված այդ և մյուս դռան ետևում, երբ պատանին մրցասպարեզ ելավ, նա նրան աննկատելիորեն ձեռքով արեց: Եվ այնժամ նա, առանց տատանվելու, բացեց աջ կողմի դուռըգ Բայց ահա մի հարց` ո՞ր տեսարանն ավելի ուժգին կարող էր վշտացնել «ջերմարյուն կիսավայրենի արքայադստերը»` կտոր-կտոր արված սիրեցյա՞լը, թե՞ ողջ, բայց կնոջ գրկում, գուցե թե, ավելի հրապուրիչ, քան հենց ինքը:
Ի՞նչ էր նշանակում նրա ճակատագիրը: Կամ, ինչպես ասվում է պատմվածքի վերջում. «Ո՞վ հայտնվեց բացված դռան ետևում, կի՞նը, թե՞ վագրը»:
«Կի՞ն, թե՞ վագր»` Ֆրենկ Սթոքթոնի այդ պատմվածքը տպագրվեց 1882 թվականին «Սենթորի Մեգեզինում», և շուտով գրավեց ողջ աշխարհի ընթերցողների ուշադրությունը: Այն ժամանակ անորոշ ավարտով ստեղծագործությունները դեռ մոդայիկ չէին և գրգռում էին հասարակության ուշադրությունը, և այդ պատճառով վերջին 20 տարին ընթերցողները բավական նեղում էին Սթոքթոնին՝ պատմության ավարտի այլացումներով, իսկ երբեմն և՝ սպառնալիքներով: Օրինակ, 1896 թվականին Սան Ֆրանցիսկոյի «Ուեյն» թերթը հաղորդեց, թե ինչպես մի անգամ նրա հետ կատակեց Ռադիարդ Քիփլինգը` նրա կատակը, ի դեպ, փոքր-ինչ նման էր ինչ-որ արևելյան բռնակալի սրախոսության:

Սթոքթոնն ու Քիփլինգը մի անգամ հանդիպեցին ինչ-որ գրական երեկոյի ժամանակ: Բարևներ փոխանակելուց հետո Սթոքթոնն ասաց. «Ի դեպ.Քիփլինգ, չէ՞ որ ես էլ եմ պատրաստվում ինչ-որ կերպ հայտնվել Հնդկաստանում»: Ինչին որ Քիփլինգը, ձայնի մեջ կասկածելի գորովանքով՝ պատասխանեց. «Խնդրեմ, ծերուկ: Մենք բոլորս անհամբերությամբ սպասում ենք ձեզ: Իսկ գիտե՞ք, թե ինչ կլինի ձեզ հետ այնտեղ, հարազատներից և ընկերներից հեռու:

Ամենից առաջ, մենք ձեզ կքաշենք ջունգլիների խորքերը, կբռնենք ու պինդ կկապենք, այդտեղ մեզ օգնության կգան մեզ հավատարիմ հնդիկ ծառաները: Իսկ այնուհետև կնետենք այնտեղ գտնվող ամենամեծ փղի ոտի տակ և կհրահանգենք, որպեսզի նա կանգնի ձեր գլխի վրա, և երբ նա արդեն իր ոտքը բարձրացնի, քնքշագույն ձայնով ես ձեզ ահա թե ինչ կասեմ. «Դե, Սթոքթոն, այդուհանդերձ, ի՞նչ էր այնտեղ, կի՞ն, թե՞վագր»:

Ռուսերենից թարգմանեց Վարդան Ֆերեշեթյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս