Նիկոլ Փաշինյանը թաքցրել է Պուտինի հետ ընտրությունների մասին խոսակցությունը
Վարչապետի պաշտոնական կայքը հերթական անգամ Պուտին-Փաշինյան հեռախոսազրույցի բովանդակության մեջ ըստ ճաշակի ավելացումներ և սրբագրումներ է կատարել: Նախ՝ ՀՀ վարչապետի պաշտոնական կայքի տարածած հաղորդագրության մեջ նշված է, թե «զրուցակիցները քննարկել են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կետերի իրականացման ընթացքը, մասնավորապես՝ կարևորելով 8-րդ կետի լիարժեք կյանքի կոչման անհրաժեշտությունը, որը վերաբերում է ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց փոխանակմանը»:
ՌԴ նախագահի պաշտոնական կայքում այս մասին որևէ խոսք չկա:
Երկրորդ՝ Կրեմլի հաղորդագրության մեջ ասվում է, որ Նիկոլ Փաշինյանը Պուտինին տեղեկացրել է հունիսին նշանակված արտահերթ խորհրդարանական ընտրությունների հետ կապված՝ Հայաստանում ներքաղաքական իրավիճակի զարգացման մասին, ինչի մասին էլ լռում է վարչապետի պաշտոնական կայքը:
Հիմա կամ Պուտինն է փորձել որոշակի ճշգրտումներ անել այս մասով, կամ Փաշինյանն է փորձել «երաշխիքներ» ստանալ, որոնք Փաշինյանը ցանկացել է գաղտնի պահել:
Պարզապես ամեն անգամ նա հաշվի չի առնում մի բան՝ ապրում ենք սոցցանցային և տեղեկատվական տեխնոլոգիաների դարաշրջանում, և ինչպես ՀՀ-ի, այնպես էլ դրսի, տվյալ դեպքում՝ ՌԴ-ի պաշտոնական հաղորդագրությունները միաժամանակ հասանելի են: Եվ քանի որ Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ չէ, որ ստել է, ցավոք, բայց ստիպված ենք նորից հավատալ ռուսական կողմին: