Սևիլիան կընդունի Եվրո-2020-ի խաղերը
Իսպանական Սևիլիա քաղաքը կընդունի ֆուտբոլի Եվրոպայի առաջնության խաղերը: Այս մասին գրում է Reuters-ը: Նախօրեին հայտնի էր դարձել, որ իսպանական Բիլբաո քաղաքը չի ընդունի Եվրոպայի ֆուտբոլի առաջնության խաղերը:
ՈՒԵՖԱ-ի գործկոմը ապրիլի 23-ին վերջնական կորոշի, թե Եվրոպայի ֆուտբոլի առաջնության խաղերը որ քաղաքներում կանցկացվեն: Այժմ հարցականի տակ են նաև Դուբլինում և Մյունխենում կայանալիք խաղերը: Եթե որոշում կայացվի, որ հանդիպումները չեն կայանա այդ քաղաքներում, ապա հնարավոր է, որ հավելյալ 4 հանդիպումներ անցկացվեն Լոնդոնում:
ՈՒԵՖԱ-ն ավելի վաղ հայտարարել էր, որ մարզադաշտերը, որոնք կընդունեն հանդիպումները, պարտավոր են ապահովել երկրպագուների անվտանգությունը: Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Եվրոպայի առաջնությունը կանցկացվի 2021 թվականին` հունիսի 11-ից հուլիսի 11-ը:
Եվրոպայի առաջնության 60-ամյակի կապակցությամբ մրցաշարն արդեն կանցկացվի (առանց Բիլբաոյի) 11 քաղաքներում` Լոնդոնում, Մյունխենում, Սանկտ-Պետերբուրգում, Բաքվում, Հռոմում, Բուխարեստում, Դուբլինում, Կոպենհագենում, Գլազգոյում, Բուդապեշտում և Ամստերդամում: