«Էլ չբերեք հաստիքացուցակի ավելացում, պարոն Համբարյան». Թեհմինա Վարդանյանը՝ Քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարին

Երևանի ավագանին այսօր միաձայն կողմ քվեարկեց «Ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունում» հաստիքների ավելացման նախագծին: Քաղաքապետի խորհրդական Դավիթ Ճգնավորյանը ներկայացրեց, որ այդ վարչությունում դիմումները կտրուկ աճել են՝ կապված ինքնակամ շինարարությունների օրինականացման հետ, և այդ ծավալը որակյալ սպասարկելու համար անհրաժեշտ են նոր հաստիքներ:

«ՃՔ վարչության մասով մենք ավելացնում ենք 8 հոգի՝ 61-ից կդառնա 69 աշխատակիցների քանակը, որից երկուսը բացարձակապես նոր պաշտոն են, ուզում ենք իրավաբանների ծառայությանը դիմենք, մեր աշխատակազմի մեջ ներառենք երկու իրավաբան»,- ասաց Ճգնավորյանը:

Ավագանու անկախ անդամ Իզաբելլա Աբգարյանը հիշեցրեց, որ ինքն առաջարկ է ներկայացրել՝ վարչական շրջանների ճարտարապետական և քաղաքաշինական բաժիններին տալ ավելի շատ լիազորություններ, որ բեռնաթափվի Երևանի քաղաքապետարանի տվյալ բաժինը: Ճգնավորյանը պնդեց, որ համաձայն է, և կանդրադառնան բարձրացված հարցին: Հնչեցին կարծիքներ, որ հնարավոր է՝ իրավաբանների ներգրավումը  «Ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունում» խանգարի «Իրավաբանական վարչության» հետ աշխատանքին, սակայն նախագիծը ներկայացնողն ու ՃՔ վարչության պետի ժ/պ-ն պնդեցին հակառակը: Ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանն ասաց, որ կողմ է հաստիքացուցակի ավելացմանը, և պետք է ինքնակամ շինությունների օրինականացման համար դիմող քաղաքացիների նկատմամբ անհատական մոտեցում ցուցաբերել:

«Բոլորս էլ գիտենք, ունենք 27.000 ինքնակամի դիմում, և եթե օրական անգամ 100 դիմում փորձի վարչությունը նայել, ինչը, բնականաբար, չի կարողանալու անել, մեկ տարի տևելու է՝ մինչև էդ մարդկանց վերջնական պատասխանները տանք: Համոզված եմ, որ էդ ինքնակամների դիմումների 70%-ը մերժվելու է, մերժվածների 90 %-ն էլ դիմելու են դատարաններ… Պետք է յուրաքանչյուր դիմումի ոչ թե ստանդարտներով մոտենանք, եթե ստանդարտներով մոտենանք՝ կարող է ինքնակամների դիմումների 98 %-ն էլ մերժվի, բայց այդ ինքնակամները գումար են, որոնք կարող են ուղղվել Երևանի բյուջե, և մենք կատարենք բազում ծրագրեր, պետք է անհատական մոտեցում ցուցաբերենք»,- ասաց Մանրիկյանը:

Քաղաքապետ Հայկ Մարությանը հիշեցրեց, որ իրենք ամեն դեպքում գործ ունեն ապօրինի շինարարությունների հետ, և օրենքով մերժումները զսպաշապիկ են ինքնակամ շինարարությունների համար:

«Ինքնակամ, ապօրինի շինարարությունն օրինականացնելու գաղափարը, ըստ իս, ամենասխալ գաղափարն էր, որ կարելի էր մտցնել էս ամեն ինչի մեջ, որը բերել է այն քաոսին, ինչ այսօր տիրում է Երևանում: Իմ պաշտոնավարումից 2 ամիս անց մենք արդեն  մեր Իրավաբանական վարչության հետ նախագիծ ենք ուղարկել Կառավարություն և խնդրել ենք մեր հարգարժան կառավարությանը, որ այդ 912 N չարաբաստիկ որոշումը, առնվազն որոշման մեջ փոփոխել պետական և համայնքային հողերի վերաբերյալ դրույթները, այն է՝ պետական և համայնքային հողերի վրա այլևս՝ X օրվանից սկսված, ընդհանրապես չի օրինականացվելու ոչ մի կառույց: Ցավով ուզում եմ նշել, որ անցել է արդեն 2 տարի և մի քանի ամիս, այդ ուղղությամբ մենք արդյունք չունենք, այսինքն՝ Կառավարությունում այդպես էլ մնացել է»,- ասաց Մարությանը:

Ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը հիշեցրեց, որ նախորդ բոլոր նիստերի ժամանակ ինքը դեմ է արտահայտվել հաստիքացուցակի ոչ նպատակային ավելացմանը, սակայն ասել է, որ, եթե ավելացվեն «Ճարտարապետության և քաղաքաշինության վարչության» հաստիքները, ինքը չի դժգոհի, որովհետև կարիքը կա:

«Տեսա՞ք, պարոն Համբարյան, որ ես եկա կողմ խոսեցի, կողմ եմ քվեարկում, այնպես որ, խնդիրը հաստիքացուցակն ուռճացնելու հետ էր կապված: Իրավաբանական երկու հաստիքի ավելացմանը ևս կողմ եմ, որովհետև մինչև գալիս հասնում է մեր Իրավաբանական վարչություն, ավելի դանդաղում է ամեն ինչ: Հետևողական եմ լինելու, որ այդ դիմումների և բողոքների հարցերով քաղաքացիները որևէ մեկիս  չահազանգեն, որովհետև ահռելի մեծ խնդիր կա, և հուսով եմ՝ այդ խնդիրը կլուծվի: Էլ չբերեք հաստիքացուցակի ավելացում, պարոն Համբարյան»,- ասաց Թեհիմնա Վարդանյանը՝ դիմելով աշխատակազմի ղեկավարին:

Տեսանյութեր

Լրահոս