«Մենք դառնալու ենք սպառող, պորտաբույծ, չարչի մի հասարակություն». Մարինե Մանուչարյան
ՔՊ համահիմնադիր և նախկին անդամ, «Քաղաքացիական ֆորում» ՀԿ նախագահ Մարինե Մանուչարյանի կարծիքով՝ ՀՀ իշխանությունը բոբիկ է ընկալումների, տեղեկացվածության, կրթվածության, փորձի տեսակետից:
«Նախկինում Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու դիսկուրսը եղել է լրիվ այլ իրավիճակում՝ պետության պատրոնաժի տակ, այսինքն՝ եղել է պետական քաղաքականության տրամաբանության մեջ, իսկ պետական քաղաքականությունն այն էր, որ ՀՀ-ն Թուրքիայի հետ հարաբերվում է առանց նախապայմանների: Թուրքիան մեր առջև պայմաններ էր դնում՝ Արցախից դուրս գալ, սահմանը փակել էր դրա պատճառով, Ցեղասպանության պահանջատիրությունից հրաժարվել, և այլն: ՀՀ քաղհասարակությունը, իմ կոլեգաները, նաև՝ ես, նախկինում աշխատել ենք հիմնականում Թուրքիայի հետ հասարակությունների մեջ դիալոգ կերտելու և այդ նախապայմաններից հրաժարվելու, նաև այդ ընկալումները հասարակության մեջ զարգացնելու տեսակետից, այլ ոչ թե՝ պարտվողի դիրքից դռները բացենք. եկեք՝ բարեկամանանք, ընկերություն անենք, մոռանանք Ցեղասպանության պահանջատիրությունը, Արցախն արդեն կարծես թե նվիրել, վերջացրել ենք, սահմանը կբացենք, առևտուր կանենք, առանց հասկանալու, որ այն իրավիճակում, որում այսօր գտնվում է Հայաստանը, դա նշանակում է՝ ենթարկվել փափուկ էքսպանսիայի, և արդյունքում՝ ունենալ մի հասարակություն, որը կսպառի թուրքական մշակույթ, որը շատ շուտով կմոռանա իր ինքնությունը, գոյության հիմնասյունը, իր հողին կառչած լինելու անհրաժեշտությունը»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Մարինե Մանուչարյանի խոսքով՝ իշխանությունները և նրանց համակիրները շատ լավ հասկանում են, որ պատերազմից հետո հանրությունը շոկի մեջ է, և անդադար շոկային պրոցեսների մեջ են պահում մարդկանց, անդադար ինչ-որ լուր է ի հայտ գալիս, որը ցնցում է մարդկանց.
«Հետո այդ «դեղին» սովորում ես, և սկսում է չազդել, այսինքն՝ էլ ծանր ինֆորմացիան, տխուր տեքստերը քո վրա չեն ազդում: Մենք արդեն ինֆորմացիան, որ ստանում ենք՝ ևս 50 մարմին հայտնաբերվեց, մարդիկ թերթում են, անցնում առաջ, դա չի դառնում այն թեման, որի համար դուրս կգան փողոց: Մի հատ հիշեք, ուղղակի, երեք-չորս տարի առաջ, եթե նման բան լիներ, ինչ կկատարվեր, քանի ակտիվիստներ փողոցները կլցվեին, քանի հոգի կգնար՝ տարբեր դեսպանատների առաջ գոռալու, քանի հոգի կգնար՝ կառավարության շենքի դիմաց գոռալու, կանիծեր Սերժ Սարգսյանին և կառավարությանը: Ամեն անգամ ինձ համար չափման միավորը այդպես է՝ եթե սա լիներ այն ժամանակ, ինչպիսի ազդեցություն կլիներ»:
Նա ընդգծեց, որ ԳՇ–ում տեղի ունեցողը լուրջ կասկածներ է առաջացնում, թե որքանով է մեր ԳՇ-ն մաքրված արտաքին ազդեցության գործակալներից, և առհասարակ, որքանով է մեր բանակը մաքուր գործակալական ցանցից.
«Բավականին զավեշտալի է, երբ այդ ամենը մեզ մոտ ավարտվում է դատական պրոցեսներով, այլ ոչ թե հստակ գործողություններով: Ինձ համար վաղուց անցել է սահմանադրականություն պահելու պահը, որովհետև մենք այլևս չունենք պետություն, մենք քվազի իրականության մեջ ենք ապրում, ընկել ենք թիթիզ ձևականությունների հետևից այդ հարցերում, այսինքն՝ հստակ գործողություններ էին պետք, և այդ գործողություններն իրականացնողներ չգտնվեցին»:
Մանուչարյանը նկատեց՝ Արցախի անկախության բարձրացման հարցն իրավիճակը փոխելու է այնքանով, որ բերելու է ասիմետրիկ օրակարգ.
«Այսինքն՝ այս պահին բոլորը կարծես թե համաձայնել և ընդունել են Հայաստանի կապիտուլյացիան, դրա շուրջ արդեն բաժան-բաժան են անում ռուսական, թուրքական, ադրբեջանական ազդեցությունները, մոռանում են հայկական շահի մասին, ամպեր են կուտակված Սյունիքի շուրջ։ Այսինքն՝ դա այն պահանջատիրությունը, այն պայքարն է, որի շուրջ պետք է համախմբվել: Եթե չկա մեզ առաջնորդող այդ աստղը, մենք որևիցե ուղղությամբ չենք կարողանալու շարժվել, դառնալու ենք սպառող, պորտաբույծ, դրսից ներկրվող ապրանքների հաշվին ապրող, դա վերավաճառող, չարչի մի հասարակություն, որը մասամբ արդեն դարձել ենք: Այսօր պայքարի նշույլներ զգացվում են երևի Տավուշում և Սյունիքում, մնացած բոլոր տեղերում մարդիկ իներցիայով, կյանքին հարմարված կամ արտագաղթելու մասին մտածող ինչ-որ զանգված են դարձել»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում