«Հանքարդյունաբերության ոլորտում անհրաժեշտ են արմատական փոփոխություններ»
Սյունիքի մարզում առկա հանքարդյունաբերական խնդիրների վերաբերյալ է 168.am-ի հարցազրույցը տեղի բնապահպան, Կապանի «Կայուն զարգացում» հ/կ-ի նախագահ Արմեն Փարսադանյանի հետ
– Նոյեմբերի 15-ին Կապանի «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲԸ պոչատարում վթար է արձանագրվել, ինչի համար ՀՀ բնապահպանության նախարարության Բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժինն ընկերությանը տուգանել է 2,8 մլն դրամով: Դուք տարակուսանք էիք հայտնել, որ ամիսներ առաջ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) պոչատարի վթարի հետևանքով նույն տեսչությունը տուգանել է 400.000 դրամով, երբ հասցված վնասն ավելի շատ էր: Ինչո՞վ եք պայմանավորում այս տարբերությունը:
– Այդ հարցը պետք է ուղղվի ոչ թե ինձ, այլ Բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժնի պետ Լևոն Պետրոսյանին: Մեզ համար նույնպես անհասկանալի է, քանի որ ԶՊՄԿ-ի պոչատարի վթարի հետևանքով 12 ժամից ավելի Ողջի գետով պոչեր էին հոսում, որը շատ բացասական ազդեցություն ունեցավ շրջակա միջավայրի վրա:
Գիտենք, որ ազատագրված տարածքներում բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ, հողագործությամբ, և այդ ջրերով են ոռոգում ազատագրված տարածքները: Մենք, իսկապես, չենք կարող գնահատել իրական հասցված վնասը, որովհետև տվյալ գյուղմթերքը սպառվում է տեղական շուկայում:
– Նախագահական ընտրություններին ընդառաջ՝ ի՞նչ իրավիճակ է Սյունիքի հանքարդյունաբերության ոլորտում:
– Ինչ-որ եզրեր չեմ կարող գտնել հանքարդյունաբերության ոլորտի և ընտրությունների միջև: Նման տենդենց նկատելի չէ:
– Հարցնում եմ, որովհետև սովորաբար ընտրություններին ընդառաջ՝ PR ակցիաներ են կազմակերպում, և հաշվի առնելով, որ Սյունիքը գտնվում է հանքարդյունաբերության կիզակետային գոտում, հնարավոր չէ՞ նման ակցիաների կազմակերպումը: Չէ՞ որ այդ տարածքում խնդիրների պակաս չկա. վերջերս «ԲԱՄՕ Մետալ» ընկերությունը ոսկու որոնողական աշխատանքներ է իրականացնում Կապանի Նոր Աստղաբերդ համայնքում , Քաջարանի Լեռնաձոր գյուղում ռուսներն ուրան են որոնում կամ Կապանի «Դինո գոլդի» Շահումյանի բազմամետաղային հանքավայրը բաց եղանակով շահագործելու հնարավոր տարբերակը:
– Ոչ բոլոր հանքարդյունաբերական ընկերություններն են, որոնք գտնվում են իշխանության վերահսկողության տակ` կոնկրետ «Դինո գոլդ մայնինգ քամփնին» արտասահմանյան ընկերություն է, և, ինչքան տեղեկացված եմ, այդ ընկերությունն ընդհանրապես չի մասնակցում քաղաքական գործընթացներին:
– Իսկ փորձե՞լ եք պարզել, թե «ԲԱՄՕ Մետալ» ընկերության կողմից ոսկու որոնողական աշխատանքներն ինչ փուլում են:
– Ուսումնասիրությունները շարունակվում են: Ճիշտն ասած, այդ հարցով մի քանի անգամ փորձել եմ հանդիպել Սյունիքի մարզպետի հետ, բայց դեռ չի հաջողվել: Հավանաբար, երբ նա արձակուրդից վերադառնա, կհաջողվի հանդիպել նրա հետ:
– Բայց մարզպետն արդեն վերադարձել է արձակուրդից:
– Ինչքան գիտեմ, Կապան եկել էր, բայց չգիտեմ` արձակուրդից վերադարձե՞լ է, թե՞ ոչ: Ինձ տեղեկացրել են, որ մարզպետը մինչ դեկտեմբերի 10-ը գտնվելու է արձակուրդի մեջ:
– Իսկ ի՞նչ փուլում են Լեռնաձորի ուրանի հանքավայրի ուսումնասիրությունները:
– Ուրանի հանքավայրի ուսումնասիրությունները դադարեցվել են:
– Դա ժամանակավո՞ր բնույթ է կրում:
– Չեմ կարող ասել` ժամանակավո՞ր է, թե՞ ոչ: Իրենք (նկատի ունի ուրանի որոնողական աշխատանքներով զբաղվող ընկերությանը.- Մ.Մ.) կիմանան այդ պատասխանը: Երբ իրենք սկսում են որոնողական աշխատանքները, մենք նույնպես սկսում ենք ակտիվանալ:
– Այսինքն` Ձեր բարձրացրած աղմուկի արդյունքո՞ւմ են դադարեցվել այդ աշխատանքները:
– Կարծում եմ` դա մեծ ազդեցություն է ունեցել, քանի որ, ինչպես գիտեք, ուրանի հանքի հնարավոր շահագործման համար ստորագրահավաք էինք կազմակերպել, և շուրջ 14.000 քաղաքացիներ մասնակցել են այդ ստորագրահավաքին: Ստորագրահավաքի մասնակիցների 99%-ից ավելին դեմ էր արտահայտվել ուրանի հանքի հնարավոր շահագործմանը: Կարծում եմ` նախընտրական շրջանում սա բացասաբար կանդրադառնա իրենց ցանկալի գործընթացներն ապահովելու համար, և առաջիկայում որոնողական աշխատանքները դժվար թե շարունակվեն:
– Բայց միևնույն ժամանակ՝ հիմա բավական ակտիվացել են «Դինո գոլդի» Շահումյանի բազմամետաղային հանքավայրի բաց եղանակով շահագործելու մասին խոսակցությունները: Դա հնարավոր համարեց նաև ընկերության վարչական գծով տնօրենը: Հանքավայրը Կապանից գտնվում է մոտ 5 կմ հեռավորության վրա: Որպես բնապահպան` ի՞նչ եք կարծում` հանքավայրի բաց եղանակով շահագործումն ի՞նչ ազդեցություն կունենա շրջակա միջավայրի վրա:
– «Դինո գոլդ մայնինգ» ընկերության վարչական գծով տնօրենը հասարակության տրամադրությունը ստուգելու համար «Առավոտ» թերթին նման թռուցիկ հայտարարություն է արել, թե ինքը շփվել է որոշ կապանցիների հետ, որոնք դրականորեն են վերաբերվել Շահումյանի հանքի բաց եղանակով շահագործմանը: Նա նաև նշել է, որ, իհարկե, կլինեն նաև բացասական դիրքորոշումներ: Կարծում եմ` առայժմ վաղաժամկետ է նման հայտարարություններ անելը, քանի որ հասարակության վերաբերմունքը միանշանակ չի լինի:
Մենք պետք է նախ ծանոթանանք բաց հանքի շահագործման աշխատանքային նախագծին: Մենք չգիտենք բաց հանքի շահագործման այնպիսի տեխնոլոգիա, որի արդյունքում պայթեցումների հետևանքով փոշի չի բարձրանա: Շահումյանի հանքավայրը շատ մոտ է գտնվում Կապանին, և, եթե լուրջ հիմնավորումներ չլինեն, ապա մենք միանշանակ դեմ կլինենք:
Ընկերությունը պետք է շատ լուրջ վերաբերվի, հանրությանը և հասարակական կառույցներին երաշխավորի, և նվազագույնի հասցնի շրջակա միջավայրի վրա ազդեցությունը: Ընկերության վարչական գծով տնօրենը մեզ ներկայացրել է կանադական ինչ-որ տեխնոլոգիայի մասին, որը, ըստ նրա` խոչընդոտում է և թույլ չի տալիս փոշու և աղմուկի տարածումը: Չգիտեմ, թե որքան է իրական այդ օրինակը, քանի որ մինչ այդ չեմ լսել այդ տեխնոլոգիայի մասին: Ես ավելի շատ սպասում եմ աշխատանքային նախագծին: Իսկ այն, որ պետք է ներկայացնեն շատ լուրջ հիմնավորումներ` փաստ է:
– Որքան էլ ընկերությունը ներկայացնի Ձեր ակնկալած հիմնավորումները` արդյո՞ք մտահոգիչ չէ այն, որ միևնույն տարածքում երկրորդ բաց հանքը կշահագործվի:
– Միանշանակ, բայց հանքերի շահագործման տեխնոլոգիան մեծ նշանակություն ունի: Եթե, իսկապես, վերահսկելի, կանխատեսելի լինեն իրականացվող աշխատանքները, շահագործման տեխնոլոգիան մեծ նշանակություն ունի, եթե Շահումյանի հանքավայրի բաց եղանակով շահագործումն իրականացվի այնպես, ինչպես Հայաստանի բաց հանքերի շահագործման մյուս դեպքերում է, ապա մենք միանշանակ դեմ կլինենք:
– Ի՞նչ զարգացումներ եք կանխատեսում և հիմա ի՞նչ աշխատանքներով եք զբաղված:
– Այս խնդիրը համակարգային, արմատական լուծում է պահանջում, քանի որ, գիտեք, որ Սյունիքի մարզը համարվում է հանրապետության հանքարդյունաբերության կենտրոնը: Նախևառաջ, առաջին քայլը պետք է լինի այն, որ հասարակության տեղեկացվածության մակարդակը բարձրացվի, որպեսզի քաղաքացիները գիտակցեն շրջակա միջավայրի ազդեցությունը մարդու առողջության վրա: Իսկ դրա համար անհրաժեշտ է տեղեկացնել հասարակությանն իրենց մասնակցության իրավունքը` բնապահպանական որոշումների գործընթացի մասին: Իսկ այդ ծրագրերի իրականացման համար հասարակական կազմակերպություններին անհրաժեշտ են դրամաշնորհային ծրագրեր:
Մենք մեր հնարավորությունների շրջանակում իրականացրել ենք ծրագրեր, ինչպես, օրինակ, ուրանի հանքի շահագործման դեմ ուղղված ակցիաները, բայց դրանք բավարար չեն, քանի որ խնդիրը մարզի ամբողջ բնակչության տեղեկացված լինելն է:
– Տեղի բանապահպանները, կարծես, շատ ավելի պասիվ են, քան մայրաքաղաքի բնապահպանները: Վերջիններս ավելի արագ են արձագանքում մարզերի բնապահպանական խնդիրներին: Վախի մթնոլո՞րտ կա Կապանում: Օրինակ, ինչո՞ւ չեն խոսում ԶՊՄԿ-ի գործունեության հետևանքով առաջացած բնապահպանական խնդիրների մասին:
– Ճիշտն ասած, ես համաձայն չեմ ձեզ հետ: Օրինակ, մենք առաջինն արձագանքեցինք ԶՊՄԿ-ի պոչատարի վթարի մասին, և ես պարբերաբար ԶԼՄ-ներին հարցազրույց էի տալիս այդ մասին: Միգուցե լինեն մարդիկ, ովքեր խուսափում են խոսել խնդիրների մասին, բայց հասարակական կազմակերպությունները քննադատական հայտարարություններով հանդես եկան կոնկրետ այդ դեպքի վերաբերյալ` քննադատելով ԶՊՄԿ-ին և Սյունիքի Բնապահպանական պետական տեսչության գործելաոճը:
Ուզում եմ հավելել նաև, որ հասարակության տեղեկացվածության բարձրացմանն ուղղված 30.000 դոլարանոց ծրագիր եմ գրել, և ցանկալի կլինի, որ միջազգային կազմակերպություններն արձագանքեն: Կարծում եմ, որ տարածաշրջանում տնտեսական այլ ճյուղերի զարգացումը մեր ժամանակների հրամայականն է: Բոլորս քաջ գիտակցում ենք, որ բնական պաշարները անսահմանափակ չեն, և դրանց սպառվելու դեպքում պետք է պետությունն ունենա տնտեսական զարգացման ռազմավարություն, որպեսզի սոցիալական աղետ տեղի չունենա:
Մենք արդեն իսկ ունենք Դաստակերտ համայնքի օրինակը: Հանքարդյունաբերության ոլորտում անհրաժեշտ են արմատական փոփոխություններ: Բնապահպանական խնդիրներն աղետ չդարձնելու, տարածաշրջանում համատարած աղքատությունը վերացնելու և առաջիկայում ազգային անվտանգության խնդիրներ չառաջացնելու համար, իմ կարծիքով, անհրաժեշտ է իրականացնել հետևյալ արմատական փոփոխությունները.
1. Մշակել տնտեսական զարգացման այլընտրանքային ճյուղեր,
2. Սահմանափակել հանքարդյունահանման ծավալները,
3. Առավել խիստ բնապահպանական պահանջներ ներկայացնել հանքարդյունաբերական ընկերություններին,
4. Հանքարդյունաբերության ոլորտում իրականացնել օրենսդրական փոփոխություններ՝
ա) հանրության մասնակցության ապահովման և որոշումների կայացման գործընթացներ ապահովելու իրական մեխանիզմների ուղղությամբ,
բ) ոլորտի հարկային դաշտում սահմանել բնապահպանական վճար` թափոնների (պոչերի) տեղադրման համար,
գ) hանքարդյունաբերական ընկերությունների սոցիալական պատասխանատվության պայմաններն ամրագրել օրենսդրությամբ,
5. Հանքարդյունաբերական ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարները վճարել համայնքային բյուջեներ և ոչ թե՝ պետական բյուջե,
6. Վերահսկելի դարձնել հանքարդյունաբերական ընկերություններում աշխատողների իրավունքները,
7. Շրջակա միջավայրի պահպանության ոլորտում իրականացնել պատշաճ պետական վերահսկողություն: