Թարմացնելով Անդրանիկ Քոչարյանի հիշողությունը…
Օրերս ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարել է, թե Հրանտ Բագրատյանը շատ վտանգավոր հարցազրույցներ է տալիս՝ վտանգելով մեր երկրի անվտանգությունը, և, որ նրա ամեն մի խոսքն օգտագործվելու է մեր դեմ:
«Բերեմ մեկ օրինակ՝ ասում է՝ Պաշտպանության բանակ գոյություն չի ունեցել: Նախկին վարչապետի բերանից հնչած նման վտանգավոր արտահայտությունը, չեք էլ պատկերացնի, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ»,- շարունակել է նա:
Հիշեցնենք, որ Հրանտ Բագրատյանն օրերս Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասել էր հետևյալը.
«Մենք տարիների ընթացքում մի կերպ բանակ ենք սարքել ջոկատներից, իսկ հիմա Նիկոլը ջլատում է այդ բանակը, սարքում ջոկատ, նա մասնատում է բանակը, նա չի ուզում՝ միասնական բանակ լինի, իսկ դա Ադրբեջանի պատվերն է»:
Այստեղից հարց՝ հայկական բանակի միասնականությունը քանդե՞լն է վտանգավոր, թե՞ այդ մասին բարձրաձայնելը, որի մասին Անդրանիկ Քոչարյանը չի խոսում:
Սա դառը ճշմարտություն է, որի հեղինակը Հրանտ Բագրատյանը չէ: ՊԲ-ՀՀ ԶՈՒ կապի խզումն արդեն իրականություն է, այն դեպքում, երբ Թուրքիա-Ադրբեջան զինված ուժերը գնալով «մեկ են դառնում», իսկ պատերազմը չի ավարտվել:
Գուցե որոշ հայտարարություններ ՀՀ նախկին վարչապետը չպետք է անի, բայց կասկածելի անցյալով իշխանական պատգամավորը, ով ասես ստանձնել է պաշտպանության նախարարի դեր, իսկ գուցեև ավելի բարձր և հեռուն գնացող նկրտումներ ունի, լավ կլինի Հրանտ Բագրատյանի, լրատվամիջոցների խոսքերում վտանգավորություն փնտրելու փոխարեն՝ վերընթերցի Նիկոլ Փաշինյանի, իշխանական պատգամավորների, արցախյան գործիչների ժամանակին հնչեցված հայտարարությունները, որոնք դրսի, թշնամի երկրի համար դիտարկվում են իշխանության տեսակետ և օգտագործվում են մեր դեմ:
Հիշեցնենք դրանցից մի քանիսը՝ հեշտացնելով Անդրանիկ Քոչարյանի գործը, ով ներկա պահին զբաղված է բանակի ռեֆորմների ծրագրի «մշակմամբ»:
2020 թվական, սեպտեմբերի 6. Արցախի Անվտանգության խորհրդի (ԱԽ) այդ ժամանակվա քարտուղար Սամվել Բաբայանը հայտարարել էր, որ Արցախի բանակը պետք է անմիջականորեն ենթարկվի Ստեփանակերտին՝ պատասխանելով Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինքի կնքման մասին հարցին: Հարցը հնչեցրել էր ՀՅԴ «Արամ Մանուկյան» ուսանողական միության ներկայացուցիչը:
«Ո՞ւմ հետ ենք կնքում ռազմական դաշինքը. ով՝ ում հետ: Ես ձեր ղեկավար կազմի հետ հանդիպել եմ, նրանց հետ խոսել եմ այդ հարցի շուրջ: Ամբողջը Հայաստանի բանակն է: Այսինքն, Արցախը ինքը չունի առանձին միավորում: Այսինքն, Հայաստանը ինքն իր հետ պայմանագի՞ր է կնքում: Մինչև 2000 թիվը բանակը եղել է այստեղ: Հրամանատարը նշանակվել է Երևանից, բայց ամբողջովին ենթարկվել է ստեղին [Արցախին]: Բոլոր խնդիրները լուծվել են այստեղ: Դրանից հետո մի շարք այլ քաղաքական պատճառներով, առքուվաճառքի են գնացել, և բանակն այսօր ամբողջովին ենթարկվում է ընդեղ [Հայաստանին]: Դրա համար Հայաստանի իշխանությունը չի կարող ինքը իր հետ պայմանագիր կնքի»,- ասել էր Բաբայանը:
Հարց տվողը նկատել էր, որ, այնուամենայնիվ, այդ քաղաքական դաշինքի կնքումն իրավաքաղաքական հիմքի վրա կբերի Հայաստան-Արցախ հարաբերությունները:
Սամվել Բաբայանը պատասխանել էր, որ Արմեն Ռուստամյանի հետ ինքը նույնպես հանդիպել է և հանդիպման ժամանակ ասել է, որ բանակի հետ լուրջ խնդիր ունենք լուծելու: Այլ կերպ՝ «մինչև տարվա վերջ պետք է իրականացնել ինչ-որ փոփոխություն, որով Արցախի բանակն անմիջականորեն կլինի Արցախի ղեկավարության ենթակայության տակ, իսկ Հայաստանին ենթարկվելը կկրի ձևական բնույթ»:
Հակառակ դեպքում, ըստ Բաբայանի, նշված պայմանագիրը որևէ արժեք չէր կարող ունենալ: Ի դեպ, կարճ ժամանակ անց այս հայտարարությունը հեռացվեց համացանցից:
2020 թվական, սեպտեմբերի 6. Նույն՝ երիտասարդների հետ հանդիպման ժամանակ Սամվել Բաբայանն ասել էր, թե Շահումյանի շրջանի վերադարձը ձեռնտու չէ:
«Վաղը, որ, Աստված չանի, պատերազմ սկսի, մեզ հաջողություն լինի առաջ գնալ, ես Շահումյանի շրջանը չեմ վերցնելու, որովհետև ես կուզենայի դեպի Կասպից ծով, քան, ասենք, գնալ Կիրովաբադի տակը: Հետաքրքիր չի՝ թե՛ հետագայում սահման պահելու համար, թե՛ տնտեսական շահերից, թե՛ էդ հողերի բերքատվության, թե՛ մի շարք այլ հարցերով, թե՛ նավթ ունենալու»,- նշել էր նա:
Ավելի ուշ Արցախի խորհրդարանում Սամվել Բաբայանը պարզաբանել էր, որ դա եղել է իր անձնական կարծիքը, ոչ թե պետության, քանի որ հանդիպումն անձնական է եղել:
«Ինձ հարց են ուղղել ռազմական, ես ասել եմ՝ եթե ինձ ընտրություն տան Կիրովաբադի շրջանը գրավել, թե Լյանքյարանը (Լենքորան) կամ մի այլ տեղ, ես կընտրեի Լյանքյարանի տարածաշրջանը, այլ ոչ թե Կիրովաբադը: Սա էր ամբողջ իմաստը: Ասեցի՝ ռազմական սահման չենք մեծացնում, եթե գնում ենք այս ուղղությամբ, սահման չի մեծանում, դա՝ մեկ, երկրորդ՝ էս, երրորդ՝ էն… բայց դա երիտասարդների հետ խոսակցության թեմա էր, ոչ թե հրապարակայնացնել, թե Բաբայանը դեմ է Շահումյանի շրջանն ազատագրելուն: 1993-ին փետով ծեծում էինք, չէինք կարողանում շահումյանցիք հավաքեինք, որ գնային իրենց շրջանում նստեին: Այնպես որ՝ այդ հարցը ճիշտ չեն ձևակերպում, էդ միտքը չենք ունեցել, մենք ունեցել ենք այն, ինչի մասին խոսեցինք»,- վստահեցրել էր ԱԽ քարտուղարը:
2020 թվական, մարտի 19. Կառավարության մարտի 19-ի նիստում Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով երկրի պարենային ապահովվածության հարցին, գաղտնազերծել էր երկրի սննդի պաշարների քանակը:
«Մենք սննդի բավական լավ պաշարներ ունենք։ Օրինակ՝ շաքարավազ՝ 201 օրվա պաշար ունենք երեկ չէ առաջին օրվա դրությամբ։ Հավի միս՝ 64 օրվա պաշար ունենք, ձեթ՝ 38 օրվա պաշար ունենք,- նշել է նա և շարունակել,- Իմ ձեռքի տակ տեղեկանք է, որ միայն ամսի 18-ին 38 բեռնատար սննդամթերք է մուտք գործել Հայաստան, այդ թվում՝ ձեթ՝ 18 տոննա, շաքար՝ 220 տոննա, ցորեն՝ 145 տոննա, հրուշակեղեն՝ 15 տոննա, սիսեռ՝ 20 տոննա, և այդպես շարունակ»:
Պատերազմական օրեր. 2020 հոկտեմբեր 8. Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Ստեփանակերտի մի բնակիչ է ձերբակալվել` սուտ տեղեկություններ տարածելու համար։
«Մի քանի օր առաջ ահազանգ ստացա, թե առաջնագծի հատվածներից մեկում ինչ-որ մարդիկ գնացել կռվող զինվորներին համոզել են, թե «Նիկոլը հողերը ծախել է, թե սա իրականում պայմանավորված պատերազմ է, ձեզ էստեղ բերել-մսաղացի մեջ են գցել, որ կոտորեն, որ պայմանավորվածությունը չերևա, դիրքերը պահելը իմաստ չունի»:
Ըստ որոշ տեղեկությունների՝ զինվորներին համոզելով, նույնիսկ հրամայելով՝ ստիպել են որոշ մարտական դիրքեր թողնել թշնամուն: Իմ հանձնարարությամբ ԱԱԾ-ում սկսվել է հետաքննություն, և գործող գլխավոր անձանցից մեկը, որ Ստեփանակերտի բնակիչ է, հայտնաբերվել և ձերբակալվել է Երևանում: Հարուցված քրեական գործի շրջանակներում տեղի է ունենում քննություն, որի արդյունքում կպարզվի, թե վերը նշված տեղեկություններից որն է իրական, որը՝ մտացածին: Այս պահին քննվում են տարբեր վարկածներ, ներառյալ՝ քաղաքական ուղղորդման վարկածը, բայց դեռևս շատ բան պարզված չէ:
Մեր այն հայրենակիցներին, ովքեր ունեն համանման տեղեկություններ, կոչ եմ անում դիմել Ազգային անվտանգության ծառայություն: Ամենավատն այն է, որ տեղեկություններ կան, թե նման գործունեություն ծավալողներ կան առաջնագծի այլ հատվածներում: Բոլորը պետք է հայտնաբերվեն և պատասխանատվության կանչվեն: Դավաճանները չպետք է տեղ ունենան մեր շարքերում և մեր հերոսական գեներալների, սպաների, զինվորների, կամավորների, ազատամարտիկների թիկունքը պետք է մաքրել համանման տարրերից»,- ֆեյսբուքյան իր էջում գրել էր նա:
Ավելի ուշ ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել, որում քաղաքացիական անձի մասին խոսք չկար:
«Սեպտեմբերի 27-ին ՊԲ մարտական դիրքում ծառայող, կապի դասակի հրամանատարի տեղակալ, ոմն Ն. Մ․՝ նույն դիրքի ավագի հետ համածառայակիցների շրջանում կեղծ և ստահոդ լուրեր է տարածել իշխանությունների կողմից իբրև հողերը հանձնելու վերաբերյալ պայմանավորվածությունների մասին՝ կարծիք հայտնելով, որ նման պայմաններում իրենք անիմաստ են կռվում և մարտական խնդիր կատարելն իմաստազուրկ է»:
Պատերազմական օրեր. 2020 թվական, հոկտեմբեր 5. Նիկոլ Փաշինյանը մարտակոչով դիմել էր վերջին մեկ տարում զորացրված զինվորներին, որ նրանք ներկայանան կենտրոնական հավաքակայան՝ նշելով հավաքակայանի վայրը: Ավելին, նա գաղտնազերծել էր, թե քանի տղա կա ՀՀ-ում, ինչի հիման վրա թշնամին կարող էր վտանգավոր հաշվարկներ անել:
«Հիմա ես հրապարակային եմ խոսում, և հակառակորդը նույնպես տեսնում է դա: Իհարկե, դա որոշակի կազմակերպչական աշխատանքներ է պահանջում, բայց կկազմակերպեն, որ այդտեղ մեծ կուտակումներ չլինեն: Կոչ եմ անում, որ տղաները Կենտրոնական հավաքակայան ներկայանան առանց մեծ կուտակումների: Հավաքակայանը, գիտեք, Չարբախում է գտնվում: Ովքեր պահպանել են զինվորական հագուստները, թող ներկայանան զինվորական համազգեստներով, իհարկե, նաև անհրաժեշտ փաստաթղթերով,- նշել էր նա և շարունակել,- Ինչպես ասել եմ՝ սա մի նոր Սարդարապատ է, և մենք կողք կողքի, ուս ուսի պետք է կանգնենք և մեր հակառակորդի ողնաշարը պետք է ջարդենք, և մենք պետք է հաղթենք: Այսպիսի 10 հազար տղա կա այսօր ՀՀ-ում, և եթե այս 10 հազար տղաներից գոնե կեսը ներկայանա այս կոչին ի պատասխան, դա կլինի մեր բանակի ամենամարտունակ հատվածներից մեկը»:
2018 թվական, նոյեմբերի 26. «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր, ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը հայտարարել էր՝ հեղափոխությունն ավելի կարևոր է, քան Արցախյան ազատամարտը:
Այդ ժամանակ Արցախի ՊՆ խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել էր.
«Ե՞րբ է մարդու ասածը ոչ միանշանակ ընդունվում: Երբ ասելիք չունի, բայց ունի խոսելու ցանկություն: Ապացույցը Սասուն Միքայելյանի կողմից այսօր արված հայտարարությունը կամ ավելի ճիշտ՝ համազգային երևույթները մեկը մյուսին վերադասելու կամ ստորադասելու փորձը»:
Սրանից հետո մամուլում խոսակցություններ շրջանառվեցին, որ Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նույն օրը կապ է հաստատել Մնացականյանի հետ ու նրան հորդորել աշխատանքից ազատել խոսնակին։ Մնացականյանի դիմադրությանն ի պատասխան՝ իբր Տոնոյանը զգուշացրել է, որ եթե Սենոր Հասրաթյանը չհեռացվի, Մնացականյանն է հեռանալու։
2018թ. դեկտեմբերի 14-ին. ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն ազատվել է պաշտոնից: Սրանից հետո Նիկոլ Փաշինյանի «հրահանգով» Արցախի ուժային և անվտանգային կառույցներում այլ ազատումներ ևս եղան:
2019 թվական, ապրիլ 8. Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, «Ամերիկայի Ձայն»-ի հետ հարցազրույցում նշել էր. «Հակամարտության պատմության այս տարիների ընթացքում բազմաթիվ զոհեր ենք ունեցել երկու կողմից էլ, հազարավոր զոհեր ենք ունեցել, բայց այդ մեկնած կյանքը զոհաբերել ենք հանուն ոչնչի, որովհետև ոչ մի կերպ, ոչ մի սանտիմետր անգամ այդ զոհերը չեն մոտեցրել մեզ հակամարտության կարգավորմանը, եթե չասենք հակառակը՝ հեռացրել են կարգավորումից, որովհետև հայտնի ճշմարտություն է՝ թշնամանքի մթնոլորտում չենք կարող խաղաղություն կառուցել, հակամարտության լուծում գտնել»:
2020 թվական, մարտ 11. Տաթև համայնքի Շինուհայր բնակավայրում հրավիրված հավաքի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ մինչ հեղափոխությունը բանակում զինվորներին «արջերի և շների» կերակուր են տվել:
«Այսօր արդեն 43 զորամասերում զինվորներն ուտում են որակյալ և արժանապատիվ սնունդ: …Բա եթե դուք Արցախ պահող էիք, ինչո՞ւ էր մեր բանակը 80-ականների զենքերով կռվում: Բա եթե դուք Արցախ պահող էիք, ինչո՞ւ Հայաստանի Հանրապետությունը և Արցախի Հանրապետությունը 2018 թվականի դրությամբ ուներ քայքայված հակաօդային պաշտպանության համակարգ: Այդ քայքայված հակաօդային պաշտպանության համակարգո՞վ էիք Արցախը պահում: Այդ որ մեր զինվորներին տալիս էիք սնունդ, որի ամենալավ կիրառությունը գտել էր Մանվել Գրիգորյանն իր արջերին ու շներին կերակրելու համար: Այդ արջերի ու շների համար նախատեսված ուտելիքներո՞վ էիք մեր զինվորին պահում, որ իրենք էլ Արցա՞խը պահեին: Սերժ Սարգսյանը կյանքում զինվորների համար նախատեսված սննդից մեկ անգամ կերե՞լ է»,- հարց էր տվել Փաշինյանը՝ ընդգծելով, որ երբ 2018 թվականի մայիսին գնացել է դիրքեր, այնտեղ սնվելուց հետո այրոցք է սկսվել իր մոտ:
2021 թվական, փետրվարի 3. ԱԺ իմքայլական պատգամավոր Անուշ Բեղլոյանը փետրվարի 3-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում պնդել էր` Հայաստանը 30 տարի բանակ չի ունեցել:
2019 թվական, օգոստոսի 5. Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում կազմակերպված հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր՝ Արցախը Հայաստան է, և վերջ, ինչը դիվանագիտական և անվտանգային խնդիրներ ստեղծեց՝ ԼՂ խնդիրը տանելով ռազմական դաշտ:
Մասնավորապես, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նույն թվականի հոկտեմբերի 3-ին զգուշացրել էր՝ «Ղարաբաղը Հայաստան է» հայտարարությունը բանակցային գործընթացին չի նպաստում»:
«Կողմերը հայտարարություններ են անում, բավականին լուրջ, այդ թվում՝ հնչել են բառեր, թե «Ղարաբաղը Հայաստան է», ինչպես Տիրանայից Ալբանիայի վարչապետն էր հայտարարում՝ «Կոսովոն Ալբանիա է»: Նման հայտարարությունները, իհարկե, չեն նպաստում քաղաքական գործընթացը վերսկսելու համար համապատասխան մթնոլորտի ձևավորմանը»,- նշել էր Լավրովը:
Ի դեպ, «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ «Ղարաբաղը Հայաստան է» արտահայտության տակ ինքն այլ բան է տեսնում:
«Ես կարծում եմ, որ չնայած այն հանգամանքին, որ շատ-շատերն այդ արձանագրության հեղինակին մեղադրում են այդ արտահայտությամբ բանակցային գործընթացին վնասելու համար, ես մի քիչ այլ տեսանկյունից եմ նայում: Ես կարծում եմ, որ այդ հայտարարությունն ուղղված չէր Ադրբեջանին և համանախագահներին, թեև և՛ Ադրբեջանը, և՛ համանախագահները կարող էին, ունեին իրավունք այդպես հասկանալու: Ես հասկացել եմ այլ բան, որ այդ հայտարարությունը ուղղված է հենց ԼՂ բնակչությանը: Ի՞նչ էր ասում, ասում էր՝ ես եմ այստեղ տերը, տիրակալը, և ես եմ ասում, թե ում պետք է նախագահ ընտրեք: Դա հետո երևաց նախագահական ընտրությունների ժամանակ, և այլն, և այլն: Այսինքն՝ իրեն պետք էր Ղարաբաղում խամաճիկ ղեկավարություն, որպեսզի որևէ կերպ որևէ հարցում փոքր իսկ հակադրություն չցուցաբերեր, և նա հասավ իր նպատակին»,- շարունակել է նա:
Այսինքն, արցախցու մանդատը չունեցող Նիկոլ Փաշինյանը միանձնյա և գաղտնի որոշեց Արցախի և արցախցու ճակատագիրն ու ապագան, որովհետև Արցախն ունի ոչ թե պաշտոնական Երևանին, այլ Նիկոլ Փաշինյանին ենթարկվող նախագահ՝ ի դեմս Արայիկ Հարությունյանի:
2019 թվական, մարտի 30. Նյու Յորքում հայ համայնքի հետ հանդիպմանը ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել էր.
«Ես` որպես պաշտպանության նախարար, ասում եմ՝ «տարածքներ՝ խաղաղության դիմաց» ձևաչափը ես այսօր վերաձևակերպում եմ, մենք հակառակն ենք անելու՝ «նոր պատերազմ՝ նոր տարածքների դիմաց»:
Այս հայտարարությունը ևս «ծանր» հետևանքների հանգեցրեց, ինչի մասին 2021-ի հունվարի 18-ին խոսել էր ՌԴ ԱԳ նախարար Լավրովը:
«Ես կարծում եմ, որ ավելի լավ է խուսափել դրանից։ Մինչ 44-օրյա պատերազմը մենք ականատես ենք եղել հուզական հայտարարությունների՝ Ղարաբաղից կամ Ղարաբաղի վերաբերյալ՝ «նոր պատերազմ, նոր տարածքներ»։ Բառը նյութական ուժ է ստանում։ Տվյալ դեպքում տարբեր կողմերից հնչող բառերը դարձան շատ բացասական նյութական ուժ»,- նշել էր նա:
2019 թվական, փետրվարի 16. Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել էր 6 սկզբունք, որոնք հնչեցվել են Մյունխենում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ քննարկման ժամանակ` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ: Մյունխենյան այդ սկզբունքներից մեկը սա էր`«չկան տարածքներ, կա անվտանգություն»: Արդյունքում` չեղան տարածքներ` վտանգի տակ դնելով ոչ միայն Արցախի, այլև ՀՀ-ի անվտանգությունը:
Իշխանական անձանց բերանից դուրս եկած վտանգավոր հայտարարությունների այս շարքը կարելի է շարունակել, երեք տարում դրանց պակաս չի եղել, այդ թվում՝ հետպատերազմական շրջանում՝ սկսած Նիկոլ Փաշինյանի՝ Շուշիի հայկական լինելու մեջ կասկածից՝ մինչև իմքայլական պատգամավոր Հայկ Գևորգյանի պնդումը, թե «Գորիս-Կապան հատվածում 21 կմ-ն անցնում է ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմաններից դուրս՝ Ադրբեջանի տարածքով, բայց ոչ մի վայրկյան այդ ճանապարհը չի փակվել»:
Փաշինյանի և նրա թիմակիցների այդ հայտարարություններն ու պլանավորված գործողությունները մեզ հասցրեցին աղետալի վիճակի՝ ծանր կորուստներով՝ ավելի քան 5000 երիտասարդներ զոհվեցին, ավելի քան 10.000 հաշմանդամներ ունեցանք, Արցախի 75 տոկոսը կորցրեցինք, հազարավոր փախստականներ, անտուններ ունեցանք…
Վերջում մեկ հավելում. Պաշտպանության նախարարի ճանապարհը «փակելը» վտանգավոր համարող Անդրանիկ Քոչարյանը լավ կաներ արգելեր ՊՆ հաստիքացուցակում չեղած մարդկանց մուտքը ԱԺ, ՊՆ, որտեղ իր խոսքն այսօր հալած յուղի տեղ անցնում է: Ի վերջո, պետական գաղտնիքները դուրս հանելու ռիսկ կա… Իսկ գուցե առանց հաստիքի յուրայիններ են մուտք գործողները… սա արդեն այլ հարցեր է առաջ բերում: