Ես ոչ թե «Իմ քայլն» եմ, այլ «Իմ քայլի» պատգամավոր․ Արթուր Դավթյանը՝ արտահերթ ընտրություններ չանցկացնելու հայտարարությանը միանալու մասին․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթի լրագրողը զրուցել է «Իմ քայլի» պատգամավոր, մասնագիտությամբ իրավաբան Արթուր Դավթյանի հետ։
– Պարոն Դավթյան, Դուք է՞լ եք համաձայն, որ պետք չէ արտահերթ ընտրություններ անցկացնել:
– Ես իմ մասին չեմ ուզում ինֆորմացիա տալ:
– Ես «Իմ քայլի» հայտարարության մասին եմ հարցնում՝ կո՞ղմ եք, թե դեմ:
– Ես անձամբ իմ քվեարկության մասին չեմ ուզում ասել:
– Ձեր կարծիքը հիմնավորեք՝ ինչո՞ւ եք նման հայտարարություն տարածել:
– Կարծիքը հայտնել է խմբակցությունը:
– Համաձա՞յն եք, որ արտահերթ ընտրությունների հանրային պահանջ չկա:
– Դա արդեն իմ կարծիքն եք հարցնում, ես էլ չեմ ուզում կարծիք հայտնել:
– Ինչո՞ւ, բա էդ հայտարարությունն ո՞վ է տարածել:
– Ես արդեն պատասխանեցի:
– Ինչո՞ւ եք խուսափում կարծիք հայտնելուց, կարո՞ղ ենք ասել, որ համաձայն չեք այն մտքերի հետ, ինչի մասին հայտարարվել է։
– Ոչ, ես նման բան չասացի: Խմբակցությունը կարծիք է հայտնել, դա մեր ամբողջական կարծիքն է։
-Շատ լավ, ամբողջական կարծիքն է, որ հանրային պահանջ չկա՞, հիմա խնդրեմ հիմնավորեք. ո՞նց եք չափել՝ այդ պահանջը կա, թե չկա:
-Ես չեմ ստուգել ոչ մի բան:
-Իսկ ո՞վ է ստուգել:
-Հարցրեք խմբակցությանը, Ձեզ կասեն:
-Բա ո՞նց եք հայտարարություն տարածել, նաև Ձեր անունից է այդ հայտարարությունը տարածվել:
-Ես հայտարարություն տարածե՞լ եմ: «Իմ քայլը» տարածել է հայտարարություն:
-Դուք «Իմ քայլից» չե՞ք:
-Դուք չգիտե՞ք՝ ես որտեղից եմ:
-Գիտեմ, բայց արդեն սկսեցի կասկածել:
-Դուք ի՞նչ խնդիր ունեք այդ հայտարարության հետ:
-Ասեմ, ասում եք՝ հանրային պահանջ չկա, ես ուզում եմ իմանալ՝ ո՞նց պարզեցիք, որ նման պահանջ չկա:
-Ես էլ ասեցի, դուք լսեցիք, չէ՞, ինչ ասացի:
-Հա, ասացիք, որ Դուք չեք ստուգել, հիմա ասեք՝ ո՞վ է ստուգել, ու ինչպես են պարզել…
-Ես նման բա՞ն եմ Ձեզ ասել:
-Այո, հարցրել եմ՝ ինչպես եք ստուգել հանրային պահանջը…
-Ո՞վ է ասում, որ կոնկրետ Դավթյան Արթուրը ստուգել է այդ պահանջը:
-Բա Դավթյան Արթուրն ինչո՞ւ է առանց ստուգելու նման հայտարարության միացել:
-Դուք սուտ եք խոսում:
-Այսինքն՝ Դուք «Իմ քայլից» չե՞ք:
-Ապրես, «Իմ քայլն» է ստուգել, ոչ թե Դավթյան Արթուրը:
-Պարզ է, Դուք էլ վստահում եք իրենց, չեք կասկածում:
-Չէ, չեմ կասկածում: Ինչ որ ստուգել և հայտարարում են, ես հիմքեր չունեմ կասկածելու:
-Իսկ չե՞ք հարցրել՝ ոնց ստուգեցին:
-Դա արդեն խմբակցությունից պարզեք:
-Դուք չե՞ք պարզել, որ ստորագրել եք դրա տակ:
-Դուք ստորագրությո՞ւն եք տեսել:
-Դե լավ, բառերի հետևից մի ընկեք, հայտարարությունն արվել է «Իմ քայլի» անունից, Դուք էլ այդ խմբակցության պատգամավոր եք, հիմա, առանց պարզելու, Դուք թույլ եք տալիս, որ նաև Ձեր անունի՞ց հայտարարեն:
-Դուք գիտե՞ք ես ով եմ, ես ոչ թե «Իմ քայլն» եմ, այլ «Իմ քայլի» պատգամավոր, եթե չգիտեք, իմացեք: Եվ, այո, խմբակցությունը ճիշտ է արել, որ տարածել է հայտարարություն, ունեցել է ամբողջական կարծիք և տարածել է։