Պաշտպանը միջնորդեց վերացնել Յուրի Խաչատուրովի նկատմամբ կիրառված խափանման միջոցը

Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով դատական այսօրվա նիստի ընթացքում դատարանը լսեց գործով ամբաստանյալ, ՀԱՊՀ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանի միջնորդությունը՝ Յուրի Խաչատուրովի խափանման միջոցը վերացնելու վերաբերյալ:

2018թ. հուլիսի 28-ին դատարանը Յուրի Խաչատուրովի նկատմամբ խափանման միջոց էր ընտրել կալանավորումը, իսկ որպես այլընտրանքային խափանման միջոց՝ գրավի կիրառումը ճանաչել էր թույլատրելի:

Միհրան Պողոսյանը միջնորդությունը ներկայացնելիս հիմնավորեց, որ Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն է կատարվել, գրավը սկսել է կիրառվել՝ որպես առանձին խափանման միջոց, ապա հավելեց, որ Խաչատուրովի նկատմամբ կիրառված խափանման միջոցն անհամաչափ է և պետք է փոխել այն՝ հաշվի առնելով այս ընթացքում Յուրի Խաչատուրովի դրսևորած իրավաչափ վարքագիծը:

Փաստաբանը, որպես լրացուցիչ հիմնավորում, նշեց նաև՝ Խաչատուրովը որևէ դատական նիստից չի բացակայել, իսկ վերջինիս նկատմամբ կիրառված խափանման միջոցի փոփոխության միջնորդություն ներկայացվում է առաջին անգամ, իսկ այժմ Խաչատուրովի նկատմամբ խափանման միջոց կիրառելու հիմքեր չկան:

Պաշտպանական կողմից Արամ Վարդևանյանը գրավի՝ որպես առանձին խափանման միջոցի կիրառմանն անդրադառնալուց զատ, դատարանի ուշադրությունը հրավիրեց այն փաստին, որ անգամ կորոնավիրուսի ամենավտանգավոր շրջանում, այն դեպքում, երբ Խաչատուրովն առողջապահության նախարարության տարածած տեղեկության համաձայն՝ համարվում էր խոցելի խմբի ներկայացուցիչ, որևէ նիստից չի բացակայել:

Պաշտպանական կողմի մյուս ներկայացուցիչները ևս դատարանին խնդրեցին ուշադրության կենտրոնում պահել Յուրի Խաչատուրովի պատշաճ, իրավաչափ վարքագիծը, հայտնեցին, թե աննպատակ է այս պահին շարունակել խափանման միջոցի կիրառումը:

Մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանն անդրադարձավ ՍԴ որոշմանը, որով հնարավորություն տրվեց կիրառել գրավը՝ որպես առանձին խափանման միջոց, առարկեց, թե դա հիմք չէ խափանման միջոցը փոխելու համար, հավելեց, թե Յուրի Խաչատուրովի նկատմամբ դատարանի որոշմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց գրավ կիրառելուց հետո ի հայտ չեն եկել հիմքեր՝ կիրառված խափանման միջոց գրավը փոխելու համար:

Կողմերին լսելուց հետո դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ: Դատարանի որոշումը կհրապարակվի փետրվարի 11-ին:

Տեսանյութեր

Լրահոս