Դատարանը Յուրի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացրել. որպես այլընտրանքային խափանման միջոց գրավը ճանաչվել է թույլատրելի

Դատարանը որոշեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կանավորումը, իսկ որպես այլընտրանքային խափանման միջոց գրավը ճանաչել թույլատրելի: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում տեղի ունեցած դատական նիստում բավարարվեց Յուրի Խաչատուրովի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը: Այս մասին հուլիսի 28-ին լրագրողներին հայտնեց Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը:

«Յուրի Խաչատուրովի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց գրավը ճանաչվել է թույլատրելի»,- ասաց Պողոսյանը:

ՀՔԾ-ն քննիչի կողմից հուլիսի 27-ին միջնորդություն էր ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: Դատարան ժամանած Խաչատուրովը հայտնել էր, որ չի ընդունում իր դեմ ներկայացրած մեղադրանքները: Յուրի Խաչատուրովը 2008 թվականի մարտի 1-ին զբաղեցնում էր ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնը: Խաչատուրովին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Երևանում 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 3-ին որոշում է կայացվել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանին ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Հարությունյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Տեսանյութեր

Լրահոս