Բաժիններ՝

Քրեակատարողական թավշյա ծառայությունում ծեծն ընդունված չէ՞, իսկ քրեական ենթամշակո՞ւյթը

Ըստ shаmshyan.com-ի տեղեկատվության՝ ինչ-որ քրեական գործի շրջանակում ՀՀ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) քննչական դեպարտամենտ է տեղափոխվել ՀՀ արդարադատության նախարարության «Հրազդան» քրեակատարողական հիմնարկից մեղադրյալ Սերոբ Դավթյանը։ Վերջինս, ըստ կայքի, արձանագրություն կազմելիս հայհոյանքներ է հնչեցրել, ապա փորձ է արել քննիչի աշխատասենյակից դուրս գալ։ Քննիչը հորդորել է, իսկ հետո՝ պահանջել, որ Ս․Դավթյանը չխաթարի աշխատանքային բնականոն վիճակը, պահպանի կարգ ու կանոն, սակայն մեղադրյալը չի ենթարկվել քննիչի օրինական պահանջներին և հարձակվել է նրա վրա։ Այնուհետև փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց։

Միջադեպի մասին 168.am-ի հարցին ի պատասխան՝ ԱԱԾ մամուլի կենտրոնից հայտնեցին, որ, այո, նման միջադեպ եղել է, ինչից հետո քննիչն անմիջապես զեկուցագիր է ներկայացրել վերադասին, և որպես հանցագործության մասին օրինական առիթ՝ զեկուցագիրն ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ քննչական ենթակայության հարցը լուծելու համար:

Քննչական կոմիտեից էլ հաստատեցին, որ գործը գտնվում է իրենց մոտ, և այս պահին նյութեր են նախապատրաստվում:

Չգիտենք, թե ինչպես է դրվածքն ԱԱԾ-ում, բայց քրեակատարողական հիմնարկներում ծեծը կրկին, ըստ էության, արդիական է, չնայած Քրեակատարողական ծառայության ղեկավարների կողմից բազմիցս շեշտվող թեզին, համաձայն որի՝ իրենց գլխավոր նպատակն է՝ պատժողական քաղաքականությունից անցնել վերականգնողական արդարադատության։

Ասվածի վառ ապացույցներից մեկն էլ, թերևս, 2020թ. օգոստոսի 23-ին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ կատարած այցելության ժամանակ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հատուկ ստորաբաժանման կողմից չնախատեսված այցն էր «Նուբարաշեն» ՔԿՀ, որի ժամանակ խուզարկություն է կատարվել, և 2 կալանավոր ծեծի էին ենթարկվել։ Դեպքի կապակցությամբ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի, Մարդու իրավունքների պաշտպանի՝ գլխավոր դատախազին հասցեագրված գրությունների հիման վրա աշխատակիցների կողմից դատապարտյալների՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ենթադրաբար ծեծի ենթարկելու դեպքի վերաբերյալ քրեական գործ է հարուցվել։ Եվ եթե այս դեպքով ձեռք բերված ապացույցների, բարձրացված աղմուկի շնորհիվ հարուցվեց քրեական գործ, ապա նույնը դեռևս չենք կարող ասել անցած շաբաթվա վերջ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում տեղի ունեցած միջադեպի մասին, երբ քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների կողմից ծեծի են ենթարկվել մի քանի ազատազրկված անձինք։

Ըստ քրեակատարողական հիմնարկին մոտ կանգնած 168.am-ի աղբյուրների՝ բավականին թեժ է եղել, ինչի արդյունքում՝ թե ազատազրկված անձանց, և թե քրեակատարողական ծառայողների մոտ առկա են մարմնական վնասվածքներ։

2019թ. նոյեմբերի 28-ին կառավարությունը հաստատեց «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի 2019-2023 թվականների ռազմավարությունն ու միջոցառումների ծրագիրը: Սահմանված բարեփոխումների ուղղությունների մեջ տեղ էր գտել նաև քրեական ենթամշակույթի հաղթահարման գիծը: Բացի դրանից, Ազգային ժողովն էլ իր հերթին՝ ընդունեց քրեական ենթամշակույթ կրող խմբի և անձանց վերաբերյալ օրենք՝ փոփոխություններ կատարելով գործող քրեական օրենսգրքում: Ավելին, քրեական ենթամշակույթին հարող անձանց նկատմամբ նույնիսկ քրեական գործեր հարուցվեցին։

Բայց պարզվում է՝ նշյալ հռչակագրային կոսմետիկ փոփոխությունները բովանդակային առումով փոփոխություններ չեն մտցրել քրեակատարողական հիմնարկների բնականոն, առօրյա կյանքում, և քրեական ենթամշակույթը կարծես թե անխափան գործում է։

Մեզ ասացին, որ ամեն բան այնքան էլ հարթ չէ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում։ Խմբագրություն ահազանգած ազատազրկված անձանց հարազատների պնդմամբ՝ իրենց հարազատները քրեական ենթամշակույթին հարող ազատազրկված անձանց պահանջով սկսել են գումարներ պահանջել իրենցից, որոշակի հարցեր կարգավորվում են գումարով, ակտիվացել են մոլեխաղերը, իսկ հիմնարկի մեր աղբյուրների պնդմամբ՝ արշալույսները խաղաղ չեն հիմնարկում, և հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում, որոնց վերաբերյալ առաջիկայում նույնպես մանրամասներ կներկայացնենք:

Կրկին անդրադառնալով արդարադատության նախարարի մշակած ռազմավարությանը՝ նշենք, որ, փաստորեն, կոռուպցիան քրեակատարողական հիմնարկներում նույնպես հաղթահարված չէ, որքան էլ որ այդ մասին շարունակեն բարձրաձայնել: Հանուն արդարության՝ պետք է նշել, որ ՔԿՀ-ներում կոռուպցիայի խնդիրը հաղթահարելը բարդագույն խնդիր է, և առաջին հերթին՝ պայմանավորված է համակարգը գրավիչ դարձնելու հանձնառույթով ու կատարմամբ, և դրա համար էլ պետք չէր դեռ չբոբիկացած՝ գետը մտնել ու նախանձել Նիկոլ Փաշինյանի պոպուլիստական համբավին:

Ի դեպ, նշված ռազմավարական փաստաթղթով՝ մինչև 2023թ. նախատեսվում է՝

1. Փակել «Նուբարաշեն» և «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկները և Երևան քաղաքի տարածքում (Սիլիկյան թաղամասում) կառուցել շուրջ 1200 լրակազմ ունեցող քրեակատարողական նոր հիմնարկ:

2. Փակել «Գորիս» քրեակատարողական հիմնարկը և կառուցել 350 լրակազմ ունեցող քրեակատարողական նոր հիմնարկ (նախագիծն արդեն առկա է, նախատեսվում է հիմնարկը կառուցել Խնձորեսկում):

3. «Երևան-Կենտրոն»  քրեակատարողական հիմնարկն Ազգային անվտանգության ծառայության վարչական շենքից տեղափոխել նախկին «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկի մասնաշենք:

4. Փակել «Հրազդան» քրեակատարողական հիմնարկը և «Սևան» քրեակատարողական հիմնարկի վարչական տարածքում կառուցել «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի համար սահմանված լրակազմով՝ փակ, կիսափակ ռեժիմների և կալանավորվածների պահելու վայր, այդ թվում՝ կալանք պատժատեսակի համար նախատեսված մասնաշենք:

5. «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում ապահովել օդափոխության համակարգ, ստեղծել կիսաբաց ուղղիչ հիմնարկի համար անհրաժեշտ պահման պայմաններ, ինչպես նաև զարգացնել բժշկական ստացիոնարի կարողությունները:

Նկատենք, որ փաստաթղթի հրապարակումից 2 տարի անց փակված չէ նշյալ քրեակատարողական հիմնարկներից որևէ մեկը և չկա որևէ նոր կառուցված ՔԿ հիմնարկ:

Ըստ էության, այս պահի դրությամբ կատարվել են միայն 5-րդ կետով նախատեսված խոստումները, «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում ապահովվել է օդափոխության համակարգ, ստեղծվել են կիսաբաց ուղղիչ հիմնարկի համար անհրաժեշտ պահման պայմաններ, ինչպես նաև զարգացել են բժշկական ստացիոնարի կարողությունները:

Ի դեպ, օդափոխության համակարգի ու «Արմավիր» ՔԿՀ-ի կիսաբաց ուղղիչ հիմնարկի մասին՝ առաջիկայում՝ ավելի մանրամասն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս