Ինչո՞ւ է լռում կառավարությունը
ՀՀ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը նոյեմբերի 16-ին ելույթ ունենալով «Ազգային տնտեսության մրցունակության բարձրացման հիմնախնդիրները» թեմայով 22-րդ գիտական նստաշրջանում, վարչապետ Տիգրան Սարգսյանին կոչ արեց վերացնել սահմանի վրա ԱԱՀ գանձելու պրակտիկան։
Թեև վարչապետն անձամբ ներկա էր այդ քննարկմանը, սակայն պաշտոնական որևէ արձագանք այդ առաջարկությանը դեռ չի հնչել։
«Արդեն 15-րդ տարին է` չենք կարողանում հրաժարվել մաքսատներում բիզնեսը ավելացված արժեքի հարկով հարկելուց: Այս` իր բնույթով բարբարոսական մեթոդն ընդունվել է կիրառման այն ժամանակ, երբ աշխատավարձի գծով բյուջետային պարտքերը գերազանցում էին 9 ամիսը, և ձեր խոնարհ ծառան դրա հեղինակն է։ Պարոն վարչապետ, առաջարկում եմ, որպեսզի դուք լինեք այն վարչապետը, որն, այնուամենայնիվ, կտեղափոխի ավելացված արժեքի հարկի հարկումը դեպի ռեալ տնտեսություն, դրանով իսկ մեծագույն նպաստ կբերի բիզնեսի զարգացմանը»,- ասել էր Դարբինյանը: Փաստորեն` Ա. Դարբինյանն ընդունում է, որ այդ մեթոդը բարբարոսական է, ընդունում է նաև, որ ժամանակին ինքն է այն ներմուծել, սակայն նշում է, որ դա անհրաժեշտություն էր, և այժմ ժամանակն է թողնել, որ բիզնեսը շնչի։
Արդեն նշել ենք, որ ներմուծվող ապրանքներից ԱԱՀ գանձելը սահմանի վրա միշտ էլ հարուցել է գործարարների դժգոհությունը, քանի որ ստիպում է նրանց կրճատել իրենց շրջանառու միջոցները։
Ինչո՞ւ է ուրեմն կառավարությունը լռություն պահպանում այս հարցում։ Ոմանք կարծիք են հայտնում, թե դա այնքան էլ կարևոր հարց չէ։ Սակայն հաստատ այն ավելի կարևոր ու լուրջ քայլ է, քան բիզնեսն օն-լայն գրանցելու հնարավորություն տալը, ինչի մասին ամեն առիթով մեզ հիշեցնում են։ Առաջարկության նկատմամբ ձեռնպահ դիրքորոշում պահպանելու հիմնական պատճառը մտավախությունն է։ Մտավախությունը, որ դա կարող է վտանգել հարկային մուտքերը։ Իսկ այդ մտավախությունը հասկանալի է։ Ավելացված արժեքի հարկը մեր հարկահավաքման «ողնաշարն» է: Օրինակ, այս տարվա հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում պետական բյուջեի հարկային եկամուտներն ու տուրքերը կազմել են շուրջ 534.1 մլրդ դրամ, որի 48.7%-ը (260.2 մլրդ դրամ) ապահովվել է ավելացված արժեքի հարկի հաշվին: Ընդ որում, այդ ԱԱՀ-ի առյուծի բաժինը` 164.8 մլրդ դրամը, ստացվել է ՀՀ սահմանին հարկումից: Ներքին շրջանառության հաշվին ապահովվել է շատ ավելի քիչ` 95.3 մլրդ դրամ։ Փաստորեն` այս 164.8 միլիարդը պետությունը ներմուծողներից վերցրել է նախապես` որպես «կանխավճար»։ Կառավարությունը վտանգ է տեսնում, որ նախապես չվերցնելու դեպքում կարող է այդ գումարը չստանալ։ Օրինակ, այն պարզ պատճառով, որ ներմուծված ապրանքը մնացել է պահեստում, չի վաճառվել, և ԱԱՀ չի գոյացել։ Իսկ նման շռայլություն բյուջեն իրեն չի կարող թույլ տալ։ Դրա համար նախ` սկզբից հավաքում են իրենց հասանելիքը, իսկ թե հետո ինչ կլինի տնտեսվարողի և ներմուծված ապրանքի հետ` մեծ հաշվով, արդեն կառավարությանը չի հետաքրքրում։ Նման մոտեցմամբ առաջարկը մերժելը ցույց կտա, որ տնտեսական քաղաքականության հիմքում դրված է ոչ թե գործարարությանը նպաստելը, այլ առաջին հերթին` բյուջեն լցնելը` թեկուզ դա լինի ի վնաս բիզնեսի և տնտեսության։ Կարճաժամկետ հեռանկարում նման գորեծլաոճը միգուցե արդարացված է, քանի որ ապահովում է բյուջեի կատարումը, սակայն երկարաժամկետ հեռանկարում վնասում է գործարարությանը և տնտեսական ակտիվությանը։
Սակայն կառավարությունը կարող է հղում անել ավելի օբյեկտիվ և ընկալելի պատճառների։ Օրինակ, եթե անգամ կառավարությունը համաձայնի այդ քայլին և միանգամից վերացնի սահմանի վրա ԱԱՀ գանձումը, ապա դա բյուջետային հոսքերի ժամանակային խզում կառաջացնի։ Սակայն դրա լուծումն էլ կա։ «Տնտեսություն և արժեքներ» կենտրոնի ղեկավար Մանուկ Հերգնյանը կարծում է, որ բոլոր ապրանքների նկատմամբ սահմանի վրա ԱԱՀ գանձման պահանջի վերացումը պահանջում է որոշակի նախադրյալների ստեղծում, «մասնավորապես, ֆինանսական որոշակի բուֆերի ձևավորում, որը թույլ կտա հարթեցնել պետական բյուջեի դրամական հոսքերը` այն մտցնելուց անմիջապես հետո»: Իսկ ընդհանուր առմամբ, Մանուկ Հերգնյանը սահմանի վրա
ԱԱՀ-ի գանձելուց հրաժարվելը համարում է հասունացող քայլ: «Կառավարության կողմից ընդունված արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ նախատեսված է արտադրական նշանակության մեքենաների և սարքավորումների ԱԱՀ սահմանի վրա հաշվարկման և գանձման պահանջի աստիճանաբար վերացում մինչև այս տարվա վերջ: Այդ քայլի հիմնական նպատակը ներդրումների և տեխնոլոգիական վերազինման խրախուսումն է: Կասկածում եմ, որ այդ, իհարկե, կարվի մինչև տարվա վերջ»,- «168 Ժամին» փոխանցեց Մ. Հերգնյանը:
«168 Ժամն» այս հարցի շուրջ զրուցել է նաև ՀՀ Արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի հետ, ով նշել է, որ սահմանի վրա ԱԱՀ գանձելը վերացնելը ցանկալի է, սակայն կան որոշ վերապահումներ։ «Մենք էլ ենք միշտ նշել, որ սահմանի վրա ԱԱՀ գանձումը ֆինանսական ռեսուրսների սառեցում է բիզնեսի համար»,- նշել է Ա.Ղազարյանը` հավելելով, որ դա կապված է երկրի տնտեսական վիճակի և ստվերայնության բարձր մակարդակի հետ, որի արդյունքում` հարկերը քիչ են հավաքվում: Նա ասել է, որ եթե այդ խնդիրները լուծվեն և վերանան, պետությունն ինքն էլ կգնա դեպի այդ գործիքը փոխելուն: Սակայն ստվերն այս հարցում գրեթե դեր չի խաղում։ Ի վերջո, ներմուծված ապրանքը հաշվառվում է մաքսային կառույցի կողմից, և դրա հետքերը թաքցնել չի լինի։ Մյուս կողմից, Ա. Ղազարյանի խոսքերն այնպիսի տպավորություն են թողնում, որ գործարարները մեր երկրում սեփական շահերի մասին ավելի քիչ են մտածում, քան պետական բյուջեի։ Այսինքն` պետությունից ավելի շատ են շահագրգռված բյուջեի կատարմամբ։ Իսկ դա արդեն անկեղծ չէ։
«Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը նույնպես համարում է, որ սահմանի վրա ԱԱՀ-ի գանձումը ճիշտ չէ, սակայն նա էլ վերապահումներ ունի։ «Ինձ համար հասկանալի է առաջարկի տրամաբանությունը, և ես համաձայն եմ, որ հարկման այդ ձևը շատ հնացել է: Սակայն ներկայիս տնտեսական իրավիճակում հասկանալի չէ, թե բյուջեի մուտքերն ինչպես պետք է ապահովվեն, երբ տնտեսության ռեալ սեկտորի վիճակն անմխիթար է»,և «168 Ժամին» փոխանցեց Ա. Կարապետյանը։ Այսինքն, Արամ Կարապետյանը գտնում է, որ նախ` պետք է բարելավվի տնտեսության իրական հատվածի վիճակը, նոր միայն վերացվի սահմանի վրա հարկման պահանջը։ Մյուս կողմից, այդ պահանջի առկայությունն արգելակում է իրական սեկտորի բարելավումը։ Կարճ ասած` փակուղու նման է. ոչ վերացնելն է ճիշտ, ոչ չվերացնելը։ Փաստորեն, Ա. Դարբինյանը ժամանակին կատարել է մի քայլ, որը շտկելը բավականին դժվար է։ Սակայն, իհարկե, ոչ անհնարին։