Պատերազմից հետո կյանքին այլ հայացքով ես սկսում նայել․ ժամկետային Հուսիկյանը 44 օր մարտի դաշտում լինելու և ապագա պլանների մասին
Հրետանային գնդի կառավարման մարտկոցի վարորդ, շարքային Դիմա Հուսիկյանը մեկն է այն հազարավոր զինծառայողներից, ով հայրենիքի փրկության համար 44 օր շարունակ մարտեր է մղել և այժմ էլ դեռ շարունակում է պահել իր երկրի սահմանները: Արցախի նախագահի հրամանագրով նա պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։
«Արմենպրես»-ը զրուցել է Դիմայի հետ, ով 1 շաբաթով եկել էր վաստակած հանգստի։
Դիման իրեն բիզնես ոլորտում է պատկերացնում
Ծնվել և մեծացել է Արարատի մարզի Ուրցաձոր համայնքի Շաղափ գյուղում, դպրոց այնտեղ է հաճախել, ինչից հետո ընտանիքով տեղափոխվել են Վեդի։
Դիման դպրոցում սովորելուց հետո ուսանել է նաև «ԴՕՍԱԱՖ»-ում (բանակին, ավիացիային և նավատորմին աջակցող կամավոր ընկերություն, աշխատավորների մասսայական կազմակերպություն, որի նպատակն է աջակցել երկրի պաշտպանունակության ամրապնդմանը)։
«Դպրոցում միջին սովորող եմ եղել, տարբեր առարկաներ էի սիրում, բայց ամենից շատ` ֆիզկուլտուրան։ Ընդհանրապես սպորտը շատ եմ սիրում։ «ԴՕՍԱԱՖ»-ում էլ 4 ամիս սովորելուց հետո ընդունվել եմ Հայաստանի ազգային ագրարային համալսարան՝ սննդամթերքի փորձաքննության բաժին, ինչից հետո զորակոչվել բանակ։ Ծառայությունս ավարտելուն պես գուցե տեղափոխվեմ այլ համալսարան, մասնագիտությունս էլ փոխեմ։ Ինձ ավելի շատ բիզնես ոլորտում եմ տեսնում։ Երբ վերադառնամ տուն, արդեն կսկսեմ զբաղվել այդ հարցերով»,- նշում է նա:
Դիման առողջությանը մեծ ուշադրություն է դարձնում
Ասում է, որ շատ է սիրում ֆուտբոլ նայել, բայց խաղալուց էլ չի հրաժարվի։ Սեղանի թենիսը նույնպես սիրելի զբաղմունքներից մեկն է։
«Փոքր ժամանակ հաճախել եմ ըմբշամարտի և կարատեի: Շատ եմ սիրում նաև մարզասարքերով պարապել, որպեսզի մշտապես «ֆորմայի մեջ» լինեմ, կարևորում եմ առողջ ապրելակերպը»,- ասում է Դիման։
Դեռևս պարտքն է տալիս հայրենիքին
Դիման ժամկետային ծառայության է անցել դեռևս 1 տարի 6 ամիս առաջ և ամառը կզորացրվի։
«Ծառայում եմ հրետանային գնդի կառավարման մարտկոցում, վարորդ եմ: Կոչումով շարքային եմ: Բանակ զորակոչվելիս, երբ վիճակահանությամբ քաշեցի Արցախ, գոհ էի, ընդհանրապես չեմ նեղվել այդ փաստից: Արդեն Արցախում քաշեցի Մարտակերտի շրջանի գյուղերից մեկը, սակայն երբեք չէի լսել այդ տեղանքի մասին: Ընկերներիցս մեկը քաշել էր Ստեփանակերտ, մի քանիսն էլ Հադրութում էին ծառայում,այդ պահին ցանկանում էի փոխադրվել ընկերներիցս մեկի զորամաս, սակայն այժմ վստահ կարող եմ ասել, որ բավականին շուտ հարմարվել եմ իմ զորամասին ու շատ եմ սիրում մեր գունդը»,- անկեղծանում է Դիման:
Մարտի դաշտում հրաշքով խուսափել է թշնամու հարվածներից
Պատերազմի օրերին զինակից ընկերներին և հրամանատարին, մեքենայով շատ է տեղափոխել մի տեղից մյուսը։ Նրա մեքենան շատ է անցել ռմբակոծվող, հրթիռակոծվող ու կրակահերթի տակ պահվող ճանապարհներով, սակայն նա մշտապես կարողացել է խուսափել թշնամու հարվածներից։ Մեքենաներից մի քանիսը, որոնք նա վարել է՝ պայթեցվել են, սակայն, բարեբախտաբար, նրանք հեռու են եղել և վնասվածքներ չեն ստացել։
Ասում է, որ ծառայության 1 տարվա ընթացքում մտքով մի երկու անգամ անցել է, որ պատերազմ կարող է լինել, սակայն վստահեցնում է, որ նման մասշտաբների մասին չի էլ երևակայել։ Տխրությունն աչքերին, ասում է․ «ցավ եմ ապրում, որ այսքան զոհ ունեցանք»:
«Սեպտեմբերի 26-ի լույս 27-ի գիշերը մեզ զգոնության հրաման տվեցին, ինձ էլ հրամանագրեցին որպես Կոռնետ մարտկոցի դասակի վարորդ, այդպես իմացա, որ լինելու եմ Էդգար Մարկոսյանի վարորդը, մենք ծառայության ընթացքում արդեն մտերմացել էինք: Պատերազմի առաջին պայթյուններից հետո մեզ կապի միջոցով հրաման տրվեց սպասել թաքստոցում. Մենք իջանք, րոպեներ անց թշնամին ոչնչացրեց այդ վայրը, մի փոքր ուշացնելու դեպքում, այլևս չէինք կարողանա այնտեղից դուրս գալ»,- վերհիշում է Դիման և հավելում, որ դրանից հետո արդեն գնացել են Թալիշի ուղղությամբ:
Հոկտեմբերի 2-ին, նրան կապ են տվել և ասել, որ պետք է գնա գնդի շտաբի պետի վարորդը լինի: Առավոտից մինչև ուշ գիշեր անընդհատ մի տեղից մյուս տեղ են գնացել, եղել է նաև, որ այլ զորամասերից սպառազինության օգնություն են բերել:
«Ամբողջ ընթացքում պայթյուններ էինք լսում, բարեբախտաբար, մենք խուսափում էինք այդ հարվածներից։ Արդեն սովորել էինք այդ վիճակին, կարծես զոմբիացած վիճակում լինեինք, այն վիճակում էինք, որ անհանգստանում էինք, երբ պայթյուն չէր լինում:
Զինակից մյուս ընկերը՝ Համլետ Հունանյանը, զրույցի ընթացքում, երբ դեռ առաջին, երկրորդ օրն է եղել պատերազմի, ասել է` եթե 3-4 օր էլ տևի այդ ամենը, ապա շատերը կարող են հոգեկան ծանր ապրումներ ունենալ։ Նրանք չեն էլ պատկերացրել, որ կարող է 44 օր շարունակվել։
Կատակները ինչ-որ չափով նրանց ուժ են տվել:
«Կատակներ շատ ենք արել, կարծես փրկություն լինեին մեր հումորներն այդ օրերին, ուժ էին տալիս։ Տրամադրությունը փորձում էինք հնարավորինս բարձր պահել, չընկճվել։ Օրինակ ասում էինք՝ «Ով մահանա՝ լավ տղա չի» (ծիծաղում է – հեղ․): Մի բան էլ պատմեմ, առաջին օրերին ոչինչ չէինք կերել և մի օր դիտակետերից մեկի մոտ էինք, «պրյանիկներ» կային, թաքուն վերցրի, բերեցի տղաների և ինձ համար, տվեցի Էդգարին, Համլետին, մեր հրամանատարին, մեկն էլ Նիազյան Արմանին, նա էլ էր հակատանկիստ»,- պատմում է Դիման։
Ասում է, որ գերի ընկնելու մասին չեն էլ մտածել, ցանկություն էլ չի եղել, բայց եթե նման բան լիներ, վստահեցնում է, որ այնպես կաներ, որպեսզի մինչ այդ թշնամու զորքից հնարավորինս շատ զինծառայող ոչնչացներ, ինչից հետո ինքն իրեն կպայթեցներ:
Պատերազմի դասերը․․․
«Պատերազմը սովորեցրել է երբեք չհուսահատվել, հավատալ սեփական ուժերին, միշտ առաջ նայել և գնալ դժվարությանն ընդառաջ։ Առօրյա խնդիրներն արդեն շատ փոքր են թվում այդ ամենը տեսնելուց հետո»,- անկեղծանում է Դիման և հավելում, որ պատերազմից հետո ծառայության մեջ նույնպես շատ հարցերի սկսում ես այլ կերպ նայել։
Ասում է՝ վերաարժևորել է կյանքը։