Նեպալի կողմից մեկ օրում Էվերեստ է բարձրացել ռեկորդային թվով լեռնագնաց
Նեպալի արշավախմբային օպերատորների ասոցիացիայի գլխավոր քարտուղար Ռիշի Բհանդարին մայիսի 21-ին հայտարարել է, որ մեկ օրում Էվերեստ լեռ է բարձրացել ռեկորդային թվով՝ 274 լեռնագնաց։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
«Սա մինչ օրս մեկ օրվա ընթացքում Էվերեստ բարձրացած լեռնագնացների ամենամեծ թիվն է», – հայտնել է Բհանդարին՝ հավելելով, որ թիվը կարող է աճել, քանի որ գագաթը հասած որոշ լեռնագնացներ, հնարավոր է, դեռ չեն տեղեկացրել բազային ճամբարին դրա մասին։
Նեպալի կողմից սարը բարձրանալու նախորդ ամենամեծ ցուցանիշը եղել է 2019 թվականի մայիսի 22-ին, երբ աշխարհի ամենաբարձր լեռնագագաթի կատարը նվաճել է 223 լեռնագնաց։
Նեպալն այս տարի Էվերեստ բարձրանալու 494 թույլտվություն է տվել, որոնցից յուրաքանչյուրի արժեքը կազմել է 15000 դոլար։
8849 մետր բարձրությամբ Էվերեստը գտնվում է Նեպալի և Չինաստանի Տիբեթ շրջանի սահմանին։ Լեռը հնարավոր է բարձրանալ երկու կողմերից էլ։
Կան տեղեկություններ, որ այս տարի Չինաստանը թույլտվություն չի տվել տիբեթյան կողմից լեռնագնացության համար։



