Բաժիններ՝

Նախկին վարչապետը ներկա վարչապետին կոչ է անում` հրաժարվել բարբարոսական մեթոդից

ՀՀ նախկին վարչապետ, Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը` ելույթ ունենալով «Ազգային տնտեսության մրցունակության բարձրացման հիմնախնդիրները» թեմայով 22-րդ գիտական նստաշրջանում, վարչապետ Տիգրան Սարգսյանին կոչ է արել վերացնել սահմանի վրա ԱԱՀ գանձելու պրակտիկան։

Ինչպես նշում է news.am-ը, Ա. Դարբինյանն ասել է, որ հարկային համակարգը մնացել է հնադարյան մակարդակի վրա, միտված է ամեն գնով դրամահավաքի գործին: Քննարկումներին ներկա է եղել նաև վարչապետ Տիգրան Սարգսյանը, և Ա. Դարբինյանն իր կոչն ուղղել է անձամբ նրան:

Ներմուծվող ապրանքների ԱԱՀ գանձելը սահմանի վրա միշտ էլ հարուցել է գործարարների դժգոհությունը, սակայն հարցը լուրջ քննարկման առարկա երբևէ չի դարձել։ Խոսքն, իհարկե, այն ապրանքների մասին է, որոնք ներմուծվում են՝ վերավաճառելու նպատակով։

Փաստորեն, պետությունը հիմա գերզգուշավոր քաղաքականություն է վարում՝ «գլխանց» հավաքում է իրեն հասանելիքը։ Իսկ հետո՝ արդեն ներքին շուկայում վաճառքի արդյունքում առաջացած ԱԱՀ-ից հանում է այդ «գլխանց»՝ սահմանի վրա գանձված ԱԱՀ-ն։

Պետական բյուջեի եկամուտների ապահովման տեսանկյունից դա միգուցե ճիշտ է, սակայն բիզնեսի համար դա լուրջ կորուստ է։ Այսինքն՝ գործարարը, մինչև ապրանքի վաճառքը, իր շրջանառու միջոցների 20%-ը «քնեցնում» է պետական գանձարանում՝ երկար ժամանակով։ Այլ կերպ ասած՝ առանց տոկոսի պարտք է տալիս պետությանը, այն ռիսկի տակ, որ իր ներմուծված ապրանքը, հնարավոր է, անգամ չվաճառվի։

Դրա համար էլ Արմեն Դարբինյանը հարկահավաքման այդ մեթոդն անվանում է «բարբարոսական»։

«Արդեն 15-րդ տարին է` չենք կարողանում հրաժարվել մաքսատներում բիզնեսը ավելացված արժեքի հարկով հարկելուց: Այս իր բնույթով բարբարոսական մեթոդն ընդունվել է կիրառման այն ժամանակ, երբ աշխատավարձի գծով բյուջետային պարտքերը գերազանցում էին 9 ամիսը, և ձեր խոնարհ ծառան դրա հեղինակն է: Պարոն վարչապետ, առաջարկում եմ, որպեսզի դուք լինեք այն վարչապետը, որն, այնուամենայնիվ, կտեղափոխի ավելացված արժեքի հարկի հարկումը դեպի ռեալ տնտեսություն, դրանով իսկ մեծագույն նպաստ կբերի բիզնեսի զարգացմանը»,-  ըստ news.am-ի՝ ասել է Ա. Դարբինյանը:

Նշենք նաև, որ այժմ էլ որոշ արտոնյալ ընկերություններ ԱԱՀ-ն վճարում են ոչ թե սահմանի վրա, այլ վաճառքից հետո։ Դրանց թվում է, օրինակ, «ՀայՌուսգազարդը»։  Սահմանի վրա գանձման մեթոդը վերացնելը մի կողմից՝ կարող է ռիսկեր ստեղծել հարկահավաքման համար, սակայն, ինչպես նշեցինք, կխթանի գործարար ակտիվությունը և էապես կնվազեցնի կոռուպցիոն ռիսկերը մաքսային համակարգում։

Սա իրոք կարելի է անվանել «արմատական բարեփոխում», որոնց իրականացման մասին խոսում էր վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ բյուջեն քննարկելիս։ Այնպես որ, սա, թերևս, լավ առիթ է՝ ապացուցելու, որ բարեփոխումները երբեմն հայտարարություններից այն կողմ էլ են անցնում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս