«Մի շարք պատգամավորներ մոռանում են, որ իրենք ունեն մականուններ, որը հարիր չէ որևէ մարդու». Գեղամ Մանուկյան
Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով երթի ժամանակ ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը պնդեց՝ ԱԺ որոշ պատգամավորներ մոռացել են, որ իրենք ժողովրդի ընտրյալն են, և երեկ օրենսդիրի առջև խաղաղ ակցիայի ժամանակ ճնշում են գործադրել քաղաքացիների նկատմամբ:
«Երեկ ԱԺ շրջակայքում քաղաքացիների օրինական բողոքի գործողությունների ժամանակ եղան առանձին պատգամավորներ, որ մոռացան, որ իրենք ժողովրդի կողմից ընտրյալ են, մոռացան, որ ժողովրդի ներկայացուցիչ են, ու վերադարձան իրենց խուլիգանական ակունքներին՝ խուլիգանի պես պահելով քաղաքացիների նկատմամբ, հետո միանգամից սկսեցին ասել, թե գիտե՞ք՝ ճնշումներ են գործադրվում, գիտե՞ք՝ բռնություն է գործադրվում, մոռանալով, որ իրենք են խուլիգանը, որ իրենք են իրենց խուլիգանի պես պահել, մոռանալով, որ նրանք ԱԺ պատգամավոր են»,- ասաց Մանուկյանը:
Անդրադառնալով երեկ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի՝ ԱԺ ամբիոնից արած այն հայտարարություններին, թե «դավաճանը նրանք են, ովքեր 20-30 տարի երկիրը թալանել են, երկաթբետոնե պարիսպներ են սարքել, ու այդ ընթացքում՝ հողից ու փայտից դիրքեր», ասաց.
«Շատերը մոռանում են իրենց անցյալը, մոռանում են, թե ովքեր են եղել, ինչ են եղել, և հիմա խորհրդարանի ամբիոնից պոռոտախոսությամբ են զբաղվում, մոռանում են, որ իրենք ունեն մականուններ, որը հարիր չէ որևէ մարդու: Մոռանում են, որ ամբողջ հասարակությունը գիտի, թե ինչպիսի ցոփ կյանքով են ապրում, թե ինչպես են 2.5 տարում խրվել կոռուպցիայի մեջ: Այդպիսի պատգամավորներից մեկը՝ անունը Հայկ Սարգսյան է, բայց հայ հանրությունն ավելի շատ նրան ճանաչում է՝ որպես «շիշ բռնող», իհարկե, հանրության երիտասարդ սերունդն է, որ նրան ճանաչում է՝ որպես շիշ բռնող, քանի որ ավելի տարեց սերունդը հիշում է, թե ինչպես էր կոռուպցիան վխտում Հայաստանի կենսաթոշակային համակարգում, ինչպես էին միլիոններ անհետանում, ինչպես էին մեռած հոգիները թոշակ ստանում մեր երկրում: Պոռոտախոս այդ պատգամավորը մոռանում է, որ այդպիսի անցյալ ունեցող մեկն է, ու բոլորին է մեղադրում, բայց դա պետք է հիշի, որ հիշողությունը մեր երկրում կարճ չէ, և ամեն մեկը պատասխան պետք է տա իր խոսքերի համար»,- ասաց Գեղամ Մանուկյանն ու ավելացրեց, որ իրենց գլխավոր պահանջը մնում է նույնը՝ Նիկոլ Փաշինյանի հեռացումը:
«Առանց Նիկոլ Հայաստան»,- վանկարկեցին երթի մասնակիցները:
Հիշեցնենք, որ Հայկ Սարգսյանը Զարեհ Սարգսյանի որդին է, ով եղել է Սոցիալական ապահովության նախարար: