Կարլ Մարքսի և սատանայի հարաբերությունները
19-րդ դարը մարդկությանն ընծայեց մի շարք մեծ և երևելի մարդկանց, որոնք պատմության մեջ թողեցին իրենց ուրույն հետքն ու իրենցով նոր ժամանակաշրջանի և հասարակարգի սկիզբը դրեցին։ Այդ մարդկանց թվին է պատկանում գերմանացի փիլիսոփա Կարլ Մարքսը։ Թերևս, Մարքսն իր կերպարով և աշխատություններով նոր էջ բացեց մարդկության պատմության մեջ։ 1867 թվականին Համբուրգում լույս տեսած իր «Կապիտալ» աշխատությունը հասարակության գիտակցության և տնտեսական կյանքի ուրույն վերլուծություն էր, որում Մարքսը նշում է, որ նյութական արտադրությունը հասարակության զարգացման պատմական գործընթացում որոշիչ տեղ կարող է ունենալ։
Մարքսի աշխատությունները հիմք հանդիսացան, որպեսզի 1917 թվականին Ռուսաստանում տեղի ունեցած հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Վլադիմիր Լենինն այդ աշխատությունները կամ Մարքսիզմը մշակի և ծառայեցնի կոմունիստական ամբողջատիրության համար։ Մարքսի և նրա աշխատությունների, փիլիսոփայական հայացքների մասին կարելի է երկար խոսել, սակայն առավել կարևոր դետալներ կան թաքնված մեծ գերմանացու կենսագրության մեջ։
Այդ կենսագրական տեղեկությունները մեկտեղ միավորելուց հետո կարելի է որպես վերնագիր նշել նաև այսպես` «Կարլ Մարքսը և սատանան»։ Հատկապես այն դեպքում, որ նմանատիպ վերնագիր ունի նաև Ռիչարդ Վուրմբրանդի աշխատությունը, որում ներկայացված են Մարքսի կենսագրությունից հետաքրքիր փաստեր, որոնցում երևում է, որ գերմանացի փիլիսոփան ինչ-որ պահից Աստվածային աշխարհից անցում է կատարում դեպի սատանայական իրականություն։
Դեռ երիտասարդության տարիներին Կարլ Մարքսը հավատում էր Աստծուն և Քրիստոսին։ Այդ հավատն ապացուցող դետալներ մենք տեսնում ենք իր երիտասարդ տարիքում գրված ստեղծագործություններում. «Միայն Քրիստոսի հանդեպ սերն ու միաբանությունը կարող է մեզ ներքին վեհություն պարգևել», «Սիրով լեցուն մեր սրտերը նվիրենք Հիսուսին ու նաև մեր եղբայրներին, որոնց հետ մենք սերտորեն կապված ենք, և որոնց համար Նա, նվիրաբերելով Իրեն, նահատակվեց»։ (Հատված` Ռիչարդ Վուրմբրանդի «Մարքսը և սատանան» գրքից։ Երևան, 1994 թվական, էջ 6)։ Քրիստոնեական հայացքների գոյությունն ապացուցող գործեր և խոհեր մենք հիմնականում տեսնում ենք Մարքսի դպրոցական տարիներին արված գրվածքներում։ Սակայն ուսանողական տարիներին Մարքսի մոտ տեղի է ունենում գաղափարական փոփոխություն։ Երբեմնի քրիստոնյա գերմանացին սկսում է իր գրվածքներում խոսել Աստծո դեմ։ Սակայն դրանք լոկ քննադատական խոսքեր չեն, այլ հստակ ցասում Աստծո դեմ։ Մարքսն իր պոեմներում հստակ ընդգծում է իր ատելությունն Աստծո դեմ։ Նա ցանկանում է քանդել Աստվածայինն ու կառուցել իրենը.
«Հաղթական ու հպարտ կքայլեմ ես այնժամ Աստծո պես
Նրանց թագավորության ավերակների միջով,
Խոսքերն իմ կրակ են ու զարկ,
Լայնալանջ ու հզոր եմ ես Աստծո պես»։ (Նույն տեղում` էջ 8):
Եվ կամաց-կամաց տեսնում ենք, որ Մարքսի հետագա գործերում գերմանացու շուրթերով սկսում է խոսել սատանան։ Մասնավորապես նա հավերժությանը անվանում է մարդկային ցավ ու տառապանք, և ցանկանում է աշխարհի զորեղ ու կործանարար ուժին միանալ։ Կան ենթադրություններ, որ հենց այս շրջանում է Մարքսն անդամակցել «Սատանայի եկեղեցի» գաղտնի կազմակերպությանը և մասնակցել այդ եկեղեցու ծիսակատարություններին և արարողություններին։ Այդ շրջանում է, որ Մարքսը իր հիացմունքն է արտահայտում Մարքիզ դը Սադի և Հայնրիխ Հայնեի նկատմամբ։ Առաջինն իր մի շարք գրվածքներում Մարքսի նման ցանկանում է ավերել Աստվածայինը, իսկ երկրորդն ուղղակի համակրում էր սատանային և դա արտահայտում իր գործերում։ Քանի որ սատանայական եկեղեցուն անդամագրվելը և ծեսերին մասնակցելը գաղտնի էր, այնուամենայնիվ Մարքսի ու սատանայի միջև կապի մասին մենք տեղեկանում ենք գերմանացու գրվածքներից և նամակներում իր ակնարկներից։
Այդ մասին ակնարկներ կան նաև Մարքսի և իր հոր նամակագրություններից։ Կարլ Մարքսի դուստրերից Էլեոնորայի ամուսինը ևս սատանայի կողմնակից էր։ Էդվարդ Ավելինգն ու Էլեոնորան ամուսնացել էին Մարքսի համաձայնությամբ։ Էլեոնորայի ամուսինը դասախոսություններ էր կարդում և գրում գեղարվեստական ստեղծագործություններ Աստծո այլասերվածության թեմաներով։ Այս բոլոր փաստերին կարելի է գումարել նաև Վուրմբրանդի գրքում ներկայացված ևս մեկ կարևոր փաստ. «1854 թվականի մարտի 31-ին, Էդգարի` Մարքսի որդու հորն ուղղված նամակը սկսվում է այսպիսի ապշեցուցիչ բառերով. «Իմ սիրելի սատանա»։ Լսվա՞ծ բան է, որ որդին հորը դիմի այս կերպ, մինչդեռ այսպես են դիմում սատանայապաշտներն իրենց շատ սիրելիներին։ Գուցե որդին նույնպես ձեռնադրված անդամներից է եղել»։ (Նույն տեղում` էջ 36)։
Պետք է ընդգծել, որ 19-20-րդ դարերում ապրած եզակի անհատներից միայն Մարքսի կենսագրության մեջ չէ, որ տեսնում ենք նմանատիպ` սատանայականը գովերգող դետալներ։ Նմանատիպ էջեր կան նաև Լենինի, Հիտլերի և այլոց կենսագրության մեջ ևս։ Այս ամենի հետ մեկտեղ՝ պետք է նաև ընդգծել, որ նրանք անհատներ էին, ովքեր փոխեցին մարդկության պատմության ընթացքը։
Զ. Շուշեցի