«Նրանք ծափահարում են մի մարդու, որը մեղավորն է 5000 անմեղ զոհի, 10 հազար խեղված ճակատագրերի». Զոհվածի հայր

Մատաղիսում զոհված Լևոն Ավետիսյանի հայրը՝ Միսակ Ավետիսյանը, մասնակցում է ընդդիմության հանրահավաք-երթին՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։

Դիմելով հանրահավաքի մասնակիցներին՝ Միսակ Ավետիսյանը նախ խոնարհվեց հանուն հայրենիքի զոհված զինվորների հիշատակի առջև, այնուհետև անդրադարձավ այսօրվա վարչապետի սգո երթին։

«Տեսա՞ք ինչպես դիմավորեց նրան մասսան՝ ծափահարություններով։ Նրանք ծափահարում են մի մարդու, որը մեղավորն է 5 հազար անմեղ զոհի, 10 հազար խեղված ճակատագրերի, ով մեղավոր է այսօրվա համար՝ նրան ծափահարում են, նրանք նույնիսկ չգիտեն, թե ո՞ւր են հավաքվել, ինչո՞ւ են հավաքվել և ո՞ւր են գնում։ Եկեք այսօրվանից մի կողմ դնենք մերոնք-ձերոնք, սևեր-սպիտակներ, մի կողմ դնենք նիկոլական-սերժական, այդ բառերը մեզ ազգին բերեցին այսօրվան, պառակտեցին, բռունցքը բացեցին թշնամու առաջ»,- ասաց Միսակ Ավետիսյանը։

Նա կոչով դիմեց զոհված զինծառայողների այն ծնողներին, որոնք մինչև այսօր հավատում են Նիկոլ Փաշինյանին։

«Ես որդեկորույս հայր եմ, և որդեկորույս ծնողները այսպես շիտակ պետք է կանգնեն, ամուր ոտքի վրա։ Մարդիկ իրենց ստատուսներում գրում են, թե դժվար ինքը զոհվածի ծնող լինի, մի տեսեք ոնց է խոսում, ոնց է կանգնել։ Առաջին անգամ թշնամին տեսավ մեր թիկունքը՝ շնորհիվ մեկ մարդու, ով նահանջի հրաման արձակեց։ Վերջին զինվորն եմ եղել, երբ դուրս եմ եկել խրամատից։ Հիմա կասի՝ այդ հրամանը չեմ տվել, չգիտեմ ով է տվել, իսկ ո՞վ է գերագույն գլխավոր հրամանատարը։ Մեր բռունցքը օդում է և օդում կմնա այնքան ժամանակ, մինչև հրաժարականից հետո կկալանավորվի մեր հպարտ ազգին այս օրը բերած այն մարդը, ով մինչև այսօր չի հասկանում, թե ինչ է արել»,- եզրափակեց նա։

Տեսանյութեր

Լրահոս