«Ավելի լավ է՝ Նիկոլն ընտրի արդար դատարանը, քան ենթարկվի ժողովրդի դատին». Գագիկ Համբարձումյան
Ազատամարտիկ Գագիկ Համբարձումյանն այսօր պահեստազորի մի խումբ սպաների հետ Եռաբլուրում է, որպեսզի թույլ չտա, որ Նիկոլ Փաշինյանը մուտք գործի Եռաբլուր։ Հավաքվածների կարծիքով՝ պատերազմում պարտության և 5 հազարից ավելի զոհերի պատճառը Նիկոլ Փաշինյանն է։
«Այդ դավաճանի ոտքը որևէ կերպ մեր սրբատեղի թույլ չենք տա մտնի։ Թույլ չտալը մի տեսակ է լինում՝ թույլ չտալ, կանգնելու ենք և թույլ չենք տալու, որ նա անցնի։ Եթե համարձակությունները կների, թող փորձեն ուժ կամ բռնություն գործադրեն՝ կստանան համարժեք պատասխան»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ այս ամենի համար ինքը մեղավոր չէ, սակայն պատասխանատու է, Գագիկ Համբարձումյանն ասաց, որ իրավաբան պետք չէ լինել՝ այդ ամենին գնահատական տալու համար։
«Սա իրեն բնորոշ բացառիկ ցինիզմով կռուտիտ լինել է, ո՞նց թե պատասխանատուն ես եմ, մեղավորը ես չեմ, իսկ պատասխանատու բառի արմատն ինչի՞ց է, պատասխան տալուց է։ Թող պաշտոնից հեռանա, ավելի ճիշտ՝ վռնդվի ու թույլ տա մնացածը որոշեն՝ ինչ անեն ու ոնց անեն»,- հավելեց նա։
Գագիկ Համբարձումյանը նաև ընդգծեց, որ Նիկոլ Փաշինյանը հեռացվելու է պաշտոնից, դրանից հետո, ինչպես օրինական, իրավական բոլոր պետություններում է՝ քրեական դատավարությամբ նախատեսված ընթացակարգով է անցնելու։
«Կարծում եմ՝ իր համար ավելի լավ է՝ ենթարկվի օրենքի, իրավունքի դատաստանին, քան ժողովրդի դատաստանին։ Օրենքով նախատեսված է լինելու պատիժը՝ 209, 304 հոդվածներ, սահմանադրական կարգի տապալում, բյուջեի թալան և այլն»,- շեշտեց նա։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում