Հայաստանն ու Ադրբեջանը մեկնաբանությունների պատերազմ են սկսել. Коммерсантъ-ի անդրադարձը Հադրութի շրջանում տեղի ունեցած վերջին սրմանը

Ռուսական Коммерсантъ պարբերականը հոդված է հրապարակել, որում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին, մասնավորապես` Հադրութի շրջանում տեղի ունեցած վերջին սրմանը:

Ըստ հոդվածագիր Կիրիլ Կրիվոշեևի՝ հակամարտության կողմերը տարբեր կերպ են մեկնաբանում նոյեմբերի 10-ին Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ստորագրված հայտարարությունը: Բաքուն համոզված է, որ հայկական զորքերը պետք է լքեն Լեռնային Ղարաբաղի ամբողջ տարածքը, իսկ Երևանում այն կարծիքին են, որ դա վերաբերում է միայն շրջակա տարածքներին:

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը կրկին թարմացրել է Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ առաքելության քարտեզը՝ փաստորեն վերադարձնելով այն իր նախկին տեսքին: Եթե մինչև դեկտեմբերի 13-ը քարտեզի վրա Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերը, ինչպես նաև այնտեղ տանող ճանապարհը ներառված էին խաղաղապահների վերահսկողության տակ գտնվող գոտում, ապա դեկտեմբերի 14-ի լրամշակված տարբերակում այդ տարածքները փոխանցված են Ադրբեջանի վերահսկողությանը: Ավելին, «Խորհրդանիշներ» բաժնում հայտնվել է մի գիծ, որով հստակեցվում է խաղաղապահ առաքելության տարածքը: Այն նշված է որպես «Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի»: Այս նորամուծությունը կարող է նշանակել, որ խաղաղապահները իրավունք չունեն ընդլայնել իրենց ազդեցությունն այս գծից այն կողմ:

Նշվում է, որ դեկտեմբերի 11-12-ին այս երկու գյուղերում վերսկսված մարտական գործողությունները բերել են առաջին լուրջ քննադատությանը ռուս խաղաղապահների հասցեին, ընդ որում, այդ քննադատությունը արվում էր հակամարտող երկու կողմերից:

Նախ Նիկոլ Փաշինյանն էր նշել, որ ռուս խաղաղապահների հենակետը դեռևս մինչև իրավիճակի սրումը պետք է այնտեղ լիներ: Իսկ երբ երկու գյուղերի տարածքում, այնուամենայնիվ, հայտնվեց խաղաղապահ զորախումբ, արդեն Բաքվից էին լսվում քննադատական հայտարարություններ, ճիշտ է, ավելի ցածր՝ խորհրդարանական մակարդակում:

«Ռուս խաղաղապահների ներկայացրած նոր քարտեզը բոլորովին անհասկանալի է», – իր ֆեյսբուքյան էջում գրել էր Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակ Ադիլ Ալիևը ՝ անդրադառնալով այն տարբերակին, ըստ որի՝ Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերը գտնվում էին ռուսական զորքերի վերահսկողության տակ:

Իր հերթին, ադրբեջանցի քաղաքագետ Ֆարհադ Մամմադովը նշել է, իբր «հայերի հեռանալը այդ տարածքից պետք է անցկացվեր ռուս խաղաղապահների զորախմբի տեղակայմանը զուգահեռ»:

Երևանում և Ստեփանակերտում եռակողմ հայտարարության տեքստն այլ կերպ է մեկնաբանվում: Հայաստանի պաշտոնյաները հրաժարվել են բաց մեկնաբանել այս թեման, բայց անանունության պայմանով զրույցներում նրանք հասկացրել են, որ, իրենց կարծիքով, համաձայնագրի չորրորդ կետը վերաբերում է միայն Քարվաճառի, Աղդամի և Լաչինի շրջաններին, որոնք Ադրբեջանին են փոխանցվել մինչև դեկտեմբերի 1-ը: Ինչ վերաբերում է Ղարաբաղի մնացած տարածքին, որը խորհրդային տարիներին մաս էր կազմում Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի, այնտեղ, ըստ Коммерсантъ-ի հայ զրուցակիցների, պետք է կյանքի կոչվի պայմանագրի մեկ այլ կետ` առաջինը: Դրանում ասվում է, որ նոյեմբերի 10-ի կեսգիշերին ամբողջական հրադադարից հետո «Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց դիրքերում»: Ուստի Հադրութի մերձակայքում գտնվող գյուղերը նույնպես պետք է մնան հայկական զորքերի ու աշխարհազորայինների հսկողության ներքո:

Իր հերթին, Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Լեյլա Աբդուլաևան նշել է, իբր «հայերը պետք է ամբողջովին դուրս գան Լեռնային Ղարաբաղի տարածքից»:

Միևնույն ժամանակ, ռուս խաղաղապահների վերջնական որոշումը`լքել Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերը և վերադառնալ նախկին պատասխանատվության սահմաններին, կարող է բացասաբար ընկալվել Երևանում:

Ըստ քաղաքագետ Վիգեն Հակոբյանի, երկրի իշխանությունների վերաբերմունքը նման որոշմանը կախված է նրանից, թե որքանով էր դա անսպասելի:

«Եթե դա նրանց համար տհաճ անակնկալ էր, ապա դա մի տարբերակ է: Իսկ եթե դա գաղտնի պայմանավորվածություն էր, օրինակ ՝ գերիների փոխանակման ընդհանուր փաթեթում (այն տեղի է ունեցել դեկտեմբերի 14-ի երեկոյան. Ադրբեջանը ստացել է 14, իսկ Հայաստանը ՝ 44 մարդ), ապա հարաբերությունների վրա ազդեցություն չի լինի:

Սակայն, ինչպես ավելացրել է Հակոբյանը, «Հայաստանի իշխանություններն այժմ ի վիճակի չեն փոխել իրենց վերաբերմունքը ռուս խաղաղապահների նկատմամբ»: Ակնհայտ է, որ Коммерсантъ-ի զրուցակիցը նկատի ուներ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ դժգոհության աճող ալիքը:

Տեսանյութեր

Լրահոս