Նիկոլ Փաշինյանը փոխադրում է Ալիևից ստացածը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շարունակում է վիրավորել, ծաղրել ու նվաստացնել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Անպատասխան։ Ի պատասխան Ալիևի նվաստացումների՝ Նիկոլ Փաշինյանը լռում է, լռում է աղմուկով՝ թշնամուց ստացված նվաստացումը փոխանցելով սեփական երկրին ու հասարակությանը։ Ալիևի ամեն վիավորանքից հետո Փաշինյանի լռությունն ավելի աղմկոտ է դառնում՝ խեղելով հայ հասարակության առանց այդ էլ խեղված հոգիները։

Նիկոլ Փաշինյանը շարունակում է նվաստացվել Ալիևի կողմից, իսկ հայ հասարակությունը նվաստանում է Նիկոլ Փաշինյանի շնորհիվ պետության չգոյության  պայմաններում նորանոր տարածքների ու գերիների հանձնումից։ Հնարավոր է՝ դա բավարարում է Նիկոլ Փաշինյանի ենթագիտակցական պահանջմունքները՝ նվաստանալով թշնամական երկրի ղեկավարի կողմից՝ նա իր գոյությամբ նվաստացնում է մի ամբողջ ժողովրդի։ Հոգեբանության մեջ դա կոչվում է փոխադրում (displacement), երբ որևէ մեկի կողմից նվաստացվողը կամ վիրավորվողն ինքն է նվաստացնում այլոց՝ այդպիսով մեղմացնելով իր հոգեկան տրավման։ Հենց դա ենք մենք տեսնում ներկայումս ամեն օր՝ Նիկոլ Փաշինյանը նվաստանում է Ալիևի կողմից, ինքը, սակայն, նվաստացնում է հայ ժողովրդին։ Գուցե դա ևս ունի ենթագիտակցական բացատարություն․ Նիկոլ Փաշինյանը դեռևս շարունակում է մտածել, որ ինքը «ժողովրդի վարչապետն է», իսկ դա նշանակում է, որ ժողովուրդն ու ինքը պետք է ունենան նույն՝ նվաստի հոգեվիճակը։

Ալիևը շարունակելու է ծաղրել ու նվաստացնել Նիկոլ Փաշինյանին։ Բացառված չէ, որ դա անգամ ինչ-որ պայմանավորվածության արդյունք է։ Բայց անկախ Ալիևի՝ նվաստացնելու ու Փաշինյանի՝ նվաստանալու իրական դրդապատճառներից, ակնհայտ է, որ այդ փոխադրման՝ սեփական նվաստացումը հանրության վրա տարածելու մղումը շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը զբաղեցնում է Հայաստանի վարչապետի պաշտոնը։

Հանուն արդարության պետք է նշել, որ հասարակությունը դեռևս առանձնապես չի ընդվզում իրեն նվաստացնելու բազմակի ակտերից։ Գուցե նաև այն պատճառով, որ նվաստանալու գիտակցումը պահանջում է համեմատաբար բարձր անհատական ու հանրային որակներ, որոնցից մեր հասարակությունը մեթոդաբար զրկվել է վաղնջական ժամանակներից, երբ ատելությունն ու մաղձը, այսինքն՝ ստորին մակարդակի բնազդները դարձել են նույն անհատական ու հանրային վարքագծի հիմնական մոտիվատորներ։ Դա հրաշալի գիտակցում և օգտագործում է Նիկոլ Փաշինյանը, ով հասկացել է, որ կարելի է «սիրելով ու խոնարհվելով» նվաստացնել մի ամբողջ ազգի՝ նրան փոխանցելով կիրթ բարեկամի նվաստացումները, որոնք անպատասխան թողնելու համար նա կարող է ինչ-ինչ օգուտներ ստանալ։ Կանխիկ կամ փոխանցումով։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս