ՀՅԴ Բյուրոն դատապարտում է Ադրբեջանի եւ Թուրքիայի հայտարարությունները եւ հրավիրում միջազգային հանրության ուշադրությունը
Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոն խստորեն դատապարտում է Ադրբեջանի եւ Թուրքիայի ղեկավարների հայտարարությունները եւ հրավիրում միջազգային հանրության ուշադրությունը։ Այս մասին հայտարարություն է տարածել Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոն։
Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է.
«Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոն խստորեն դատապարտում է Ադրբեջանի եւ Թուրքիայի ղեկավարների հայտարարությունները եւ հրավիրում միջազգային հանրության ուշադրությունը
2020 թվականի դեկտեմբերի 10-ին Բաքվում անցկացված զինվորական շքերթի ժամանակ Թուրքիայի եւ Ադրբեջանի ղեկավարներն իրենց թույլ են տվել ատելության խոսք պարունակող, հայապատկան տարածքներում հայ ժողովրդի ֆիզիկական գոյությանը սպառնացող, Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դնող հայտարարություններ։ Ադրբեջանի ղեկավարը չի խորշել հերթական անգամ Սյունիքը, Գեղարքունիքն ու մայրաքաղաք Երեւանը համարել որպես ադրբեջանապատկան տարածքներ։ Ավելին, իր հերթին Թուրքիայի ղեկավարը, վկայակոչելով Էնվեր փաշային, ըստ էության հերթական անդամ իրեն դիտում է որպես հայության մեծագույն դահիճներից մեկի գործի շարունակող։
Բաքվի կենտրոնական հրապարակում արված հայտարարությունների բնույթը նաեւ վկայում է այն մասին, որ թուրք-ադրբեջանական տանդեմի՝ Արցախի նկատմամբ սանձազերծած ագրեսիան եւ դրա արդյունքում հայկական բնակավայրերի օկուպացիան ոչ միայն չեն զսպել այդ երկրների ախորժակը, այլ նաեւ հայապատկան տարածքների նկատմամբ նոր հավակնությունների են մղել։
Փաստորեն, նախորդ դարասկզբին հայության նկատմամբ մարդկության պատմության խոշորագույն ոճիրներից մեկն իրականացրած պետությունը նույնիսկ այսօր էլ սպառնում է հայության ֆիզիկական գոյությանն ու անկախ պետականությանը, իսկ Հայաստանի հարավի նկատմամբ հավակնություններն օրըստօրե դառնում են առավել առարկայական։ Ակնհայտ է նաեւ, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո Թուրքիան նոր թափով է շարունակում հարեւան բացառապես բոլոր տարածաշրջանները եւ հատկապես Հարավային Կովկասն ապակայունացնելու իր գործելաոճը՝ բացեիբաց հայտարարելով Հայաստանի հարավով Ադրբեջանին, ապա նաեւ Միջին Ասիայի թյուրքալեզու ժողովուրդներին միանալու իր վաղեմի նպատակի մասին։
Այս հաստատումներից հետեւում է, որ թուրք-ադրբեջանական տանդեմը մեր տարածաշրջանում անվտանգային համակարգի թիվ մեկ սպառնալիքն է, ինչը ակներեւ դրսեւորվեց վերջին պատերազմի ընթացքում ադրբեջանաթուրքական համատեղ ռազմարշավով եւ Թուրքիայի կողմից ջիհադական վարձկաններին տարածաշրջան փոխադրելով։
Հաշվի առնելով տարածաշրջանում թուրքական ռազմաքաղաքական գործոնի շարունակաբար ակտիվացումը, ջիհադական ծայրահեղականների տեղակայման միջոցով Հարավային Կովկասի առանձին հատվածների ժողովրդագրական եւ կրոնական նկարագրի փոփոխության փորձերը, որոնք հղի են տեւական ժամանակահատվածով տարածաշրջանում բացառել կայուն խաղաղությունը, ՀՅ Դաշնակցության Բյուրոն դիմում է միջազգային հանրությանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետություններին եւ գործընկեր միջազգային կազմակերպություններին՝ ամենայն ուշադրությամբ հետեւելու եւ կանխելու թուրքական ծավալապաշտական քաղաքականությունը։ Ցանկանում ենք հիշյալ զարգացումների վրա հրավիրել նաեւ ՌԴ ղեկավարության ուշադրությունը։ Ռուսաստանի Դաշնությունն, իբրեւ 1994 թվականի մայիսի 12-ի զինադադարի համաձայնագիրը եւ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը ստորագրող կողմ, առավել ընդգրկուն պատասխանատվություն է կրում տարածաշրջանային խաղաղության եւ կայունության համար։
Միաժամանակ հայտնում ենք, որ ՀՅ Դաշնակցությունը, անկախ ամոթալի պարտության պատճառ դարձած ՀՀ իշխանության հանդեպ դիրքորոշումից, իր համաշխարհային կառույցով եւ Հայ դատի միջազգային ցանցով, շարունակում է Հայաստանի արտաքին քաղաքական շահերի սպասարկման, մեր ժողովրդի անժամանցելի իրավունքների պաշտպանության աշխատանքները՝ հաճախ դիմակայելով ադրբեջանական եւ թուրքական համատեղ լոբբիստական ցանցի մարտահրավերներին։